Մեզ համար առաջնայինն ազգային երաժշտությունն է․ Կարեն Համբարձումյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեզ համար առաջնայինն ազգային երաժշտությունն է․ Կարեն Համբարձումյան



Aysor.am-ը գրում է.

Վերջին տասնամյակի ընթացքում իր ուրույն երաժշտական ձեռագրով «KarenSevak Production»-ի համահիմնադիր, երաժիշտ-գործիքավորող, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Կարեն Համբարձումյանը թարմություն բերեց հայկական երաժշտարվեստ։

Նրա յուրօրինակ աշխատանքի շնորհիվ էստրադային, ազգային ու ժողովրդական երգերը ոչ միայն դառնում են հիթային, այլ երիտասարդ սերնդին մեր ազգային ու ժողովրդական գործերը մատուցվում են բարձրաճաշակ, գրագետ ու առանց աղավաղումների։

Այս տարիների ընթացքում, Կարեն Համբարձումյանն իր երաժիշտ ընկերոջ՝ Սևակ Մելքոնյանի հետ աշխատելով թե՛ ժողովրդական, և թե՛ էստրադային ոլորտի երգիչ-երգչուհիների հետ, յուրաքանչյուր գործիքավորմամբ ու երաժշտական պրոդյուսերական գործունեությամբ ընդգծում են ազգային նվագարանների շունչը։ Երաժշտական ողջ գունապնակում Կարեն Համբարձումյանը ազգային գործիքների՝ դուդուկի, շվիի, թառի և դասական գործիքների՝ ջութակի, թավջութակի, դաշնամուրի համադրությամբ ստեղծում է յուրահատուկ ստեղծագործություններ։ Այդ են վկայում ազգային տարրերով համեմված «KarenSevak Production»-ի մի շարք ստեղծագործություններ, որոնցից են «Տարազ», «Էրզրումի շորոր», «Արաքս» և այլ գործեր։



«Կարեն Համբարձումյանի մշակմամբ մեր գուսանների ու աշուղների գործերը նոր թարմությամբ ու ասելիքով են հնչում, օրինակ Սայաթ-Նովայի «Նազանի» ստեղծագործությունը, որը գեղեցիկ տեսահոլովակով 2018 թվականին մատուցվեց հայ հանդիսականին»,-հարցազրույցներից մեկում անդրադառնալով Կարեն Համբարձումյանի ու իր հիմնադրած «KarenSevak Production»-ի կատարած ազգային գործերի մշակումներին, ընդգծել է ՀՀ ժողովրդական արտիստ, «Սայաթ-Նովա» Մշակութային միության նախագահ, Ջիվանու անվան աշուղական դպրոցի ղեկավար, դոկտոր, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանը։

Այս դժվարին ժամանակներում, երբ ազգային երաժշտության պահպանումը վտանգված է, «KarenSevak Production»-ը, հանձինս հիմնադիր տաղանդավոր երաժիշտ ընկերներ Կարեն Համբարձումյանի և Սևակ Մելքոնյանի, մեծ ներդրում ունի հայկական ժողովրդական արվեստի պահպանման, հանրայնացման ու տարածման գործում։

«Մեզ համար առաջնայինը ազգային երաժշտությունն է, դրա համար էլ փորձում ենք այդ ոճում շատ ստեղծագործել և օգտագործել ազգային երաժշտական գործիքներ։ Դրանով իսկ, թույլ չենք տալիս, որ մոռացության մատնվեն ազգային նվագարանները»,- ասում է Կարեն Համբարձումյանը։ Հարցին, թե ազգային գործերին ժամանակակից շունչ տալով չե՞ք վախենում քննադատություններից, Կարեն Համբարձումյանը շեշտեց․ «Ընդհանրապես յուրաքանչյուր աշխատանք էլ քննադատության արժանանում է, բայց դա մեզ չի վախեցնում։ Որքան մարդ, այնքան տեսակետ ու կարծիք։ Կան ոլորտում կարևոր ու անվանի մարդիկ, ումից ոգեշնչվում ենք, ում կարծիքը մեզ համար կարևոր է, նրանցից մեկն էլ հենց լուսահոգի Արթուր Գրիգորյանն էր»։



Որպես «KarenSevak Production»-ի գործիքավորող և երաժշտական պրոդյուսեր Կարեն Համբարձումյանին, 2004 թվականից առ այսօր, թե՛ մենահամերգների, թե՛ երգերի, տեսահոլովակների ու երաժշտական նախագծերի ստեղծման ու կայացման գործում վստահում են հայկական երգարվեստի գրեթե բոլոր արտիստները։ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի, ՀՀ վաստակավոր արտիստներ Նունե Եսայանի, Արման Հովհաննիսյանի, Սիրուշոյի, Ռազմիկ Ամյանի, Արամեի, Արմենչիկի, ինչպես նաև Լիլիթ Հովհաննիսյանի, Մարտին Մկրտչյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Արամ MP3-ի, Միհրան Ծառուկյանի, Սոնա Ռուբենյանի, Արա Մարտիրոսյանի, Սարո Թովմասյանի, Հայաստանի երգի պետական թատրոնի, «Արցախի ձայներ» նախագծի և շատ-շատերի ոչ միայն հայաստանյան, այլ Եվրոպայից մինչև ՌԴ ու ԱՄՆ կայացած մենահամերգներն ու համերգային շրջագայությունները կայացել են Կարեն Համբարձումյանի ու իր հիմնադրած «KarenSevak Production»-ի գրագետ մատուցմամբ ու երաժշտական պրոդյուսերությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում