«Հրազդան» մարզադաշտը պատրաստ է ընդունել 50 Cent-ին, Զազին և «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նվագախմբին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հրազդան» մարզադաշտը պատրաստ է ընդունել 50 Cent-ին, Զազին և «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նվագախմբին




«Հայա» երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանում ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող ռեփեր 50 Cent-ը, Զազը և «Լեդ Զեփելին» սիմֆոնիկ նվագախումբը: Համերգներն անցկացվելու են Երևանում՝ «Հրազդան» մարզադաշտում, որտեղ տևական ժամանակ է նման մասշտաբի միջոցառումներ չեն կազմակերպվել:

«Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ օգտագործվելու է դաշտի հատվածը և մի քանի տրիբունա, որոնք այժմ բարեկարգվում են, վերականգնվում: Նրա խոսքով՝ մարզադաշտը առանց խոչընդոտի կկարողանա ընդունել հանդիսատեսին:

Սոնա Հովհաննիսյանը նաև հավելեց, որ փառատոնը նոր հնարավորությունների հարթակ է: «Այս փառատոնը նոր ինստիտուտ է, նոր մեխանիզմ է, կրկնակի ու տասնապատիկ գովազդելու Հայաստանը, ցույց տալու մեր երկիրը որպես խաղաղ, կայուն զարգացող ու ծաղկող երկիր, որը փառահեղ ապագա ունի, որտեղ ողջ տարածաշրջանից 30, 40, 50 հազար մարդ գալիս է համերգներ ունկնդրելու, հաղորդակցվելու արտիստների հետ, որոնց տեսնելը շատերի համար երազանք է»,- ասաց նա:




Զազի համերգը տեղի կունենա հունիսի 25-ին, ռեփեր 50 Cent-ի համերգը՝ հուլիսի 1-ին, իսկ հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը:

Նախագծի շրջանակներում լեգենդար խմբի երաժշտությունը կատարելու են երեք ֆենոմենալ երգիչներ London West End-ից՝ բրիտանական լավագույն ռոք խմբի և սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ: Ընդհանուր ներկայացված է 25 երգ, որոնց թվում են ամենահայտնի հիթերը՝ Whole Lotta Love, Black Dog, Kashmir, Rock & Roll, Dazed & Confused, Stairway to Heaven: Նախագիծը ստեղծվել է լեգենդար խմբի անդամների աջակցությամբ, որոնք ներկա են եղել ծրագրի ցնցող և հաջողությամբ կայացած պրեմիերային՝ Լոնդոնում:



Փառատոնի հիմնադիրը հավաստիացրեց, որ իրականացվել է «Հրազդան» մարզադաշտի լուրջ ուսումնասիրություն: «Գուցե սպորտային իրադարձությունների համար այն շատ մեծ ներդրումներ է պահանջում, սակայն մենք մարզադաշտը դիտարկեցինք որպես համերգային վայր, որտեղ հնարավոր է 54 հազար մարդու ընդունել: Մեր երկրում նման երկրորդ տեղ չկա: Երբ հայտարարենք օրինակ Ջենիֆեր Լոպեսի կամ Էնրիկե Իգլեսիասի համերգների մասին, մեզ ևս նման տարածք հարկավոր կլինի: Ուրախ եմ, որ քաղաքին կվերադարձնենք այդ մարզադաշտն այլ գույնով: Տեխնիկայի մեծ մասը բերվելու է արտասահմանից»,-նշեց Հովհաննիսյանը:

Համերգների տոմսերի վաճառքն արդեն սկսված է: Տոմսերը վաճառվում են ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: