2021 թ-ի «ամենահաղթած» պրոդյուսերը. Դավիթ Բադալյանը` Մալենայի ու Սարոյի հաղթանակների ու երգելը պրոդյուսինգով փոխարինելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

2021 թ-ի «ամենահաղթած» պրոդյուսերը. Դավիթ Բադալյանը` Մալենայի ու Սարոյի հաղթանակների ու երգելը պրոդյուսինգով փոխարինելու մասին




Երաժշտական պրոդյուսեր Դավիթ Բադալյանին, վստահաբար, կարելի է համարել 2021 թ-ի «ամենահաղթած» հայ պրոդյուսերը, քանի որ նրա գլխավորությամբ` միանգամից երկու արտիստ Հայաստանին բերեցին հեղինակավոր երաժշտական մրցույթների գավաթները. նախ` Սարոն հաղթեց «Նոր Ալիքում», եւ մինչ հայերս շարունակում էինք երջանիկ քննարկումներն այդ թեմայով, գրանցվեց եւս մեկ հաղթանակ` այս անգամ Մալենայի «մեղավորությամբ»` «Մանկական Եվրատեսիլ»-ում:

Իսկ ժամանակին Դավիթն ինքն էլ երգում էր, մասնակցում երաժշտական մրցույթների, մինչդեռ այժմ հանդես է գալիս հինականում` որպես պոդյուսեր եւ ավելի հայտնի է Tokionine կեղծանվամբ:

NEWS.am STYLE-ը Դավիթի հետ զրուցել է երգից պրդյուսինգին անցնելու, գրանցած հաջողությունների, ինչպես նաեւ` Մալենայի ու Սարոյի հետ կապված առաջիկա ծրագրերի մասին:

 
 Դավիթ, հաշվի առնելով անցած տարվա քո հաջողությունը` որպես պրոդյուսեր, արդեն կարո՞ղ ես վստահ ասել, որ գտել ես Եվրոպան «գրավելու գաղտնիքը:

Վստահ չեմ կարող ասել` ինչն է Եվրոպային դուր գալիս, ինչը` ոչ, բայց մի բան է հստակ` ամեն արտիստ ունի իր տեսակը, պարզապես պետք է գտնել ամեն մեկին ամենահարմար ու հետաքրքիր, իրեն սազող ոճը: Կարծում եմ` գաղտնիքը հենց ճիշտ ոճի, այսինքն` ֆեյք չլինելու մեջ է: Այն երգը, որով Մալենան բարձրացավ բեմ, լրիվ համապատասխանում էր նրա տեմբրին, կերպարին, դրա շնորհիվ էլ եղավ այն, ինչ եղավ:

Բացի Մալենայից եւ Սարոյից` էլ ո՞ր արտիստների հետ ես այս շրջանում աշխատում:

Այս շրջանում աշխատում եմ միայն Մալենայի հետ, նաեւ որպես մենեջեր, համապրոդյուսեր` օգնում եմ Սարոյին: Բայց նրա հետ մենք չունենք հիմնական պայմանագիր, իմ հիմնական գործունեությունը Մալենայի հետ է, եւ ողջ ժամանակս ուղղված է նրա կարիերայի զարգացմանը:



Ամեն դեպքում, կա՞ն ծրագրեր կրկին երգելու:

Կրկին երգելու ծրագրեր, գուցե, էլի լինեն, բայց դա չի լինի հիմնական նպատակով: Այդպիսի շատ օրինակներ կան աշխարհում, որոնցից մեկը Ֆարել Ուիլյամսն է, որը կարող է տարվա մեջ մեկ երգ ներկայացնել, բայց դա իրեն երգիչ չի դարձնում, նա շարունակում է մնալ պրոդյուսեր: Ինձ այդ ֆորմատը դուր է գալիս, ու կարծում եմ` այս տարվա մեջ, միգուցե, որեւէ մի երգ թողարկեմ:

Որպես երգիչ` ինքդ էլ մասնակցել ես «Դեպի Եվրատեսիլին», չես ընտրվել՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ, բայց «Մանկական Եվրատեսիլ»-ում հաջողել ես` որպես պրոդյուսեր եւ երգի համահեղինակ: Ի՞նչ ես կարծում` ինչո՞վ է պայմանավորված այն փաստը, որ վերջին շրջանի հաղթանակներդ պրոդյուսինգի ոլորտում են:

