«Փող չեք տալիս՝ կոչում տվեք, գերեզմանում՝ ձրի տեղ… ». արվեստագետները՝ կոչումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Փող չեք տալիս՝ կոչում տվեք, գերեզմանում՝ ձրի տեղ… ». արվեստագետները՝ կոչումների մասին




Armtimes.com-ը գրում է․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ ՀՀ պետական պարգեւներն ու պատվավոր կոչումները չեղարկելու մասին առաջարկը արվեստագետների եւ մշակույթի գործիչների շրջանում ոչ միանշանակ է ընդունվել:

Նախագծի մասին խոսակցություններն ի հայտ գալուց եւ այն հրապարակելուց հետո իրարամերժ քննարկումներ են տարբեր հարթակներում:

Նկատենք, որ տարիների ընթացքում տարակարծության տեղիք տվող կոչումների թեման մեր երկրում վերջին գրեթե 20 տարիներին ժամանակ առ ժամանակ բուռն քննարկումների առիթ է դառնում: Կոչում ստացողները հաճախ պիտակավորվում են, ընկալվում որպես իշխանությանը ծառայողներ, չստացողներից շատերն էլ՝ դժգոհում, թե՝ անտեսված են եւ իրենց փոխարեն վաստակ չունեցող մարդիկ են վաստակավորի կոչման արժանանում: Այս երկու բեւեռների կողքին կան նաեւ արվեստագետներ, որոնք լուռ իրենց աշխատանքն են կատարում՝ չսպասելով որեւէ կոչման:

Դերասան Բաբկեն Չոբանյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչումն ստացել է 2019 թվականին:



Արտիստի վստահեցմամբ՝ այնպես չէ, որ կոչում ստանալուց հետո իր կյանքում որեւէ էական բան է փոխվել: «Եթե մինչ այդ կոչում չունեի, այնպես չէ, որ պակաս եռանդով էի աշխարհում կամ այնպես էլ չէ, որ ստացա ու դրանից հետո սկսեցի եռանդով աշխատել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է Չոբանյանը:

Դերասանն ասում է՝ ամեն դեպքում հաճելի ժեստ է, բայց ընդամենը գնահատական՝ ո՛չ ավելին, ո՛չ պակաս. «Պարզապես մոտեցումն է վիճելի, որը նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ է:

Այդ ինչպե՞ս են հիմնավորում արվեստի վաստակավոր գործիչն ու վաստակավորը, մի խոսքով: Այնպես չէ, որ բոլոր հարցերը լուծել էին, մնացել էր այդ «կարեւոր» հարցը: Մի խոսքով, առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ են անում»:

Վերջինիս դիտարկմամբ՝ կոչումներն ունեցել են իրենց դրական եւ բացասական կողմերը: «Դրականն այն է, որ դա գնահատման փաստ է, եւ բոլորովին այլ հարց է, թե կոչումներ տվողներն ինչքանո՜վ էին օբյեկտիվ, եւ արդյոք արժանի մարդի՞կ էին ստանում»,- նշում է նա:

Երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի կարծիքով էլ՝ այս կոչումները անկախ Հայաստանում լրիվ անտրամաբանական են։

«Հայաստանում մարդու վաստակն ու ներդրումը չափելու կամ արժեւորելու համար այլ մեխանիզմներ ու տարբերակներ կան, քան այդ կոչումներն են: «Դեմ եմ սովետական արժեհամակարգից ժառանգություն մնացած ցանկացած երեւույթի: Իսկ սա տիպիկ սովետական, մարդուն սուտ արժեւորելու կեղտոտ սովորություն է, որը նորանկախ Հայաստանում հասավ իր բարձունքին: Հնից մնացած, նեխած ժառանգություն»,- ասում է նա:

Երաժշտի համոզմամբ՝ նախկինում այդ կոչումները հիմնականում տրվում էին՝ հիմնված լինելով ինչ-ինչ կապերի ու կոռումպացված համակարգի վրա:

«Իհարկե, շատ կարեւոր է, որ արտիստը գնահատված լինի իր հասարակության շրջանում, բայց սա այնքա՜ն բաց ու թափանցիկ պետք է լինի, որ որեւէ կասկած ու թյուրըմբռնում չառաջացնի: Ամենալավ գնահատողը հասարակությունն է, որը այսօր գնահատման շատ ավելի հետաքրքիր ու ճիշտ գործիքներ ունի»,- նկատում է նա:

Ռիչարդ Մադլենյանը նաեւ շեշտում է՝ բնականաբար, նախկինում կոչումներ ստացած շատ արժանավոր անձիք ունենք, բայց ժամանակի հետ բազմաթիվ պատճառներով այդ ամենն այնքա՜ն է արժեզրկվել, որ հասել ենք մի կետի, երբ կոչումները, որպես մարդուն գնահատելու գործիք, այլեւս իրենց չեն արդարացնում։

«Մենք տեսանք, թե ինչ «խայտառակ» մարդիկ ստացան այդ կոչումները: Այս կոչումները իրենց վերջնական մահկանացուն կնքեցին այն ժամանակ, երբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը դրանցով զարդարեց տարբեր կենդանական ձայներ արձակող, կոռումպացված եւ իրենց մեջ հիմնականում գողաբոզական մշակույթ կրող երգիչ-երգչուհիների, եւ սրանով ավարտվեց ժողովրդի վստահությունը դեպի այս կոչումները:

Մադլենյանի խոսքով՝ թող սա մեզ համար լինի դաս, որ այլեւս նման սխալ բաներ չանենք։ «Երբ մենք արժեւորում ենք ու վաստակավորի կոչում տալիս անվաստակ մարդկանց, հասարակությանը դեգրադացնող անձանց, դրանով առաջին հերթին վնասում ենք մեր գալիք սերնդին, քանի որ նրանց համար այդ կոչումը ստացած մարդիկ են դառնում կարեւոր, եւ սերունդը սկսում է վազել՝ ձգտելով նմանվել նրանց, անել բաներ, որոնք մեր մշակույթին ընդհանրապես պետք չեն»,- շեշտում է նա:

Երգահանը հարց է հնչեցնում՝ իսկ ի՞նչ ասեն մարդիկ, որոնք իրոք մեծ ավանդ ու վաստակ են ունեցել Հայաստանի մշակութային կյանքում, բայց քանի որ չեն ունեցել գեներալ կամ որևէ այլ ծանոթ պաշտոնյա կամ լավ կապեր վերեւների հետ, չեն ստացել կոչումներ կամ չեն ընդունվել թատրոններ. «Սրանք հարցեր են, որոնք մեզ մտածելու տեղիք են տալիս: Մի խոսքով, վատ է, զզվելի է եւ ոչ արդար»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում