Լրահոս

«Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալ՝ Երևանում սպասվող մրցույթի մասին




Ինչպես արդեն հայտնել է, որ դեկտեմբերի 11-ին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը տեղի կունենա Երևանում։ Միջոցառման համար ընտրվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը:

Ինչպես հայտնում են Հանրային հեռուստաընկերության Հասարակայնության հետ կապերի բաժնից, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է «Մանկական Եվրատեսիլ» երգի 20-րդ մրցույթը հյուրընկալել աշխարհի ամենահին մայրաքաղաքներից մեկում՝ Երևանում: Հանրային հեռուստաընկերությունը և Եվրոպական հեռարձակողների միությունն անելու են առավելագույնը, որ հոբելյանական՝ 20-րդ «Մանկական Եվրատեսիլն» իր կոնցեպտով և շոուով հիշարժան լինի թե՛ մրցույթի մասնակիցների, թե՛ բազմամիլիոնանոց հեռուստալսարանի համար: Մենք ջանք չենք խնայելու, որ տարեվերջին երաժշտական հրաշքն իրականություն դարձնենք Երևանում»:

«Մանկական Եվրատեսիլը» Երևանը հյուրընկալում է երկրորդ անգամ՝ 2011 թվականին Վլադիմիր Արզումանյանի «Մամա» երգի հաղթանակից հետո: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պատմության ամենահաջողակ երկներից մեկն է՝ 14 անգամ մասնակցել է և միշտ տեղ զբաղեցրել լավագույն տասնյակում:

«Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալն էլ ասել է. «Հայաստանին հաղթանակ բերած տարբերվող ու ժամանակակից «Քամի-քամի» երգը նոր նշաձող է սահմանել մեր մրցույթում, և մենք կասկած չունենք, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը գերազանց շոու կկազմակերպի հոբելյանական այս տարում: Մենք ոգևորությամբ սպասում ենք Հանրային հեռուստաընկերության հետ ինտենսիվ աշխատանքին: Անհամբեր ենք տեսնելու, թե ինչպես են Երևանի մեր գործընկերները գործի դնելու այն բացառիկ ոգևորությունն ու ավյունը, որ ունեն «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հանդեպ»։