«Նոր ալիքում» Հայաստանին հաղթանակ բերած Սարո Գևորգյանը՝ դժվարությունների և նպատակների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Նոր ալիքում» Հայաստանին հաղթանակ բերած Սարո Գևորգյանը՝ դժվարությունների և նպատակների մասին




2021 թվականը միջազգային երգի մրցույթների ասպարեզում Հայաստանի համար հաղթանակների տարի էր։ «Նոր ալիք 2021»-ի հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչը՝ Սարո Գևորգյանը:

Tert.am Life-ի հետ զրույցում Սարոն պատմել է այս շրջանի զբաղվածության, Ֆիլիպ Կիրկորովի հետ համագործակցության, Արթուր Գրիգորյանի և Նադեժդա Սարգսյանի հետ աշխատանքի, դժվարությունների, Դուբայ մեկնելու ու անձնական կյանքի մասին։

««Նոր ալիք 2021»-ից հետո հանգստի մեկնելու, ամեն ինչից կտրվելու ցանկություն ունեի, բայց այդ շրջանի զբաղվածությունս թույլ չէր տալիս,- ասաց Սարոն և շեշտեց, որ արվեստի ոլորտի ներկայացուցիչների համար կարևոր են դադարները։ -Երկար աշխատելուց և գումար հավաքելուց հետո այս փուլում լավագույն որոշումներիցս մեկը 10 օրով Դուբայ մեկնելը, լիցքաթափվելն ու նոր ուժերով աշխատանքի վերադառնալն էր»։

Երգիչը նաև պատմեց այս շրջանի երաժշտական զբաղվածության մասին։ 



Սարոն 4 տարեկանից զբաղվում է երգով, այդ հասակից էլ երազել է մեծ բեմերում երգելու և ոլորտի կարկառուն ներկայացուցիչների հետ աշխատանքի մասին։ «Փոքր տարիքից երազում էի գոնե մի անգամ աշխատել Արթուր Գրիգորյանի և Նադեժդա Սարգսյանի հետ։ Երաժշտական առաջին քայլերս արել եմ «Դո-Ռե-Մի» վոկալ-ստուդիայում, որից հետո ընդունվել եմ Հայաստանի Երգի պետական թատրոն, 2 տարի սովորելուց հետո մեկ տարի առանձին աշխատել եմ նաև Արթուր Գրիգորյանի հետ,- ասաց նա և հավելեց, որ երաժշտական ոլորտում սովորել է լավագույններից։ -Հետագայում կատարվեց նաև մյուս երազանքս․ սկսեցի աշխատել Նադեժդա Սարգսյանի հետ, բայց անհատապես մենք այդ ձևաչափով աշխատել ենք 4 տարի , իսկ բանակից հետո աշխատել եմ երգչուհի Սրբուկի հետ և մեկնել «Եվրատեսիլ», որպես բեք-վոկալիստ»։



Սարոյի խոսքով՝ մասնակցել է 20-ից ավելի միջազգային մրցույթների, միշտ գրավել առաջին և պատվավոր հորիզոնականը։

Սարոն խոսեց նաև ընտանիքի մասին և պատմեց, որ ընտանիքում ոչ ոք կապ չունի երաժշտական ոլորտի հետ։ 

Սարոն «Նոր Ալիք» մրցույթին մասնակցել է առանց պրոդյուսերի։ Նա նշեց, որ դա առաջացրել է որոշակի դժվարություններ, բայց ոչ ընկճվածություն․ «Երբևէ ծնողներիս կողմից չեմ լսել, որ պետք է ծանոթ, բարեկամ ունենամ, որպեսզի հասնեմ հաջողության։ Ծնողներս միշտ ասում էին, որ պետք է դասեր քաղեմ ու շարժվեմ առաջ, բոլոր տեղերում էլ առավելություն է, երբ ունենում ես «թիկունք», բայց ես հովանավորներ չունեմ»։



Մրցույթի ավարտին Սարոն համագործակցության առաջարկ է ստացել ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովից։ «Ֆիլիպ Կիրկորովի հետ ծանոթացել եմ դեռևս «Եվրատեսիլ 2019» մրցույթի շրջանակում, երբ նա նկատեց ինձ ու ասաց, որ պետք է տաղանդս օգտագործեմ, որպես անհատ երգիչ ներկայանամ մասշտաբային միջազգային մրցույթներում։ Նման երգչից գովեստի խոսքեր ստանալն ինձ մոտիվացրեց,- ասաց նա և շեշտեց, որ այդ հանդիպումն ու Կիրկորովի խորհուրդները մղել են մասնակցելու «Նոր ալիք» մրցույթին։ -Հայաստան վերադառնալուն պես սկսեցի աշխատել «Նոր Ալիք 2021»-ին մասնակցելու ու Հայաստանը ներկայացնելու համար, ինչի մասին ոչ-ոք չի իմացել, երբ Կիրկորովն ինձ տեսավ «Նոր Ալիք 2021»-ում բավականին ուրախացավ ու շեշտեց՝ եթե չարդարացնեմ իր հույսերն ու պատկերացումները, հենց նրա կողմից կվաստակեմ ամենացածր միավորը»։



Այժմ երգիչը չի նախատեսում մեկնել արտերկիր աշխատելու։ 

Սարոյի խոսքով՝ երազանքների և նպատակների մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ պետք է խոսել շատ աշխատելուց և հաջողություններ գրանցելուց հետո։

Սարոն նաև խոսեց անձնական կյանքի մասին և հավելեց, որ այս փուլում իր համար առաջնայինն աշխատանքն է։