Լրահոս

Սոֆի Մխեյանի տիկտոկյան ակտիվությունը, հայտնի բլոգեր Լուկա Գալոնեի հետ հանդիպումն ու Դավիթ Աֆրիկյանի հետ համագործակցությունը




«Գնա գալիս եմ»՝ ասաց նա ու միլիոնավոր երիտասարդներ, հետեւելով նրա ռիթմին, երգը հայտնի դարձրին TikTok-ում եւ սոցցանցային այլ հարթակներում՝ նկարահանելով մեկը մյուսից տարբեր ու գունեղ հոլովակներ։ Այսօր Սոֆի Մխեյանն արդեն թռչում է «Ամպերից վեր», իսկ ճանապարհին հանդիպում, նույնիսկ, համաշխարհային աստղերի, որոնցից է, օրինակ, վերջերս Հայաստան այցելած բլոգեր ու ճանաչված աճպարար Լուկա Գալոնեն, որը, նույնպես, անմասն չմնաց Սոֆիի ու Hayat Project-ի նոր ստեղծագործության տիկտոկյան արշավից։


NEWS.am STYLE-ը Սոֆի Մխեյանի հետ զրուցել է ակտիվության, նոր թրենդների, համարձակ քայլերի, ոճի, առօրյա կյանքում չդիմահարդարվելու եւ վերջին երկու տեսահոլովակների հերոսի՝ դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ համագործակցության ու իրական հարաբերությունների մասին։

Տարեսկզբից Սոֆին հասցրել է իր լսարանին ներկայանալ միանգամից մի քանի ստեղծագործությամբ, որոնք ամենատարբեր ոճերում են, իսկ ամենաաշխույժ կատարումներն այսուհետ վերածվում են տիկտոկյան թրենդների։ Խոսելով իր սոցցանցային ակտիվության մասին՝ երգչուհին նշեց․

«Կարծում եմ՝ երբ ինչ-որ ընդմիջումներ են լինում, դրանից հետո էներգիա է կուտակվում, որը յուրաքանչյուր արտիստի մոտ պետք է մի ձեւ դրսեւորվի, իսկ դա, սովորաբար, արտահայտվում է երգով, որոշակի պարային շարժումներով։ Նախորդ տարվա օգոստոսին «Գնա գալիս եմ»-ը գրավեց միլիոնավոր մարդկանց սրտեր, շատ արագ հասկացա երգի շուրջ տրամադրությունն, ու փորձում եմ շարունակել փոխանցել այն։ Ես միշտ քայլում եմ ժամանակին համահունչ, եւ եթե կան հարթակներ, որոնք օգնում են, որ լինես երիտասարդների հետ մեկ ալիքի վրա՝ լինի դա TikTok-ը կամ մեկ այլ հարթակ, պետք է կիրառել դրանք։ Առհասարակ, ես միշտ եմ դիմել ռիսկային փորձարկումների՝ սկսած իմ ոճից, վերջացրած երաժշտական տարբեր լուծումներով»։

Երգչուհու երգերը հետաքրքիր զարգացում են ստանում հայտնի հայ տիկտոկերների մեկնաբանությամբ։ Սոֆիի խոսքով՝ երկկողմանի այդ կապն իր դրական արդյունքն է ունենում ոչ միայն երգի հանրայնացման, այլեւ յուրահատուկ մոտեցման գործում։

Հայկական շոու-բիզնեսում իր ուրույն տեղն ունեցող երգչուհին չի խուսափում համագործակցել նաեւ սկսնակների հետ ու չի ժխտում՝ ոչ միայն ինքն է կիսվում իր` տարիների փորձով, այլեւ որոշակի գիտելիքներ է ստանում նրանցից ու կիրառում գործի մեջ․

«Չէի ասի, թե սա հատուկ մտածված քայլ է իմ կողմից, բայց ինձ համար շատ հետաքրքիր է ոլորտում նոր մարդկանց հետ աշխատելը, քանի որ նրանք բերում են թարմություն, իսկ երբ դու չես վախենում նորություններից, չես մտածում, թե դա քեզ ուր կտանի, ամեն բան կարող է հետաքրքիր հանգուցալուծում ստանալ։ Իհարկե, ինձ համար նաեւ կապ ունի տվյալ անհատի տեսակը։ Անհավանական հետաքրքիր է հետեւել, թե այդ ալիքը քեզ ուր կտանի»։

Հարցին՝ արդյոք ափսոսանք չի՞ ունենում տեսնելով, թե որքան հեշտ են այսօր մարդիկ հասնում հայտնիության, մինչդեռ ինքը տարիների փորձ ու երկար ճանապարհ է անցել, Սոֆին պատասխանեց․

