Վիկ Դարչինյան․ Կոչ եմ անում երկրպագուներին գալ համալիր եւ աջակցել մեր բռնցքամարտիկներին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վիկ Դարչինյան․ Կոչ եմ անում երկրպագուներին գալ համալիր եւ աջակցել մեր բռնցքամարտիկներին




Կոչ եմ անում երկրպագուներին գալ մարզահամերգային համալիր, մեր բռնցքամարտիկների մենամարտերին լինել այստեղ, երկրպագել, աջակցել նրանց: Բռնցքամարտիկը ոգեւորվում է, երբ իր մենամարտի ժամանակ իրեն երկրպագում են:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում WBC, WBA, IBF և IBO վարկածներով աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը:

Այս օրերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տրիբունաներում երկրպագուների շարքերում պարբերաբար կարելի է տեսնել նաեւ Վիկ Դարչինյանին: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկն ակտիվ երկրպագում է Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներին:

Վիկ, ի՞նչ տպավորություններ ունեք Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից:

Դեռ առաջին օրերն են, բայց շատ տպավորված եմ կազմակերպվածությունից, կատարված աշխատանքից: Ինձ հատկապես շատ դուր եկավ բացման արարողությունը. տպավորիչ էր, գեղեցիկ եւ բարձր մակարդակով: Ես եղել եմ ամենուր, ամբողջ աշխարհում եղել եմ, տեսել եմ շատ մրցաշարերի բացումներ եւ ինձ համար առանաձնացրել եմ Երեւանում անցկացված բացման արարողությունը: Հաճելի է, որ այսպիսի բարձր մակարդակով ենք ընդունում եւ մեզ համար մեծ պատիվ է այսպես ընդունել Եվրոպայի առաջնությունը:

Ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանի հավաքանից: Որքանո՞վ տան պատերը կօգնեն մեր բռնցքամարտիկներին:

Տան պատերը չեն կարող օգնել նրանց: Տղաները պետք է իրենց դրսեւորեն ռինգում: Սա է ամենակարեւորը, որ կարողանան ամբողջությամբ ցույց տալ իրենց, ներդնել ամբողջ ներուժը: Միակ առավելությունն, իմ կարծիքով, այն կլինի, որ հավասարի դեպքում պարտություն գուցե չլինի: Ուրիշ երկրներում, սովորաբար, հավասարի դեպքում պարտությունը մեզ են տալիս: Այստեղ, հույս ունեմ՝ մեր կողմը կլինի: Բայց կա մի կարեւոր խնդիր է, որը պետք է տղաները հասկանան՝ ռինգում պետք չի սպասել, որ հավասար կլինի, պետք է անել հնարավոր ամեն ինչ, որ մրցակցի նկատմամբ ունենան բացարձակ առավելություն:

Այս աջակցությունը տրիբունաներից, հայրենիքում այսպիսի Եվրոպայի առաջնություն ունենալը, հյուրընկալելը, բարձր մակարդակով կազմակերպված այս առաջնությունը պետք է տղաներին մոտիվացնի, ոգեւորի, որ առավելագույնն անեն իրենց հայրենիքի, հայրենակիցների համար:

Հետեւո՞ւմ եք բոլոր մենամարտերին:

Այո, առաջին օրվանից այստեղ եմ, գալիս եմ, որ աջակցեմ մեր թիմին: Ամենայն հավանականությամբ, մինչեւ վերջին օրն ամեն օր կգամ երկրպագելու, աջակցելու, օգնելու մեր բռնցքամարտիկներին: Այս օրերին բոլորս միասնական պետք է լինենք նրանց կողքին:

Մեր հավաքականից ո՞վ է Ձեր ֆավորիտը:

Ինձ համար բոլորն էլ ֆավորիտներ են, բոլորն էլ լավ հնարավորություններ ունեն: Առանձին հանդիպել եմ տղաներին, զրուցել նրանց հետ Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ, մասնակցել եմ նրանց հավաքներին, մարզումներին եմ հետեւել: Լավ թիմով ենք ներկայանում:

Իհարկե, բոլորն էլ գիտեն, որ ուժեղագույնը Հովհաննես Բաչկովն է: Նա մեր առաջատարն է: Դավիթ Չալոյանն է շատ ուժեղ: Աշխարհի առաջնությունում նա գրեթե առաջին տեղն ընկավ: Եվրոպայի առաջին համարն է իր քաշային կարգում: Ունենք լավ տղաներ: Չի կարելի որեւէ մեկին առանձնացնել: Հաջողություն եմ մաղթում Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակողներին եւ դեռ նոր սկսողներին:

Ի՞նչ կտա Եվրոպայի առաջնությունը Հայաստանին:

Սիրողական բռնցքամարտի իմ կարիերան Հայաստանում եմ անցել: Մեր ժամանակ այսպիսի բան, այսպիսի մեծ մրցում երբեք Հայաստանում չի անցկացվել: Սա շատ կարեւոր ու մեծ իրադարձություն է: Այն իր մեծ ազդեցությունն է ունենալու մեր երկրում մարզաձեւի զարգացման համար: Հայաստանում բռնցքամարտը սիրված է, շատ են զբաղվողները, իսկ Եվրոպայի առաջնությունն էլ ավելի կամրապնդի եւ կզարգացնի մարզաձեւը:

Եւս մեկ առումով մրցաշարի անցկացումը Հայաստանում կօգնի մեզ: Այստեղ մասնակցում է Եվրոպայի շուրջ 40 երկիր: Այդքան երկրի պատվիրակություններ, տարբեր ազգերի մրցավարներ, մարզիչ-մարզիկներ եկել են Հայաստան: Այս օրերին նրանք կտեսնեն, թե ինչպես է Հայաստանը կարողանում կազմակերպել եւ անցկացնել կարեւորագույն մրցաշար, թե ինչ լավ են իրենց ընդունում, ինչպես է անցնում, արդար մրցավարություն: Այս ամենը կօգնի, որ մեզ լավ վերաբերվեն դրսում մրցաշարերի ժամանակ, արդար դատեն մեր մենամարտերը, լուրջ ընդունեն:

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր բռնցքամարտիկներին:


Խորհուրդ կտամ՝ անել ամեն ինչ, որ մենամարտերի ելքը չմնա մրցավարների ընտրությանը, անել հնարավորը, որ առավելություն ունենան մրցակցի նկատմամբ, անել ամեն ինչ, որ մրցավարներն ընտրության հնարավորություն չունենան, անել ամեն ինչ, որ հաղթանակները նրանցը լինեն:

Նաեւ կոչ եմ անում երկրպագուներին, որ գան մարզահամերգային համալիր, հայ բռնցքամարտիկների մենամարտերին լինեն այստեղ, երկրպագեն, աջակցեն մեր տղաներին: Այս քանի օրը, երեւի եղանակով պայմանավորված, քիչ մարդ է գալիս, բայց հույս ունեմ, որ մրցումային օրերի ընթացքում տրիբունաները կլցվեն:

Բռնցքամարտիկը ոգեւորվում է, երբ իր մենամարտի ժամանակ իրեն երկրպագում են, սա մեծ օգնություն է յուրաքանչյուր մարզիկի համար պայքարի ընթացքում: Դրանից ավելի ես ոգեւորվում եւ հաղթելու ցանկությունն ավելի է մեծանում:


Ֆոտո՝ Էմմա Ասատրյան