Կեղծանվանս մասին այնքան հումորներ էին արել, մարդկանց մեջ այնպես էր տպավորվել, որ ստիպված էի «համակերպվել». Արամ MP3 - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կեղծանվանս մասին այնքան հումորներ էին արել, մարդկանց մեջ այնպես էր տպավորվել, որ ստիպված էի «համակերպվել». Արամ MP3




Երգիչ, հումորիստ, շոումեն Արամ MP3-ն առաջիկայում երկրպագուների համար երաժշտական նոր անակնկալներ ունի: Նրա հերթական նոր երգն ու տեսահոլովակը շատ սպասեցնել չի տա: Ապրիլին կթողարկվի նոր երգ, որը, Արամի խոսքով, «Կուզես» ու «Կհամոզեմ» երգերից հետո կլինի տրիլոգիայի ավարտը, երրորդն ու վերջինը:

Երգչի հետ «Հայկական ժամանակ»-ի զրույցը՝ ստորև.

- Արամ, առաջիկայում ի՞նչ նորություններ ունեք Ձեր երգարվեստը սիրողների և գնահատողների համար:

- Մոտ երեք երգ ունեմ, որոնք հերթականությամբ ներկայացնելու եմ հանդիսատեսի դատին: Այժմ աշխատում ենք վերջնական ավարտել սիրային թեմայով տրիլոգիան. առաջինը եղավ «Կուզես»-ը, երկրորդը՝ «Կհամոզեմ»-ը, դրան կհաջորդի երրորդը, որը ձգտում ենք, որ ավելի տարբերվող լինի: Տրիլոգիայի ավարտի համար այն պետք է ամփոփիչ լինի, եւ, բնականաբար, երգի բառերի վրա մեծ ուշադրություն է դարձվում: Կարծում եմ՝ Ավետ Բարսեղյանը, միանշանակ, հիանալի կիրագործի այդ ամենը: Անվանումն էլ դեռ հստակ չէ: Երկրորդ երգը պարային, ռիթմիկ, գիշերային կյանքի մասին պատմող երգ է, որի պրեմիերան կլինի ապրիլ ամսին: Երրորդ նոր երգն էլ դեռ աշխատանքային պրոցեսում է, շատ փակագծեր չեմ կարող բացել: Ուզում եմ ասել, որ լինելու է դուետի տեսքով, տղայի հետ եմ երգելու, սակայն դեռ չեմ ասի՝ ում հետ:

- Հայտնի է, որ Ձեր ընկերը՝ Վահագն Գրիգորյանն է առաջին անգամ Ձեզ Արամ MP3 անվանել, որից հետո որոշել եք այդ անվանումը կիրառել որպես բեմական անուն: Եղե՞լ է երբեւէ, որ փոշմանեք դրա համար եւ ցանկացած լինեք փոխել՝ հանդես գալով Ձեր անուն-ազգանունով:

- Սկզբում ուզում էի փոխել, դուր չէր գալիս: Այսինքն՝ դա զուտ կատակ էր, իմպրովիզացիա, որն արվեց Վահագնի կողմից: Մտածում էինք՝ մեկ անգամ ասվեց, կանցնի կգնա, որովհետեւ առաջին հայացքից անիմաստ մի բան է թվում: Առաջին անգամ լսելիս հարցական հայացք ես ընդունում, մանավանդ ժամանակներն այնքան արագ են փոխվում, որ այդ ֆորմատն ուր որ է կհնանա: Ես համոզված էի, որ այդ կեղծանունից հրաժարվելու եմ, այն չի էլ հիշվելու: Սակայն երբ մեկնարկեց «Երկու աստղ» նախագիծը, մենք հաղթեցինք, Շուշան Պետրոսյանն ու Հրանտ Թոխատյանը, որոնք հաղորդման հաղորդավարներն էին, Արամ MP3 կեղծանվան հետ կապված բազմաթիվ հումորներ էին արել, ու այն մարդկանց մեջ այնպես էր տպավորվել, որ արդեն անհնար էր փոխել: Ես հասկացա, որ պիտի համակերպվեմ կեղծանվան հետ, դրանից հետո էլ սկսեցի սիրել:

