Անդոն՝ «La casa de Papa» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի, մարմնավորած կերպարի և հետագա նախագծերի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Անդոն՝ «La casa de Papa» սիթքոմի 2-րդ եթերաշրջանի, մարմնավորած կերպարի և հետագա նախագծերի մասին




Արդեն մի քանի օր է, ինչ եթերում է «La casa de Papa» սիթքոմի 2-րդ եթերաշրջանը, որի դերասանական կազմում է նաև Անդրանիկ Հարությունյանը, որը տևական ժամանակ էր հեռուստատեսային նախագծերում չէր ներկայանում։ Tert.am Life-ի հետ զրույցում Անդրանիկը պատմել է նախագծի, դերասանական զբաղվածության և նոր նախագծերի մասին։

«Մենք արդեն 2-րդ եթերաշրջանն ենք ներկայացնում, քանի որ յութուբում հրապարակելուց նախագիծը բավականին սիրվել է, ինչի արդյունքում մենք առաջարկեցինք այն հեռարձակել նաև եռուստատեսությամբ, ինչին սիրով համաձայնեցին»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը։

Դերասանը մարմնավորում է հումորային կերպար, նաև նշեց, որ նկարահանման ընթացքում կա կրկնվող դրվագ, որն իր համար բավականին խորթ է։

«Մարմնավորում եմ երևանցի տղայի, որը բնավորությամբ ակտիվ տաքսու վարորդ է, մի քիչ խեղճ մարդկային տեսակով։ Բոլորը այդ հերոսի վրա ձեռք են բարձրացնում, գոռում են, բայց ինքը շարունակում է ակտիվ իր կյանքը ու գրեթե բոլոր ծիծաղաշարժ կտորներում իմ կերպարը կա»,- ասաց դերասանը և հավելեց, որ իրեն խորթ է, երբ իր վրա կարող են ձեռք բարձրացնել։



«Ամենախորթ տեսարաններն են ինձ համար, երբ ձեռք են բարձրացնում, քանի որ կյանքում երբևէ նման դեպք չի պատահել ինձ հետ, դա էլ բարդացնում է ընդհանուր իրավիճակը»,-նշեց նա։

Անդրանիկը նաև պատմեց, որ տան անդամներն ակտիվորեն հետևում են իր գործունեությանը։

«Մայրս առհասարակ ոգևորությամբ է նայում և ընդունում այն ամենն, ինչ ես անում եմ, իսկ հայրիկս ամեն սերիայի եթեր հերառձակվելուց հետո ասում է՝ այսօր էլ 20 անգամ խփեցին քեզ, նստած հաշվում է՝ քանի անգամ են ինձ խփում»,- ասաց Անդրանիկ Հարությունյանը։

Հետագա ծրագրերի մասին խոսելիս՝ դերասանը նաև նշեց, որ 3-րդ եթերաշրջանը ևս սպասելի է։

«Նախնական տարբերակով նախատեսում ենք նաև 3-րդ եթերաշրջան, որի նախնական հատվածը գուցե նկարահանենք արտերկրում, չնայած 2-րդ եթերաշրջանի պարագայում ևս կար նման ցանկություն, բայց չստացվեց: Հետագայում եղան սցենարական փոփոխություններ: Մենք ունենք նաև այլ նոր նախագծեր թե՛ հումորային, թե՛ երաժշտական ոլորտում»,- ասաց նա:



Դերասանը տևական էկրանային դադարից հետո է ներկայանում հեռուստադիտողին և պատմեց՝ ինչով պայմանավորված է եղել նրա դադարը:

«Հեռուստատեսային դադար եղել է, բայց ոչ մասնագիտական, քանի որ ես գործունեությունս ծավալել եմ յութուբյան հարթակում և եղել եմ սպառողների բջջային հեռախոսներում: Մենք որոշեցինք նկարահանել սիթքոմներ և դրանք հրապարակել հենց յութուբում, օրինակ՝ «Եռանկյունի» հումորային սիթքոմը»,- նշեց Անդրանիկ Հարությունյանը:

Դերասանի խոսքով՝ հետագայում սպասվում են նոր երաժշտական նախագծեր։ Պատասխանելով հարցին՝ արդյոք լինելո՞ւ են նոր նախագծեր Ռաֆայել Երանոսյանի հետ համատեղ, Անդրանիկ Հարությունյանը պատասխանեց․

«Չեմ կարծում, որ նոր նախագծեր կլինեն Ռաֆայել Երանոսյանի հետ, բայց լինելու են ոլորտի այլ ներկայացուցիչների հետ: Նշեմ նաև, որ շուտով ներկայացնելու եմ նոր դուետ, հումորային ոճի երգերը ևս լինելու են»,- ասաց նա: