Երևանի կենտրոնում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Արցախի հերոս Ալեն Մարգարյանի անվան «Ալեն» ամառային դպրոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանի կենտրոնում բացվեց Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Արցախի հերոս Ալեն Մարգարյանի անվան «Ալեն» ամառային դպրոցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ


Երեկ՝ հունիսի 12-ին, Երևանի կենտրոնում բացվեց «Ալեն» ամառային դպրոցը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցը կրում է Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Արցախի հերոս Ալեն Մարգարյանի անունը:

 Բացմանը ներկա էին հերոսի հարազատները, ընկերները, դպրոցում արդեն իրենց գունավոր, հետաքրքիր ու արդյունավետ առօրյան անցկացնող երեխաները: 

Կարմիր ժապավենը կտրեց հերոսի փոքրիկ եղբայրը: 

«Ալեն» ամառային դպրոցը գործում է կենտրոն վարչական շրջանի Իսրայելյան փողոց 3 հասցեում՝ «Լուսե» կենտրոնում: 

Ալեն Մարգարյանը ծնվել է 1999 թվականին Երևանում։ 2005-2013 թվականներին սովորել է Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոցում։ Դպրոցին զուգահեռ մասնակցել է արտադասարանական մի շարք խմբակների` պարի, թատերական, լողի։ Ալենը մասնակցել է միջազգային մրցույթների պարի ասպարեզում։ Գրել է մանկական պատմվածքներ, հեքիաթներ, որոնք ներկայացված են բեմադրման Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնում։

 2013 թվականին, գերազանց ավարտելով հիմնական դպրոցը, ընդունվել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց ու այն ևս ավարտել կարմիր վկայականով։ Tumo News (Teen) ստարտափի համահիմնադիրներից մեկն է։ 16 տարեկանից ընդգրկվել էր «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ժյուրիի կազմում։ Տարբեր աշխատարանների ընթացքում ստանձնել է չորս փաստագրական ֆիլմի ռեժիսորի դեր։ Դրանցից երկուսը՝ «Greens» և «Taraz» ֆիլմերը, նկարահանվել են Սմիթսոնյան ինստիտուտի համար՝ հայկական մշակույթն աշխարհին ներկայացնելու նպատակով։ 

Ընտրելով կինոարվեստի ակադեմիական ուղին՝ 2016 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրա բաժին։ Գիտական և մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում շատ քիչ ուսանողների թվում մեկնել է Լիտվայի կրթական գիտությունների համալսարան։ Երևանի Թումոյում «Ֆիլմերի ստեղծման» դասընթացավար է աշխատել և երկու տարվա ընթացքում դասընթաց վարել նաև Գյումրիի և Դիլիջանի Թումո կենտրոններում։ Մասնակցել է նաև գիտաժողովների և ունի տպագրված հոդված Հյուսիսային համալսարանի «Ուսանողության գիտահետազոտական ներուժի բացահայտումը՝ որակյալ կրթության և լավագույն փորձի համադրմամբ» ժողովածուում հետևյալ թեմայով՝ «Գյուստավ Դորեի փորագրանկարները՝ նվիրված Դանթե Ալիգերիի «Աստվածային կատակերգության» «Դժոխքի» հատվածին»։ 

2020 թվականին՝ բակալավրիատը կարմիր դիպլոմով ավարտելուց հետո, ընդունվեց Բոստոնի համալսարան՝ սոցիալական աշխատանք և կրթության կառավարում կրկնակի մագիստրոսական ծրագրով։ Ընդունվել է և, անտեսելով տարկետման հնարտավորությունը, որոշել է զորակոչվել բանակ 2020 թվականի ամռան զորակոչով: 

 Ալեն Մարգարյանն ընդամենը մեկուկես ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Ալենը կապի վաշտի ծառայող էր և պարտականությունների բերումով պարտավոր էր գտնվել թաքստոցում, սակայն պատերազմի առաջին իսկ օրվանից Թալիշի և Մատաղիսի առաջնագծում էր։ Երբ հրամանատարական կազմը հրահանգել է զենք-զինամթերք, սնունդ հասցնել առաջնագիծ, Ալենը ստանձնել է այդ աշխատանքը։ Մարտական առաջադրանքը կատարելիս Ալեն Մարգարյանը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ին Մատաղիսում։ 

 2021 թվականի հունիսի 29-ին Արցախի նախագահի հրամանագրով Ալեն Մարգարյանն հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը և պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով։ 

 Ի պատիվ Արցախի հերոս Ալեն Մարգարյանի՝ Հայկական պետական մանկավարժական համալսարանում անվանակոչել է լսարան։ Ընտանիքի և ընկերների նախաձեռնությամբ տպագրվել է «Բոլորիս Ալենը» գիրքը, որտեղ հավաքված են նրա ընկերների, մտերիմների, ուսանողների և դասախոսների հուշերը։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 8-ին Կոմիտասի թանգարան-ինտիտուտում, ինչպես նաև ամիսներ անց՝ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում։ 

Ոգեշնչված Ալենի կերպարով՝ երիտասարդ գրող Արման Վարդանյանը, գեղարվեստական գիրք է գրել՝ վերնագրելով այն «Ալեն Մոլորակը մեր մոլորակում»։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 30-ին՝ մահվան տարելիցի օրը, տեղի է ունեցել «Բոլորիս Ալենը» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ալեն Մարգարյանի հիշատակին։​

Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։ 

 
 Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Նյութի աղբյուրը այստեղ: