Երբեք չեմ սիրել պարտվել, երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ․ Շառլ Ազնավուրի մտքերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երբեք չեմ սիրել պարտվել, երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ․ Շառլ Ազնավուրի մտքերը




Այսօր Շառլ Ազնավուրի՝ Վաղինակ Միքայելի Ազնավուրյանի ծննդյան օրն է։ 1924 թվականի մայիսի 22–ին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում ծնվեց Վաղինակը, ում հետո աշխարհը պետք է ծափահարեր։

Tert.am Life-ն առանձնացրել է լեգենդար երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի մտքերն իր մասին և ոչ միայն․

«Երբեք չեմ սիրել պարտվել: Երբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ: Պարտություններով ու դժվարություններով լի իմ կարիերայի առաջին տարիներին ուղեկցող ողջ դառնությունը և ծաղր ու ծանակը ընտանիքիս էր բաժին հասնում․․․ Ամեն անգամ, երբ տուն էի վերադառնում, ականջներս դեռ լի հանդիսատեսի աղմուկ-աղաղակով, սուլոցներով ու վիրավորանքներով, ծնողներս իմ կողքին էին, պատրաստ լսելու ու մխիթարելու: Կորած է այն մարդը, որ հենարան չունի: Իմ հենարանը իմ ընտանիքն էր՝ մայրս, հայրս, քույրս…»։


«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ,հեգնանքով լի ժպիտներ.«Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա ժամանակ չունենք կորցնելու»...Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար...»։

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ»:

«Կանայք, որոնց միշտ ամեն ինչից վեր եմ դասել` սիրել են ինձ, խաբել, պաշտպանել, պաշտել, լքել, բայց հեռանալուց առաջ երջանկության պատրանքներ են տվել ինձ: Ես էլ իմ հերթին հաճախ եմ նրանց արցունքների մեջ թողել: Գնահատել չիմանալով սերը, վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ, նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ...Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը»:

«Չես սիրում հայերին, ուրեմն՝ ցտեսություն»։

«Ես քաղաքական գործիչ չեմ: Ես դրանից ոչինչ չեմ հասկանում: Ես միայն մի բան գիտեմ. մենք մի կտոր փոքր ու դժբախտ երկիր ունենք, որն արդեն երկրորդ անգամ գրեթե մեռնում է: Եվ մենք այլ բանի մասին ենք խոսում»:

«Այո, ես ունեմ իմ աշխատանքը, ընտանիքը, բարեկամները: Ու միայն այսքանը: Ինձ անչափ հարկավոր է ուրիշ մեկը, մի լուռ վկա, որին երեկոյան կարողանայի պատմել ողջ օրվա անցուդարձը»:

«Ես սիրում եմ ծիծաղել, բայց ոչ բոլորի վրա: Ես ներում եմ տափակությունը, բայց ոչ գռեհկությունը: Սիրում եմ ճանաչել նորը, ծանոթանալ նոր մարդկանց ու կրոնների հետ: Բայց գիտե՞ք, թե ամենաշատն ինչ եմ սիրում. զարմացնել ինքս ինձ առավել, քան ուրիշներին»: