Երեւան-2022. Մարզահամերգային համալիրը գրեթե պատրաստ է Եվրոպայի առաջնությանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երեւան-2022. Մարզահամերգային համալիրը գրեթե պատրաստ է Եվրոպայի առաջնությանը




Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գրեթե պատրաստ է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը: Այս օրերին վերջին շինարարական, տեխնիկական, մոնտաժային աշխատանքներ են տարվում:

NEWS.am Sport-ի թղթակիցն այցելել է մարզահամերգային համալիր եւ հետեւել տեխնիկական աշխատանքներին:

Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է համալիրի մարզական մեծ դահլիճում, որտեղ նախկինում գործում էր սահադաշտը: Մուտքի դռներից մինչեւ մարզադահլիճ ամեն քայլափոխին EUBC, Yerevan2022 գրառումներով պաստառներ են, վահանակներ. ամեն ինչ հուշում է բռնցքամարտի եւ կարեւոր մարզական իրադարձության մասին:

Մարզադահլիճի կենտրոնում տեղադրված են ռինգերի համար նախատեսված հարթակները, լինելու է երկու ռինգ: Այս պահին դեռեւս ռինգերը տեղադրված չեն: Ընթանում են տեխնիկական-մոնտաժային աշխատանքները:

Մրցումային օրերին գործելու է մարզադահլիճի մեկ տրիբունա 2300 տեղով: Մյուս տրիբունաները փակն են: Ռինգերն անմիջապես տրիբունաների առջեւ են:

Ռինգերի հետնամասում մեծ լեդ հեռուստաէկրան է տեղադրված: Առանձին հատվածներում եւս կան հեռուստաէկրաններ, որպեսզի վերեւի տրիբունաներից հետեւողների համար տեսանելի լինի, թե ինչ է կատարվում ռինգում:


Ռինգերի ձախ հատվածում տեղակայված է մեծ մամուլի կենտրոն, որը նախատեսված է ինչպես լրագրողների առանձին աշխատանքի, այնպես էլ մամուլի ասուլիսներ անցկացնելու համար: Մամուլի սրահում գործելու է բարձր արագությամբ մալուխային ինտերնետ: Այստեղ կգործի նաեւ երկու մեծ հեռուստաէկրան, կհեռարձակվեն երկու ռինգերի մենամարտերը: Կլինի առանձին խառը գոտի:




Մամուլի կենտրոնի հարեւանությամբ գտնվում է բռնցքամարտիկների համար նախատեսված գոտին՝ հանդերձարաններով, նախավարժանքի սրահով եւ հանգստի սենյակով: Բռնցքամարտիկների համար նախատեսված գոտին գտնվում է մեծ լեդ հեռուստաէկրանի հետնամասում եւ այնպես է հարմարեցված, որ մասնակիցներն անմիջապես այդ հատվածից աստիճաններով դուրս գան մարզադահլիճ եւ գնան դեպի ռինգեր:
Մամուլի կենտրոնից, բռնցքամարտիկների համար նախատեսված գոտուց բացի, համալիրում կգործեն նաեւ հակադոպինգային, բժշկական սենյակներ, բողոքարկումների եւ կրկնապատկերներ դիտելու սենյակներ:

Մարզահամերգային համալիրը Եվրոպայի առաջնությանը պատրաստելու տեխնիկական-մոնտաժային աշխատանքները, ինչպես նաեւ բացման պաշտոնական արարողությունը վստահված է Factory Production-ին:

Պրոդյուսեր, Factory Production-ի համահիմնադիր Ռուդիկ Տեր-Գալստյանի խոսքով, բոլոր աշխատանքներն արվում են եվրոպական ֆեդերացիայի կողմից տրված չափանիշներով:

