Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. նոր մանրամասներ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամուսինը փորձել է օգնել, բայց գետը քշել-տարել է. նոր մանրամասներ Արմինե Ճաղարյանի մահվան դեպքից




EXCLUSIVElife.am-ն արդեն տեղեկացրել է, որ երեկ՝ մայիսի 9-ին, ողբերգական պայմաններում մահացել է հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանը:

Նա հումորիստ, սցենարիստ Վահե Խաչատրյանի կինն էր:

Նա նավակով նկարահանումներ իրականացնելիս գետն է ընկել։

Գետի հոսանքը մի քանի կիլոմետր քշել-տարել է երեկ Դեբեդն ընկած հաղորդավարուհուն:

Sputnik Արմենիային այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտե մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Ռետինե նավակով են եղել, 7 անձ է եղել նավակում, որոնցից մեկն էլ ամուսինն է եղել։ Բոլորը հատուկ հանդերձանքով են եղել` սաղավարտով և փրկարարական բաճկոնով։ Նավակը շրջվել է, ամուսինը փորձել է օգնել կնոջը` դուրս բերել նրան գետից, սակայն չեն կարողացել, քանի որ գետը քշել-տարել է աղջկան` առանձնացնելով խմբից»,–ասել է Թադևոսյանը։

Նա հայտնել է նաև, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, և դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո հայտնի կլինի, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով քրգործ կհարուցվի։ Ամենայն հավանականությամբ, 157-րդ հոդվածով քրգործ կհարուցվի` տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը։

Հավելենք, որ «Ռաֆթինգ ին Արմենիա» մայիսի 8-ին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել` հայտնելով, որ մայիսի 7-ից անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։ «Հորդառատ անձրևների պատճառով՝ Դեբեդ գետի վարարման հետևանքով չենք կարող ռաֆտել, քանի որ վտանգավորության աստիճանը բարձր է»,–գրված է պարզաբանման մեջ։

Արմինե Ճաղարյանը 31 տարեկան էր: