Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը գեղեցիկ հաղթանակով ապահովեց Հայաստանի առաջին մեդալը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բռնցքամարտի ԵԱ. Հովհաննես Բաչկովը գեղեցիկ հաղթանակով ապահովեց Հայաստանի առաջին մեդալը




Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության և Եվրոպական խաղերի հաղթող Հովհաննես Բաչկովը, երկրորդ հաղթանակը տանելով Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, անցավ կիսաեզրափակիչ և ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Նա այս ստուգատեսում մրցանակային տեղ ապահոված մեր առաջին մարզիկն է։

Մինչև 63,5 կգ քաշային կարգի քառորդ եզրափակիչում 29-ամյա գյումրեցին առավելության հասավ չեխ Պետր Նովակի նկատմամբ։ Մեր բռնցքամարտիկը մենամարտեց իրեն բնորոշ ոճով։ Վերջին ռաունդում Նովակը երկու անգամ հայտնվեց նոկդաունում։ Մինչև այդ Բաչկովը գերազանցել էր անգլիացի Ջոզեֆ Թայերսին։

Այսօրվա ցերեկային մրցահերթում Համբարձում Հակոբյանը (80 կգ) մրցելու է Լուկա Պլանտիչի (Խորվաթիա), Դավիթ Չալոյանը (92 կգ-ից բարձր)՝ Այուբ Ասաու Էլ Դրիսի Ջադֆի (Իսպանիա), իսկ Վրաստանը ներկայացնող Արտյուշ Գոմցյանը (60 կգ)՝ Պոլ Ջոն Հալեի (Իռլանդիա) հետ։

Երեկոյան (18։00-ից սկսած) Արթուր Բազեյանը (57 կգ) ռինգ է դուրս գալու Բաթուհան Չիտֆչիի (Թուրքիա), Գուրգեն Մադոյանը (67 կգ)՝ Լաշա Գուրուլիի (Վրաստան), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ)՝ Վիկտոր Շելստրատի (Բելգիա), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ)՝ Վահան Նանիտզանյանի (Հունաստան) դեմ։

Առաջնությանը հայտավորված Հայաստանի 13 բռնցքամարտիկներից պարտվել և պայքարից դուրս են մնացել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ)։


Վաղը առաջնությունում հայտարարվելու է մեկօրյա ընդմիջում։