Լրահոս

Գուժ Մանուկյան. «Վիրահատությունից հետո չեմ կարողանում բեմ բարձրանալ, կարոտել եմ կոլեգաներիս ու ընկերներիս»




Թատրոնների բեմերում, հեռուստաէկրաններին Գուժ Մանուկյանին են փնտրում: Հանդիսատեսի՝ «ու՞ր է դերասանը» հարցի հետեւից է գնացել

«Արմենպրես»-ի թղթակիցը: Մշակութային եւ դերասանական հախուռն կյանքով ապրած Գուժ Մանուկյանը հիմա իր կյանքի այդ փուլի մասին անցյալ ժամանակով ու ցավով է խոսում։ Հանդիպել չկարողացավ, բայց համաձայնեց որոշ բաներ պատմել հեռախոսով:

Գուժ Մանուկյանի՝ արդեն մեկ տարուց ավել բեմ չբարձրանալու պատճառը հիվանդությունն է, որի մասին չի ցանկանում խոսել։ Մայիսի 6-ին լրացավ դերասանի 85-ամյակը։ Տարիների խորքից է գալիս ու, գնահատելով ապրած կյանքն, ասում է՝ գերազանց է ապրել:

«Ես ինձ շատ երջանիկ եմ զգում, որ շրջապատված եմ լավ ընկերներով, կոլեգաներով։ Մեկ տարի է, ցավոք, չեմ շփվել նրանց հետ հիվանդության պատճառով։ Վիրահատությունից հետո չեմ կարողանում այլեւս բեմ բարձրանալ։ Կարոտել եմ ինչպես իմ կոլեգաներին, ընկերներին, այնպես էլ հանդիսատեսին»,-ասում է նա։



Գուժ Մանուկյանը եւ՛ թատրոնի եւ կինոյի դերասան է, այդպես էլ պետք է լիներ: Ծնվել է արվեստագետների ընտանիքում, հայրը դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանն է, մայրը՝ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանը: Մի առիթով պատմել է «5-6 տարեկան էի, մայրս տանը դերերից հատվածներ էր փորձում, ես ուշադիր նայում էի ու ասում՝ «մա՛մ, դու գի՞ժ ես: Չգիտեի, որ մի օր էլ ես եմ նվիրվելու այդ «գժությանը», որ կոչվում է թատրոն»:

Գյումրիում ծնված փոքրիկ Գուժը 6 տարեկանից տեղափոխվում է Երեւան եւ կերտում դերասանական ուղին: Նրա դաստիարակությամբ զբաղվում էր տատը:

Խաղացած ներկայացումներից դերասանը որեւէ մեկը չի ուզում առանձնացնել, ասում է՝ բոլոր դերերը կերտել է սիրով, իսկ դրանք շատ են՝ «Մեդեա» (Յասոն), Ա.Օստրովսկու «Անօժիտը» (Կարանդիշև), Պ.Զեյթունցյանի «Աստվածների կանչը» (Տիգրան Մեծ), «Ամենատխուր մարդը» (Ստրաուդ), «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Հերովդես), «Մեծ լռություն» (Դանիել Վարուժան), «Կանգ առ երկրագունդ» (Ավետ Ռշտունի), Ի.Ժամյակի «Վճարովի պատրանք» (Ալեքսանդր Ամիլկար), Դ.Ֆոնվիզինի «Տհասը» (Միտրոֆան), Հ.Թումանյանի «Անուշ» (Սարո), Մ.Գորկու «Քաղքենիներ» (Պյոտր), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ Երրորդ» (Բուկինգհայմ), Բ.Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը» (Բլյունչլի), «Իմ չքնաղ լեդինը» (Ալֆրեդ) եւ այլն:



«Իմ կերտած բոլոր դերերը հոգեհարազատ են ինձ։ Այդ հարցերը հաճախ են տալիս, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուր դեր ինձ համար յուրովի է, բոլոր դերերը, որ ես ստանձնել եմ՝ իմ ցանկությամբ են եղել, պարտադրված դեր չեմ կերտել։ Դա նշանակում է, որ բոլոր կերպարների նկատմամբ ունեմ առանձնակի վերաբերմունք։ Մեկը սիրում եմ շատ, մյուսը քիչ»,-ասում է նա։

Ջերմությամբ խոսում է հատկապես Անրի Թրուայայի վեպի մոտիվներով 1978 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված «Սգավոր ձյունը» հայկական ֆիլմի մասին, որտեղ խաղընկերն է եղել Արմեն Ջիգարխանյանը։ Առանձնացնում է նաեւ ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի «Մեռիր ձիու վրա» ֆիլմը, որտեղ մարմնավորել է Գայի դերը: «Սրանք աննկարագրելի օրեր են եղել իմ կյանքում»,-շեշտում է դերասանը։

Գուժ Մանուկյանը իր թատերական ուղու առաջին քայլերն արել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, ապա աշխատել Կապանի դրամատիկական թատրոնում, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, 1967 թ.-ից՝ Երեւանի դրամատիկական թատրոնում: Հատկապես կարոտով է հիշում Դրամատիկական թատրոնի կյանքը: Ասում է՝ այս թատրոնում մի շարք հայտնի դերասանների հետ է խաղացել։ «Դրամատիկական թատրոնում Խաղացել եմ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեւոն Թոխիկյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Ութմազյանի եւ այլ նշանավոր դերասանների հետ։ Այդ թատրոնում երկար տարիներ եմ աշխատել, սիրելի մարդկանց հետ, կարոտում եմ նրանց»,-նշում է դերասանը։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում