Մանե Գրիգորյանը՝ նոր ներկայացումների, Արթուր Գրիգորյանի ավանդի, Կայայի՝ ներկայացումներում խաղալու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մանե Գրիգորյանը՝ նոր ներկայացումների, Արթուր Գրիգորյանի ավանդի, Կայայի՝ ներկայացումներում խաղալու մասին




Երգի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Գրիգորյանը լայն թափով վերսկսել է Երգի պետական թատրոնի գործունեությունը և մոտ օրերս բեմում կլինի Արթուր Գրիգորյանի լեգենդար «Ուրախ նոտաներ» մյուզիքլը: Մանե Գրիգորյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է թատրոնի գործունեության, նոր ներկայացումների և Արթուր Գրիգորյանի աշխատանքը շարունակելու մասին:

- Մի քանի տարի է, ինչ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, թատրոնում եղել է պասիվ գործունեություն և չեն եղել ներկայացումներ, ի՞նչ փուլում է թատրոնն այժմ:

-Հայաստանի երգի պետական թատրոնը գրեթե երբեք չի դադարեցրել իր գործունեությունը՝ միշտ ունենալով ինչպես խաղացանկային ներկայացումներ, այնպես էլ առանձին մենահամերգներ, համերգային ծրագրեր, հեղինակային երեկոներ, կազմակերպել է փառատոններ ու մրցույթներ, երաժշտական այլ միջոցառումներ։ Վերջին երեք տարիներին թատրոնի գործունեությունն էականորեն դանդաղել է, ինչն իր հերթին ստեղծագործական անհարմարավետություն է պատճառում ինչպես արտիստներին, այնպես էլ մյուս ստեղծագործողներին։ Այսօր թատրոնը փոփոխությունների շեմին է կանգնած, նոր խաղացանկով, արտիստական կազմով, որակյալ եւ անհրաժեշտ ներկայացումներով հանդիսատեսին հետ բերելու թատրոն։ Մենք ունենք զարգացման նոր ծրագիր, փոփոխությունների եւ լավագույն ավանդույթների համադրությամբ: Կարեւորելով թատրոնի խաղացանկային առանձնահատկությունները` անհրաժեշտ էր հնարավորինս շուտ վերսկսել լեգենդար համարվող մի քանի ներկայացումներ։ Կրկին բեմ բարձրացնել այն մյուզիքլները, որոնք տարիների ընթացքում սիրված ու սպասված էին: Տարիների ընթացքում Երգի թատրոնում բեմադրվել է ավելի քան 20 մանկական մյուզիքլ։ Դրանք հանդիսացել են այցեքարտ եւ առիթ, որպեսզի հանդիսատեսի շարքերում նստած երեխաները հնարավորություն ունենան լսելու լավ եւ որակյալ երաժշտություն ու ցանկության դեպքում նաեւ մասնակից դառնալ:



-Շուտով բեմում կլինի «Ուրախ Նոտաներ» ներկայացումը: Ինչու՞ է բեմադրությունը հենց այս շրջանում, քանի որ նախկինում լինում էր Ամանորին ընդառաջ:

-Թատրոնի զարգացման և գործունեության առաջնային պայմաններից մեկը դահլիճի պայմանների բարելավում է, և ներկայացումների վերսկսման համար դա անհրաժեշտ պայման է։ Նոր թափով սկսել ենք աշխատանքներն ու շուտով՝ ուսումնական տարվա սկզբին կվերաբացվենք, բայց մինչ այդ մենք որոշեցինք ներկայացնել Արթուր Գրիգորյանի լեգենդար «Ուրախ նոտաներ» մյուզիքլը։ Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, այն ներկայացնելու ենք հանդիսատեսին, բայց քանի որ ներկայացումը Ամանորյա ձևաչափով էր մի քանի փոփոխություններ կան և նոր կերպարներ, ավելացվել են երգեր, որոնց հեղինակը Արթուր Գրիգորյանն է: Ամեն բան արվում է, որ թատրոնի ավանդույթները պահպանվեն և մենք չդավաճանենք Արթուր Գրիգորյանի սկզբունքներին:



-Այժմ թատրոնում շինարարական աշխատանքներ են և ներկայացումը լինելու է այլ դահլիճում, ինչո՞վ էր պայմանավորված դահլիճի ընտրությունը:

-Թատրոնում շինարարական աշխատանքների փուլ է և որոշեցինք ներկայացումը խաղալ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճում: Ընտրությունը պատահական չի եղել, քանի որ պապային այս դահլիճի հետ շատ բան է կապում և 90-ականներին հենց այս դահլիճում էին անցնում փառատոնները:

-Նկարներում տեսա, որ Կայան ևս ներգրավված է ներկայացմանը, այս տարի նա որևէ դեր մարմնավորելո՞ւ է:

-Կայան 4 տարեկանից խաղացել է տարբեր ներկայացումներում և այս ներկայացման մեջ նա մարմնավորում է «Մեղեդիկը» կերպարը, որը նոր կերպար է և «Կախարդական մեղեդիի» թոռնիկն է: Կայան շատ ոգևորված է գալիս փորձերին ու պատրաստվում պրեմիերային:



-Տեղյակ եմ նաև, որ մտահղացում կա ներկայացումը խաղալ մարզերում:

-Պահպանելով Արթուր Գրիգորյանի ավանդույթները՝ որոշեցինք, որ ներկայացումը պետք է շրջի բոլոր մարզերով: Հունիսի 4-ին՝ Աշտարակում, հունիսի 5-ին՝ Վանաձորում, հետագայում լինելու ենք Արտաշատում, Գավառում, Հրազդանում, Գյումրիում նաև անպայման պետք է գնանք Սյունիք ու ներկայացումը տանենք Արցախ: Երգի թատրոնի ստեղծման հիմքում ընկած են եղել բանակն ու սահմանը: Տարիներ շարունակ Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ Արցախի և Հայաստանի տարբեր զորամասերում եղել են հարյուրավոր համերգներ, որոնց հիմքում եղել է սերը հայրենիքի նկատմամբ: Որոշում է կայացվել, որ թատրոնի նախկին և ներկա սաները կշարունակեն պապայի գործը․ ունենալու ենք «Հավերժ հայրենիք» խորագրի ներքո համերգների շարք:



- Արթուր Գրիգորյանի կատարած երգեր թողարկելու և դրանք լսելի դարձնելու մտադրություն կա՞:

-Ունենք շատ նորություններ՝ թողարկելու ենք նաև երգեր Արթուր Գրիգորյանի կատարմամբ, թողարկելու ենք երգեր, որոնք դեռ չեն հնչել, նոր գործիքավորմամբ և տեսահոլովակներով: Թատրոնը ունի նոր սերունդ, որի հետ վերջին տարիներին աշխատել է Արթուր Գրիգորյանը, բայց հանդիսատեսը դեռ չի հասցրել նրանց լսել, բայց շուտով մենք կներկայացնենք այս սերնդին, իսկ սեպտեմբերից նաև լինելու են համերգներ նրանց ներկայությամբ: Հուլիսին՝ Արթուր Գրիգորյանի ծննդյանն ընդառաջ, Սերգեյ Սմբատյանի հետ համատեղ կազմակերպելու ենք համերգ՝ Մարզահամերգային համալիրի դահլիճում:


Նյութի աղբյուրը այստեղ: