«Միսս Երեւան 2021» ԷմմանուԷլլա Գրիգորյանը` Հնդկաստանում ընկերոջ հետ անցկացրած տարեդարձի, տիտղոսի ու կարոտի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս Երեւան 2021» ԷմմանուԷլլա Գրիգորյանը` Հնդկաստանում ընկերոջ հետ անցկացրած տարեդարձի, տիտղոսի ու կարոտի մասին




«Միսս Երեւան 2021» տիտղոսի հաղթող ԷմմանուԷլլա Գրիգորյանը շարունակում է մոդելային ակտիվ գործունեություն ծավալել Հնդկաստանում: Վերջերս հայուհին նկարահանվել է Collective մուլտի բրենդի գովազդային արշավում, որտեղ ներկայացրել է հայտնի բրենդների հագուստներ, ու պարբերաբար հայտնվում է Հնդկաստանի ամենահայտնի ամսագրերի շապիկներին: Երեւանի ամենագեղեցիկ աղջկա տիտղոսին արժանացած հայուհին, սակայն, խոստովանում է, որ Հայաստանից հեռու գտնվելով հաճախ է կարոտում հայրենիքն ու ընտանիքի անդամներին, ինչը երբեմն տխրելու առիթ է դառնում:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում ԷմմանուԷլլան պատմել է Մումբայում ընտրյալի ու ընկերների հետ անցկացրած ծննդյան տարեդարձի, տիտղոսի ու դրա կարեւորության, հայտնի զարմուհու` Իվետա Մուկուչյանի հետ մտերմության ու առաջիկա նորությունների մասին:

ԷմմանուԷլլան ապրիլի 17-ին դարձել է 29 տարեկան. մոդելը ծննդյան տարեդաձը նշել է սիրելիի ու ընկերների հետ: Նա պատմեց, որ անմոռանալի ժամանակ է անցկացրել, սակայն այն լիարժեք չի համարում առանց ընտանիքի անդամների ներկայության.

«Ծննդյանս օրն անցկացրի ընկերոջս տանը` օվկիանոսի ափին, տարբեր ազգերի ներկայացուցիչների մարդկանց հետ: Արդեն երրորդ տարին է` տարեդարձս անցնում է առանց ընտաիքիս անդամների, սակայն այս տարի որոշել ենք վերադառնալուցս հետո միասին նշել: Կարծում եմ` Հայաստանում կլինեմ մոտ 2-3 ամսից»:

Մոդելը որոշել է` չնայած իր հիմնական զբաղվածությունը Հնդկաստանում է, պետք է ավելի հաճախ գա հայրենիք:

ԷմմանուԷլլայի խոսքով` «Միսս Երեւան 2021» տիտղոսը կարեւորվել է նաեւ Հնդկաստանի իր գործընկերերի կողմից:

Տիտղոսակիր գեղեցկուհին չի անտեսում նաեւ թագի հետ իրեն փոխանցված պարտականությունները.

«Շուտով վերադառնալու եմ Հայաստան` ներկա լինելու «Միսս ուսանողուհի» մրցույթին, որը տեղի է ունենալու հունիսի 8-ին: Փոխանցելու եմ հաղթող գեղեցկուհու թագը, այնուհետեւ Երեւանից մեկնելու եմ Փարիզ, հանդիպելու եմ այնտեղի հայ համայնքին, կունենամ նաեւ այլ կարեւոր տեսակցություններ»:
ԷմմանուԷլլան հաճախ ընտանեկան լուսանկարներ է հրապարակում, որոնցից շատերում հայտնի զարմուհու` Իվետա Մուկուչյանի հետ է: Խոսելով իրենց հարաբերություններից` մոդելը նշեց.

«Սիրում ենք հավաքվել քույրերով, սակայն, իրականում, հաճախ չենք կարողանում տեսնվել ճամփորդությունների պատճառով: Բայց երբ հայտնվում ենք նույն երկրում, տաքուկ հանդիպումներ ենք կազմակերպում: Իվետան, բացի քույր լինելուց, ինձ համար դեռ մանկուց եղել է ուժեղ կնոջ օրինակ. սիրում եմ լսել նրան, սիրում եմ նրա էներգիան»:

Անդրադառնալով իր առաջիկա նորություններին` ԷմմանուԷլլան նշեց, որ շուտով կյանքի կկոչի իր վաղեմի նպատակներց մեկը.

«Ցանկանում եմ Մումբայում ստեղծել հայկական դետալներով հագուստի բրենդ, ուրախ եմ տեղեկացնել, որ առաջին շապիկներն արդեն գծագրել եմ»: