10 փաստ Ռոզա Լինի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

10 փաստ Ռոզա Լինի մասին




Այսօր Թուրինում տեղի կունենա «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող 21-ամյա Ռոզա Լինը ելույթ կունենա 8-րդը։ Նա կներկայանա «Snap» երգով:

Ներկայացնում ենք 10 փաստ Ռոզա Լինի մասին.

1. Ռոզա Լինը ծնվել և մեծացել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 2000 թվականին։

2. Երգչուհին հայտնի է բեմական Ռոզա Լին անվամբ։ Լինի իսկական անունն է Ռոզա Կոստանդյան։

3. Լինը սկսել է իր մասնագիտական երաժշտական կարիերան՝ համագործակցելով ամերիկյան Nvak Collective ձայնագրման լեյբլի հետ, որը հիմնել է ամերիկահայ երգչուհի և երգերի հեղինակ Թամար Կապրելյանը։

4. 2021 թվականի սեպտեմբերին Լինը թողարկել է իր դեբյուտային «King» սինգլը՝ ամերիկացի երգչուհի Kiiara-ի հետ համագործակցությամբ։

5. Երգչուհի լինելուց բացի, Ռոզան նաև երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր է։

6. Երաժշտական կարիերան սկսել է 6 տարեկանից. նվագել է դաշնամուր, կիթառ, ինչպես նաև երգեր գրել։ Այս առիթով երգչուհին ասել է. «Իմ առաջին երգը գրել եմ 10 կամ 11 տարեկանում: Այդ տարիքում իմ կիթառի ուսուցչի հետ համատեղ երկու համերգ ենք ունեցել Վանաձորում. դա հենց այն սկիզբն էր, որի շնորհիվ հասկացա, որ ուզում եմ երաժշտությամբ զբաղվել ու իմ կյանքը նվիրել այդ գործին»:

7. 2013 թվականին «Գիտեմ» երգով մասնակցել է Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի Հայաստանի ներկայացուցչի ընտրության փուլին։

8. Ռոզա Լինը մանկուց երազել է Հայաստանը «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու մասին: «Միշտ ընտանիքիս հետ հետևել ենք մրցույթին, ու ներքուստ զգացել եմ, որ ես էլ մի օր պիտի կանգնեմ այդ բեմում», - ասել է երգչուհին։

9. «Եվրատեսիլ 2022»-ին Ռոզա Լինը կերգի «Snap» երգը, որը գրել են ինքը` երգչուհին, Թամար Կապրելյանը, Լարզ Պրինցիպատոն, Ջերեմի Դյուսուլետը, Էլլի Կրիստալը և Քորթնի Հարելը։

10. Ռոզա Լինը հիանալի տիրապետում է անգլերենին, 1 տարի ապրել է Միացյալ Նահանգներում։