- Դուք նկատվեցիք եւ հայտնիություն ձեռք բերեցիք «32 ատամ», ապա «Վիտամին ակումբ» հումորային հաղորդաշարերի ժամանակ: Մարդիկ նոստալգիայով են հիշում այդ թողարկումները, եւ մինչեւ այժմ շատերը դեռ դիտում են դրանց տեսագրությունները: Արդյոք հնարավո՞ր է՝ առաջիկայում կրկին նույն թիմով նմանատիպ հաղորդաշարով հանդես գաք:

- Միգուցե համերգային թողարկման նման մի բան անենք, հանդիսատես հրավիրենք: Դա կլինի համերգ՝ համեմված հումորով ու շոուներով: Սակայն այս պահին հստակ չէ, քանի որ «Վիտամին ակումբ»-ի մասնակիցներից շատերն արդեն երկրում չեն, դա իրականացնելն էլ բարդ է թվում: Ուղղակի բոլորի զբաղվածությունն այնքան շատ է, որ ես չեմ էլ կարող ասել՝ կլինի հիմա՞, մեկ տարի հետո՞, առհասարակ կլինի՞, թե՞ ոչ:

Դա մի ժամանակաշրջան էր, մի փուլ, որի ընթացքում յուրաքանչյուրս փորձեցինք մեզ առավելագույն ներկայացնել, ցույց տալ մեր հնարավորություններն այդ ասպարեզում: Հարթակ էր, որը մեզ հնարավորություն տվեց ներկայանալու, այդտեղ ամեն մեկը հասկացավ, թե հետագայում ինչ բնագավառում կարող է գործունեությունը շարունակել:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում նրան, երբ հաջողված հաղորդաշարերը կամ ֆիլմերը տարիներ հետո փորձում են նորովի մատուցել, այսինքն՝ արդեն հաջողություն ունեցած պրոեկտը որոշակի սցենարային փոփոխությամբ կրկին թողարկելուն:

- Հիմնականում կրկնությունը կրում է կոմերցիոն բնույթ: Երբ դրանք սիրվում են ու դառնում մնայուն կամ լեգենդար գործեր, բնականաբար, այդ հիմքի վրա նույնի երկրորդը ստեղծելը նման է շինարարությունը երկրորդ հարկից սկսելուն: Այսինքն՝ դու ունես ֆունդամենտը, մնում է կարողանալ արդարացնել սպասումները: Իսկ սպասումները շատ հաճախ չեն արդարանում մի քանի պատճառներով. նախ, որովհետեւ ժամանակներն են փոխվել, դրա հետ մեկտեղ՝ մարդկանց ընկալումը: Շատ նախագծեր, որոնք սիրվել են ժամանակին, բոլորովին այլ հիմքի վրա են կառուցվել: Օրինակ՝ աշխարհում ռեկորդներ սահմանած հայտնի «Friends» («Ընկերներ») սերիալի պրոդյուսերները հայտարարեցին, որ չեն անի շարունակությունը, քանի որ փոխվել են ժամանակները, բարքերը, այժմ չկա այն ընկերությունը, որը եղել է այդ սերիալը նկարահանելու ժամանակ:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է այսքան նվազել ակտիվությունը շոու բիզնեսում:

- Բնականաբար, այսօր աշխարհում կատարվող իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողել ու թողնում նաեւ շոու բիզնեսի վրա: Չեմ խոսում կորոնավիրուսի ազդեցության, պատերազմի հետեւանքների մասին: Մարդիկ փոխվել են, սառել, չարացել: Միգուցե կան դրանց հիմնավոր պատճառները: Ընդհանուր առմամբ թե՛ աշխարհում, թե՛ մեր երկրում շատ բան է փոխվել: Եթե ասեմ, որ մշակութային առումով վերելք ենք ապրում, սուտ կլինի, բայց նաեւ չեմ կարող ասել, որ շատ վատ վիճակում է, քանի որ դա էլ սխալ կլինի: Այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ստեղծել տարբեր ժանրերի երգչախմբեր, որոնք բավականաչափ սիրված են: Իրականում դրսի հետ համեմատվելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ մենք շատ փոքր երկիր ենք բոլոր առումներով: Դրսի հետ համեմատվելով՝ մենք, բնականաբար, վատ վիճակում ենք մեզ տեսնելու, սակայն մեր գերնպատակը պիտի լինի ոչ թե համեմատվելը, այլ դրսից հնարավորինս շատ բան վերցնելը:


Նյութի աղբյուրը այստեղ: