«Երգ երգոցը» վերադառնում է Հանրայինի եթեր. Խորեն Լեւոնյանն ու Տիգրան Վիրաբյանը՝ հաղորդման նոր եթերաշրջանի ու երկամյա դադարի պատճառի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Երգ երգոցը» վերադառնում է Հանրայինի եթեր. Խորեն Լեւոնյանն ու Տիգրան Վիրաբյանը՝ հաղորդման նոր եթերաշրջանի ու երկամյա դադարի պատճառի մասին




Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջան է վերադառնում հեռուստադիտողի համար, թերեւս, ամենասպասված երաժշտական նախագծերից մեկը՝ «Երգ երգոցը», որն ավելի քան տասը տարվա եթերային հեռարձակումից հետո երկու տարի առաջ հայտարարել էր դադարի մասին: Այսպիսով, վաղվանից սկսած՝ ամեն կիրակի սիրված հաղորդաշարը կրկին կլինի Առաջին ալիքի եթերում, եւ այն հեռուստադիտողի համար շարունակելու է ներկայացնել Խորեն Լեւոնյանը:

Հաղորդման երկամյա դադարի ու նոր եթերաշրջանի ձեւաչափի մասին NEWS.am STYLE-ը զրուցել է Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի եւ նախագծի հաղորդավար Խորեն Լեւոնյանի հետ:

Երբ երկու տարի առաջ հայտարարվեց «Երգ երգոցի»՝ այլեւս եթեր չհեռարձակվելու լուրը, հեռուստադիտողի ափսոսանքն ակնհայտ էր: Ինչպես նշում է Տիգրան Վիրաբյանը, Հանրային հեռուստաընկերության շուրջ ցանկացած քննարկում եւս բերում էր տվյալ հարցին՝ ե՞րբ է կրկին եթերում լինելու «Երգ երգոցը».



Ըստ Վիրաբյանի՝ նախագծի նոր ձեւաչափն այն է´լ ավելի հետաքրքիր կդարձնի հեռուստադիտողի համար.

Երբ առաջին անգամ հայտարարվեց հաղորդման դադարի մասին, շատերը սկսեցին քննարկել, որ, միգուցե, պատճառը ինչ-որ կոնֆլիկտի մեջ էր, սակայն Խորեն Լեւոնյանը ասում է՝ նման բան երբեք չի եղել:

Դերասան-հաղորդավարը նշեց՝ երկու տարիների ընթացքը փոխել է նաեւ իրեն ու իր մտածելակերպը:

Ըստ Խորենի՝ որքան էլ զարմանալի թվա, կան շատ երգեր, որոնք դեռեւս չբացահայտված են, ու «Երգ երգոցը» փորձելու է դրանք եւս ներկայացնել իր հեռուստադիտողին:

Տարիներ առաջ եթեր հեռարձակվելով՝ «Երգ երգոցը» կարեւորեց ոչ միայն հայկական երաժշտությունը ներկայացնելը, այլեւ՝ երիտասարդներին կրթելը՝ նրանց համար բացահայտելով ազգային արժեքներ համարվող երգերը: Խորենը նկատեց, որ այդ տեսանկյունից էլ հաղորդումն իր առաքելությունը կատարել է.

««Երգ երգոցն» արդեն տասը տարուց ավել փորձում է այնպես անել, որ երիտասարդները իմանան իրենց երգերը, առաջնորդվեն դրանցով, ու կարծես, դա ստացվել է: Շատ հայտնի երգիչներ, երգչուհիներ իրենց համերգներին այսօր կատարում են հին երգերը՝ նոր մոտեցմանբ ու գործիքավորմամբ, եւ բոլոր երիտասարդներն այդ երգերն անգիր գիտեն ու լսում են: Այսինքն, այն սկիզբը, որը դրել է «Երգ երգոցը» արդեն, կարծես, տալիս է իր պտուղները: Ու կեցցեն բոլոր այդ արտիստները, որովհետեւ նրանք շատ մեծ գործ են անում»:

Անդրադառնալով հաղորդման երկարակեցությանը՝ Խորենը նշեց, որ այն իր դիրքերն ամրապնդել է ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար.

«Սկզբում մտադրություն ունեինք հնչեցնել երգեր, խոսել դրանց մասին, սակայն հետագայում ավելի խորացվեց աշխատանքը, ու հաղորդումն ավելի ճանաչողական դարձավ թե´ ինձ, թե´ հեռուստադիտողի համար: Հինն ու նորը միախառնելով՝ մենք փորձեցինք այն, ինչ ունենք, դարձնել ժամանակակից եւ ցույց տալ մարդկանց, որ մենք ունենք մերը: Մենք միշտ սիրում ենք օտարին գովել, օտարին լսել, օտարի պես խոսել ու հագնվել, բայց այդպես, որ լինի, մենք մեզանից մինչեւ վերջ կհեռանանք....»,-հավելեց հաղորդավարը: