«Վստահ եմ, որ կհասնեմ նպատակիս». Հռիփսիմե Խուրշուդյանը VNews-ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Վստահ եմ, որ կհասնեմ նպատակիս». Հռիփսիմե Խուրշուդյանը VNews-ի հետ զրույցում ամփոփել է Եվրոպայի առաջնությունը




Շուրջ 6-ամյա ընդմիջումից հետո մեծ սպորտ վերադարձած անվանի ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի գումարով 5-րդ տեղը գրավեց Ալբանիայում անցկացված Եվրոպայի առաջնության կանանց 87 կգ քաշային կարգում։ VNews-ի հետ զրույցում նա նշեց, որ տրամադրված էր մրցանակային տեղ գրավել, սակայն, ըստ ամենայնի հուզմունքի պատճառով, չկարողացավ հասնել նպատակին։ Մարզուհին հավաստիացրեց, որ ցանկացած պարագայում թևաթափ չի եղել և ամեն ինչ ներդնելու է` նորից միջազգային պատվանդանին կանգնելու համար։

«Ինչպես միշտ, լավատեսական սպասումով և մարտական տրամադրվածությամբ էի մեկնել առաջնությանը։ Ամեն ինչ կարծես նույնն էր, սակայն ինչ-որ բան չբավարարեց հրում վարժության ժամանակ, որից ավանդաբար ուժեղ եմ եղել ու առաջ անցել մրցակիցներից։ Այս անգամ հենց այդ վարժությունից չկարողացա ցանկալի արդյունք գրանցել, լիարժեք դրսևորել իմ հնարավորությունները։ Լարվածություն, իհարկե, կար. առանց դրա դժվար է պատկերացնել մեծ մրցումները։ Դա խանգարած գործոններից էր»,- պատմեց մարզուհին։

Անդրադառնալով վերջին մոտեցման ժամանակ 127 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելու անհաջող փորձի մասին մեր հարցին՝ Խուրշուդյանը նշեց. «Մարզումների ընթացքում դրանից 2 կգ պակաս էի բարձրացրել։ Նմանապես պոկում վարժությունից 108 կիլոգրամին չէի մոտեցել, 105-ից չէի անցել։ Այնպես որ նշված քաշերը, կարելի է ասել, նորություն էին ինձ համար վերջին 6 տարում։ Սակայն նախկինում բազմիցս եմ բարձրացրել նման կիլոգրամներ։ Հասկանում եմ, որ 6 տարվա դադարը, երկու երեխայի մայր դառնալը, միջազգային 12 խոշոր մրցում բաց թողնելն անհետևանք չեն անցել, սակայն միշտ մեդալներով եմ վերադարձել մրցումներից, ու նաև դա էր պատճառը, որ վերջում չկարողացա զսպել հուզմունքս։ Հույզերն անչափ շատ էին, գուցե նաև դա էր պատճառը, որ չկարողացա կենտրոնանալ հրում վարժությանը։ Եթե 6 մոտեցումն էլ արդյունավետ կատարեի, անպայման մեդալ կնվաճեի, թեկուզ բրոնզե։

Սակայն ասեմ, որ անգամ 127 կգ բարձրացնելը մրցանակային տեղ չէր ապահովի. անհրաժեշտ էր 130 կգ հրել։ Պոկում վարժությունից էլ պետք էր ունենալ 108 կգ ցուցանիշ։ Ցավոք, չկարողացա։ Շատ խանգարեց նաև ոտքիս վնասվածքը, որը թույլ չտվեց ուժեղացնել ոտքերս։ Ինձ ընդամենը մեկ հավաք պակասեց. եթե դրա հնարավորությունը լիներ, ապա ավելի լավ մարզավիճակում կմասնակցեի առաջնությանը»։

ԱՌՋԵՎՈՒՄ ԱԱ-Ն Է

Խուրշուդյանը հայտնեց, որ արդեն սկսել է պատրաստվել աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը։ «Ինձ համար 6 ամիսը շատ քիչ ժամանակ է, որ օրերն անտեղի վատնեմ։ Ցանկանում եմ լիարժեք մասնակցել աշխարհի առաջնությանը, որում խաղարկվելու են օլիմպիական վարկանիշային առաջին միավորները։ Պարապում եմ նույն ինտենսիվությամբ։ Հասկանում եմ, որ նույնիսկ մի փոքր թուլանալու դեպքում դարձյալ շեշտակի հետ կընկնեմ։ Պետք է կարողանամ 10-ական կիլոգրամով բարելավել յուրաքանչյուր վարժության արդյունքս, երկամարտի գումարը հասցնեմ 250 կիլոգրամի (պոկումը՝ 110, հրումը՝ 140 կգ)։ Միայն այդ դեպքում իրապես կհավակնեմ մեդալի։ Ու վստահ եմ, որ կհասնեմ նպատակիս։

Այդ դժվարին ճանապարհին շատ կարևոր է նաև պահպանել մարզական ռեժիմը, որին նույնպես խստորեն հետևում եմ։ Հուսադրում է նաև այն, որ վնասվածքս արդեն քիչ է անհանգստացնում։ Ամեն դեպքում, մեր բժիշկն ինձ խորհուրդ է տվել ռենտգեն հետազոտություն անցնել, որից հետո էլ կսկսենք զբաղվել բուժման հարցով»,- տեղեկացրեց մարզուհին։

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԵԱ-Ի ՄԱՍԻՆ

Նա նշեց նաև, որ շատ է ցանկանում մասնակցել հաջորդ տարի Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը։ «Կարծում եմ՝ լավ է լինելու։ Բոլորն ասում են, որ հիմա էլ շատ լավ արդյունք եմ գրանցել, բայց իմանալով իրական հնարավորություններս՝ գոհ չեմ նման ցուցանիշից։ Ասում են՝ յուրաքանչյուր պարտություն հաջորդ հաղթանակի սկիզբն է։ Այնպես որ, տեսնենք, թե ինչ կստացվի»,- եզրափակեց Հռիփսիմե Խուրշուդյանը։