Ինչպես արտիստների վերաբերյալ նշեցի, որ յուրաքանչյուրն ունի իր տեսակը, այդպես էլ` ցանկացածն ունի իրեն հոգեհարազատ ոլորտը: Երեւի` պատճառն այն է, որ որպես պրոդյուսեր` ես կարողանում եմ կողքից տեսնել ամբողջական պատկերը, ու լավ գնահատելով ամեն ինչ` մշակել ճիշտ ծրագիր, որը կատարելով կարող ենք հասնել ինչ-որ արդյունքի: Բայց կարող եմ վստահ ասել, որ, հիմնականում, ոչ մի արտիստ ինքնուրույն չի կարող իր սեփական պրոդյուսինգով զբաղվել. դա շատ դժվար է, պետք է մեկը, որը կողքից կնայի, կհուշի ու կօգնի:

Ես փոքրուց երգել եմ, բայց միշտ ինձ առավել պատկերացրել եմ հենց ժամանցային աշխարհի մենեջմենթի ոլորտում, ուղղակի երգն այն է, ինչը ես միշտ սիրել ու սիրում եմ: Ես հասկացա, որ պետք է զբաղվեմ պրոդյուսինգով ու երգեր գրեմ արտիստների համար, երբ իմ երգը ես ավելի շատ հավանեցի այլ արտիստի կատարմամբ: Երբ դիմացինը քո գրածն ավելի լավ է երգում, պետք է մի կողմ դնես քո էգոն ու տաս հնարավորություն, որ մեկ ուրիշը կատարի քո երգը:



Երգիչ Դավիթ Բադալյանը «Եվրատեսիլ»-ի մասնակցի կարգավիճակում հնարավո՞ր է լինի:

Չեմ կարծում, որ երբեւիցե կմասնակցեմ «Եվրատեսիլ»-ին: «Դեպի Եվրատեսիլ»-ին ելույթ ունենալն ինձ համար փորձ էր, որից ես որոշակի դասեր քաղեցի, բայց չեմ կարծում, թե ես այն մարդն եմ, որը պետք է այդ մրցույթում ներկայանա՝ որպես արտիստ:

Դավիթ, ի՞նչ աշխատանքներ ես տանում Մալենայի ու Սարոյի հետ այս շրջանում:

Սարոյի հետ հիմա աշխատում ենք մի երգի շուրջ, որը, կարծում եմ, շուտով կլսեք, ու պարզ կլինի նաեւ նրա վերաբերյալ իմ տեսլականը, բայց մենք երկարատեւ աշխատանքի պայմանագիր չունենք, այսինքն` նա չի համարվում իմ արտիստը, մենք, պարզապես, լավ ընկերներ ենք:

Մալենայի հետ կապված շատ ծրագրեր կան` մի շարք առաջարկներ, կապեր, որոնք մենք ձեռք բերեցինք «Մանկական Եվրատեսիլ»-ից հետո, ու հիմա մենք ամփոփում ենք այդ ամենը, փորձում հասկանալ, թե որից սկսել, ընտրում հովանավորների եւ աջակիցների, որպեսզի կարողանանք ճիշտ ու գրագետ քայլեր ձեռնարկել, որպեսզի նա հաջողության հասնի ոչ միայն Հայաստանում, այլեւ դառնա միջազգային մակարդակի արտիստ:

Ի՞նչ կանխատեսումներ ունես այս տարվա «Եվրատեսիլի» վերաբերյալ:

Կարծում եմ` Եվրոպան ամեն տարի մոտենում է ամերիկյան շուկայի որակին, եւ ըստ այդմ` սա մեծ հնարավորություն է մեր արտիստների համար միջազգային շուկա դուրս գալու: Ռիթմերի հետ կապված, կարծում եմ, շատ փորձարկումներ կարելի է անել, որովհետեւ դեռ շատ ոճեր կան, որոնք չեն ներկայացվել «Եվրատեսիլ»-ում, ու կարելի է աշխատել հենց այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է այս տարվան` հստակ ոչինչ չեմ կարող կանխատեսել, բայց շատերն ասում են, որ այս տարի, թերեւս, որեւէ բալլադ կհաղթի: Եթե այդպես է, ուրեմն` այս տարի ես ունեմ` ինձ համար այդ հաղթող երգը (ժպտում է): Բայց առայժմ, իհարկե, շատ փակագծեր չեմ կարող բացել այդ առումով: