Երեւանում կկայանա «Շուշի․ ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմի պրեմիերան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երեւանում կկայանա «Շուշի․ ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմի պրեմիերան




Մայիսի 30-ին Կինոյի տան մեծ դահլիճում կկայանա ռեժիսոր Մարիամ Եգորյանի «Շուշի. ԱՄԷՆ» ֆիլմի պրեմիերան։ Շուշիի մասին փաստագրական ֆիլմը ռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմն է, որը վարպետի մահվանից հետո ավարտին է հասցրել ռեժիսոր Մարիամ Եգորյանը։

«Մեր ֆիլմը մարտահրավեր է Հայոց պատմության աղավաղմանը։ Ֆիլմում ներկայացված են պատմությունից մեզ հայտնի անհերքելի փաստեր, որոնք նորից ու նորից պետք է բարձրաձայնել ի լուր քաղաքակիրթ աշխարհի։ Չպետք է հոգնենք եւ հուսահատվենք, ընդհակառակը, պետք է աշխարհին ի ցույց դնենք մեր պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունը, հայապահպանման հիմքերի հիմք՝ հոգեւոր արժեքները», - ասում է ռեժիսոր Մարիամ Եգորյանը։

Ֆիլմի գիտական ղեկավարը Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն է։

Ֆիլմում օգտագործվել են եզակի կադրեր, որոնք նկարահանվել են նախապատերազմյան տարիներին: Նկարահանումներ են իրականացվել նաեւ ուղղաթիռից՝ ցույց տալով Արցախի աշխարհի անկրկնելի գեղեցկությունը։

«Մեր նպատակն է եւ՛ Հայաստանում, եւ՛ Հայաստանի սահմաններից դուրս հնարավորինս շատ մարդկանց պատմել հայոց մարգարիտ, հայ Շուշիի մասին։ Ֆիլմում ներկայացված է հայկական Շուշին իր քարեղեն վկաներով, ձեռագիր մատյաններով, կառուցող և արարող շուշեցիներով։ Որքան էլ փորձեն աղավաղել պատմությունը, չի ստացվի, քանի որ եղել են, կան եւ կլինեն երախտավորներ, որոնք սուրբ մասունքների պես պահել, պահպանել, թղթին եւ ժապավենին են հաձնել ու հանձնում պատմության անհերքելի փաստերը։ 1992-ին, երբ Շուշին ազատագրվեց, կանգուն էին Շուշիի հայտնի եկեղեցիներից միայն երկուսը։ Որպեսզի հանդիսատեսին ավելի հստակ ներկայացվի հայկական Շուշիի դիմագիծը, փաստերն ավելի դիտարժան, դինամիկ ու պատկերավոր լինեն, ստեղծագործական խումբը դիմել է անիմացիոն լուծումների։ Դա շատ կարեւոր է», - ասում է ռեժիսորը։

Անիմատոր-ճարտարապետների մասնագիտական խումբը կազմել է Շուշիի կործանված 4 եկեղեցիների եռաչափ մոդել: Անիմացիայի պատկերների շնորհիվ վերակենդանանում են Կուսանաց վանքը, Ագուլեցոց և Մեղրեցոց եկեղեցիները, Գեորգի Պոբեդոնոսեց ռուս-հունական ուղղափառ եկեղեցին, որոնք քանդվել են անցյալ դարում, երբ Շուշին գտնվում էր Խորհրդային Արդբեջանի տիրապետության ներքո:

«Քրիստոնեական տաճարները միշտ են թիրախավորվել այս տարածաշրջանում: Բացի այդ, մեծապես տուժել է ձեռագիր ժառանգությունը: Ֆիլմում ներկայացվում են նաեւ Մատենադարանում պահվող Շուշիում գրված ձեռագիր մատյանները»,- պատմում է Մարիամ Եգորյանը, ապա հիշում, որ կինոռեժիսոր Ռուբեն Գրիգորյանի խոսքն էր, որ անցյալը նախազգուշացում է ապագայի համար։

«Այս խոսքի իմաստն ինձ համար ավելի հասկանալի դարձավ, երբ ավարտին էի հասցնում «Շուշի․ ԱՄԷՆ» ֆիլմը։ Եթե մենք դասեր քաղեինք պատմությունից, գուցե․․․ Ցավոք, եթե-ները և գուցե-ները շատ են», - ասաց Մարիամ Եգորյանը:

Ֆիլմի պրեմիերան նախանշված է 19:00-ին, մուտքն ազատ է։