«Այս պահին նախապատրաստական աշխատանքներն ընթանում են երկու փուլով. մեկը մարզական հատվածն է, այսինքն՝ ռինգերի տեղադրումը, մարզիկների ռինգ դուրս գալու հատվածը, մարզադահլիճն ընդհանուր առմամբ, մյուսը՝ բացման արարողությունն է: Մարզադահլիճում ունենք ավելի քան 500 քմ մեծ լեդ էկրան, որով ներկայացվելու է Եվրոպայի առաջնության բացումը: Բացման արարողության խորհուրդը լինելու է ուժը եւ այդ ուժի մեջ տարբեր գծեր ենք տանելու՝ պատմության, մշակույթի, գիտության, ապագայի, հավատքի ուժը: Ունենալու ենք Հայաստանի մասին փոքրիկ պատմական ակնարկ: Սկիզբն է շատ հետաքրքիր լինելու: Շատ փակագծեր չեմ բացի: Ամեն ինչ սկսվելու է դրսից: Բացմանը ռինգերը կլինեն, բայց ամեն ինչ քողարկված է լինելու արարողության համար: Անմիջապես բացումից հետո դահլիճը կվերափոխվի մարզադահլիճի՝ մրցումային օրերի համար:

Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվելու է հետաքրքիր վիզուալ շոու կինետիկ գնդիկներով, որը լինելու է միայն բացմանը»,- մանրամասնեց Ռուդիկ Տեր-Գալստյանը:

NEWS.am Sport-ի այցի օրը մարզահամերգային համալիրում էր նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Աշխատանքների 90 տոկոսն ավարտված է: Չլուծված խնդիր չկա: Շատ ճաշակով աշխատում են տղաները, հետաքրքիր բացման արարողություն է սպասվում՝ կինետիկ գնդիկներով, դրոններով: Ամեն ինչ արված է, որ Երեւան-2022-ը մնա բոլորի հիշողություններում:

Այստեղ է լինելու բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը, եվրոպական ֆեդերացիայի նախագահը, տարբեր երկրների ֆեդերացիաների նախագահներ:

Ներկայացուցչական առումով շատ բարձր մակարդակ ենք ունենալու: Կազմակերպչական առումով բոլոր օղակները համագործակցում են: Մեծ թվով կամավորներ են միացել եւ նրանց հետ արդեն տարվում են աշխատանքները: Օդանավակայանում դիմավորելու ենք պատվիրակություններին:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 38 երկրի 240 բռնցքամարտիկ: Ադրբեջանի հավաքականը չի մասնակցում: Մենք հայտարարել էիք, որ պատրաստ ենք ընդունել բոլորին: Մենք նրանց ասել ենք, որ խնդիր չկա՝ եկեք, անվտանգության խնդիրը կապահովենք: Մեր քայլերը ողջունել էր միջազգային ֆեդերացիան: Ամեն դեպքում՝ Ադրբեջանի հավաքականը որոշեց չգալ: Միջազգային ֆեդերացիան թույլ չի տվել Ռուսաստանի եւ Բելառուսի հավաքականների մասնակցությունը: Մյուս բոլոր երկրները գալիս են, Թուրքիան եւս:

Ես ուղղակի թախանձագին խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ եկեք երկրպագենք, ուժեղացնենք մեր թիմին, ցույց տանք բոլորին, որ մեր տղաներն իրենց տանն են մենամարտում: Ես շատ եմ ուզում, որ սա պատմական առաջնություն լինի մեզ համար: Մեր մարզիկները բոլորիս աջակցության կարիքն ունեն»,- ասաց Կարեն Գիլոյանը:

Մարզահամերգային համալինի աշխատանքներին հետեւում է եվրոպական ֆեդերացիայի կազմկոմիտեն: Արդեն մեկ անգամ պատվիրակություն է եկել, ուսումնասիրել տարվող աշխատանքները: Մայիսի 20-ին եվրոպական ֆեդերացիայի պատվիրության երկրորդ կազմն է ժամանելու Հայաստան, որպեսզի արդեն ավարտական տեսքով ընդունեն համալիրը: Աշխատանքների ավարտը նախատեսված է մայիսի 21-ին:

Եվրոպայի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ին Երեւանի ժամանակով 21:00-ին: Նախնական մենամարտերը մեկնարկելու են մայիսի 23-ից: Մրցումային օրերն անցնելու են երկու մրցահերթով՝ 14:00-17:00-ը եւ 18:00-21:00-ն:

Մայիսի 28-ը կլինի հանգստի օր: Կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 29-ին, եզրափակիչները՝ 30-ին: Վերջին երկու մրցումային օրերին մարզադահլիճում կգործի մեկ ռինգ:

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան