Աշխարհի 10 ամենաունեւոր մարզիկների ցանկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աշխարհի 10 ամենաունեւոր մարզիկների ցանկը




Այս օրերի մարզական գլխավոր իրադարձությունը մեզ համար, անտարակույս, բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն է, մանավանդ որ այն անցկացվում է Երեւանում։ Բնականաբար, սպասելիքներն էլ մեծ են։ Հուսանք, որ դրանք կիրականանան։ Չեմպիոնների անունները հայտնի կդառնան մայիսի 29-ին։

Իսկ աշխարհում չեն հանդարտվում ֆուտբոլային կրքերը՝ նույնիսկ հիմա, երբ եվրոպական մրցասպարեզներում գլխավոր հարցերը ստացել են սպառիչ պատասխաններ։ Աշխարհամասի ֆուտբոլային հիմնական դերակատար երկրներում ավարտվել են ազգային առաջնությունները։ Գերմանիայում, օրինակ, չեմպիոն է հռչակվել Մյունխենի «Բավարիան», Անգլիայում` «Մանչեսթեր սիթին», Իսպանիայում` Մադրիդի «Ռեալը», Իտալիայում` «Միլանը», Բելգիայում` «Բրյուգեն», Պորտուգալիայում` «Պորտուն»։ Հայաստանի առաջնության ավարտից մեկ տուր առաջ Երեւանի «Փյունիկ» թիմն անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ ճանաչվեց չեմպիոն։ Տարօրինակ էր միայն այն, որ որոշիչ խաղում 1:0 հաշվով «Արարատին» հաղթած նորընծա չեմպիոնի նախապես հրապարակված կազմի 11 խաղացողներից ընդամենը երկուսն ունեին յան-ով ավարտվող ազգանուններ։

Պատվավոր գավաթները վիճարկեցին նաեւ եզրափակիչ դուրս եկած ուժեղագույն ակումբային թիմերը։ Եվրոլիգայում «Այնտրախտի» եւ «Գլազգո Ռեյնջերսի» վճռական հանդիպման հաղթողին որոշեցին նշանակված հնգական 11 մետրանոց հարվածները (խաղի հիմնական ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի` 1:1)։ Բախտը ժպտաց գերմանական «Այնտրախտին»` 5:4։ Չեմպիոնների լիգայում անգլիական «Լիվերպուլի» եւ Մադրիդի «Ռեալի» հանդիպումը կայացավ մայիսի 28-ին, իսկ «Կոնֆերենցիաների լիգա» անունը կրող մրցումների եզրափակչում (այն կայացավ անցած չորեքշաբթի, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում) հանդիպեցին հոլանդական «Ֆեյենորդը» եւ իտալական «Ռոման», որի կազմում, ինչպես հայտնի է, հանդես է գալիս մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը։ Նա ազդրի վնասվածք ստանալուց հետո, ապաքինվելով, մասնակցեց հիշյալ խաղին։ Սակայն, ցավոք, արդեն 16-րդ րոպեին հետեւեց նոր վնասվածք, եւ Հենրիխը ստիպված եղավ հեռանալ մրցասպարեզից։ Եվ ահա եւս 16 րոպե անց իտալացի Զանիոլոյին հաջողվեց բացել հաշիվը, ու այդ գոլը դարձավ միակը՝ երանելի, պատվավոր հաղթանակ բերելով «Ռոմային»։

Հետաքրքիր է, որ խաղից անմիջապես հետո մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ իր թիմակիցներին միացավ նաեւ Մխիթարյանը (ինչպես երեւաց, նոր վնասվածքն այնքան էլ լուրջ չէր), ներկայացավ մեր ազգային եռագույն դրոշով փաթաթված…

Ներկայումս էլ մարզասերների ուշադրությունը, հասկանալի է, առավել շատ սեւեռված է Քաթարի վրա, որտեղ նոյեմբերի 21-ին Սենեգալ-Հոլանդիա հանդիպումով, 32 ազգային ուժեղագույն հավաքականների մասնակցությամբ, մեկնարկելու է աշխարհի հերթական առաջնությունը։ Չեմպիոն թիմը որոշվելու է գրեթե մեկամսյա մրցավեճից հետո, ավելի կոնկրետ` դեկտեմբերի 18-ին նշանակված եզրափակիչ խաղում։

Դե, իսկ հիմա մեզ համար շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնելու «Եվրոպայի Ազգերի լիգա» անվանումը կրող առաջնությունը, որի նախնական խաղերը մեկնարկելու են շատ շուտ` արդեն հունիսի 4-ին։ Ահա մեր հավաքականի մասնակցությամբ կայանալիք խմբային խաղացանկը. հունիսի 4-ին` Հայաստան-Իսլանդիա, հունիսի 8-ին` Շոտլանդիա-Հայաստան, հունիսի 11-ին` Ուկրաինա- Հայաստան (խաղը կկայանա Լեհաստանի Լոձ քաղաքում), հունիսի 14-ին` Հայաստան-Շոտլանդիա, սեպտեմբերի 24- ին` Հայաստան-Ուկրաինա, սեպտեմբերի 27-ին` Իսլանդիա- Հայաստան։

Հուսով լինենք, որ գոնե այս անգամ մեր ազգային ընտրանին բարձր կպահի իր վարկանիշը եւ կկարողանա հաղթահարել նախնական մրցափուլի արգելքը։

Ընթերցողներին, անկասկած, կհետաքրքրի նաեւ, թե այսօրվա դրությամբ ովքեր են աշխարհի այն

10 ամենաանվանի մարզիկները, ովքեր համարվում են առավել բարձր վարձատրվողները։ Այս առումով գլխավոր օրինակ կարող է ծառայել առաջին դիրքը զբաղեցրած կաշվե գնդակի հանրահայտ գրոսմայստեր Լիոնել Մեսսին (ՊՍԺ)։ 2021 թվականի մայիսի 1-ից մինչեւ 2022 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակաշրջանում, այսինքն՝ ուղիղ մեկ տարվա ընթացքում, նա վաստակել է 130 միլիոն դոլար, այդ թվում՝ 75 միլիոնը զուտ աշխատավարձն է, 55 միլիոնը` սպոնսորային աջակցությանը գումարած գովազդատուների հետ ունեցած համաձայնագրերի վարձը։

Եվ այսպես, ըստ տարեկան ցուցանիշների, ներկայիս 10 ամենաունեւոր մարզիկներն են`

1. Լիոնել Մեսսի (ֆուտբոլ, Ֆրանսիա)` 130 միլիոն դոլար (75+55)

2. Լեյբրոն Ջեյմս (բասկետբոլ, ԱՄՆ)` 121,2 միլիոն (41,2+80)

3. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ, Անգլիա)` 115 միլիոն (65+55)

4. Նեյմար դա Սիլվա (ֆուտբոլ, Ֆրանսիա)` 95 միլիոն (70+25)

5. Սթիվեն Քարի (բասկետբոլ, ԱՄՆ)` 92,8 միլիոն (45,8+47)

6. Քեւին Դյուրանթ (բասկետբոլ, ԱՄՆ)` 92,1 միլիոն (42,1+50)

7. Ռոջեր Ֆեդերեր (թենիս, Շվեյցարիա)` 90,7 միլիոն (0,7+90)

8. Սաուլ Ալվարես (բռնցքամարտ, Մեքսիկա)` 90 միլիոն (85+5)

9. Թոմ Բրեդի (ամերիկյան ֆուտբոլ)` 83,9 միլիոն (31,9+ 52)

10. Յանիս Ադետոկումբո (բասկետբոլ, ԱՄՆ)` 80,9 միլիոն (39,9+41)

Ինչպես տեսնում եք, ֆուտբոլային ու բասկետբոլային վառ աստղերը գերակշռում են լավագույն տասնյակում։ Նմանատիպ ցուցակը մեկ տարի անց հաստատ նոր տեսք կունենա։