«Առհասարակ, ես կարծում եմ՝ մի քանի տարի է անհրաժեշտ, որպեսզի մարդը հաստատվի, իսկ հայտնի դառնալ կարելի է մի քանի վայրկյանում, բայց այդ հայտնիության որակը, տեսակը եւ հետագան է պետք պահել։ Փաստ է, որ ես տարիների ընթացքում եմ ստեղծել իմը, անշուշտ, ինչ-որ պահի ունեցել եմ դժվարություններ, կուզեի լիներ այժմյան թեթեւությունը, բայց այնպես չէ, որ նստում ու մտածում եմ՝ ինչ կլիներ, եթե այն ժամանակ էլ ամեն բան նույնքան հասանելի լիներ։ Ես հիմա էլ փորձում եմ քայլել ժամանակին համընթաց, հետեւել այն ամենին, ինչ կատարվում է դաշտում, ու այդ ձեւաչափի մեջ իրականացնել իմ գործունեությունը։ Երբ հաջողվում է, շատ եմ ուրախանում, եթե ինչ-որ բան էլ չի ստացվում, չեմ ընկճվում, շարժվում եմ առաջ։ Ես ինքս ինձ մարտահրավերներ եմ նետում։ Երբ մի բան ի վերուստ տրվում է, հաճախ շատերը նստում ու սպասում են, որ ամեն բան ինքնուրույն պետք է շարունակվի, բայց այդպես չի լինում, ինքդ պետք է փորձես հասնել քո սահմանած նշաձողին»։

Երգչուհին ճիշտ պահին հայտնվեց նաեւ երեւանյան երեկույթներից մեկին, պատահաբար հանդիպեց հայտնի աճպարար Լուկա Գալոնեին, ու այդպես միասին նկարահանեցին փոքրիկ տեսանյութ «Ամպերից վեր» երգի սոցցանցային արշավի շրջանակում․


«Կարծում եմ՝ սոցկայքերում ակտիվ մարդիկ պետք է իրազեկ լինեն, թե ովքեր կան իրենց կողքին, ովքեր են իրենց շրջապատում։ Ինչ վերաբերում է Լուկա Գալոնեին, նա շատ հայտնի աճպարար ու բլոգեր է, որն ունի միլիոնավոր հետեւողներ Instagram-ում եւ TikTok-ում։ Նա հյուրընկալվել է այնպիսի հայտնի նախագծերում, ինչպիսիք են՝ Britain's Got Talent-ը, The Ellen Show-ն, ու փաստ է, որ հասել է գլխապտույտ հաջողությունների։ Բացի այդ՝ նա բավական հետաքրքիր կերպով է Հայաստանը ներկայացնում աշխարհում իր միլիոնավոր հետեւողներին։ Ինձ համար կարեւոր է, որ մենք գնահատենք այդպիսի մարդկանց։ Չէի կարող չֆիքսել նման մարդու, որը մեր երկրին բավական հետաքրքիր գույն է հաղորդել։ Մեր հանդիպումն ու համագործակցությունը շատ դրական ստացվեց, կապն արդեն կա, հուսով եմ՝ առջեւում այլ հետաքրքիր մտահաղացումներ կունենանք»։

Ինչ վերաբերում է մյուս համագործակցություններին՝ շատերի աչքից չի վրիպել նաեւ, որ Սոֆիի վերջին երկու երգերում եւ տեսահոլովակում գլխավոր հերոսին մարմնավորում է Դավիթ Աֆրիկյանը․ ոմանք, նույնիսկ, հասցրին սիրավեպ վերագրել երգչուհուն եւ հայտնի դերասանին։ Խոսելով այս մասին՝ Սոֆին ասաց․

«Դավիթն իմ լավ ընկերն է, բացի այդ՝ մեր երկրորդ համագործակցությունն առաջինի տրամաբանական շարունակությունն էր։ Քանի որ «Գնա գալիս եմ»-ը չուներ տեսահոլովակ եւ հավաքված էր ֆոտոշարքով, շատ ցանկացա, որ Դավիթի հետ ներկայանանք նաեւ տեսահոլովակով, որը կմնա մեր համագործակցության պատմության մեջ։ Կարծում եմ՝ հետաքրքիր ու գունեղ է ստացվել»։

Իր վառ ու թրենդային կերպարները, որոնք շատ հաճախ ունենում են համարձակ դրսեւորումներ, Սոֆին վստահում է ոլորտի պրոֆեսիոնալներին։ Երգչուհին նշում է, որ կարեւորում է այն տպավորությունը, որը հեռուստադիտողը պետք է ստանա իր աշխատանքները դիտելիս․

«Տեսահոլովակները մնում են պատմության մեջ, դառնում քո ստեղծագործական կյանքի կարեւոր մասնիկները․ ես ամեն աշխատանքի մեջ փորձում եմ ինձ հետաքրքիր ու նոր ներկայացնել։ Տարիներ ի վեր տարբեր մարդկանց հետ եմ համագործակցել։ Երբ երգն արդեն կա, հստակ հասկանում եմ, թե այն ինչ է պահանջում ու դիմում համապատասխան մարդկանց, որոնք կարող են օգնել այն գեղեցիկ ներկայացնելուն։ Վերջին տեսահոլովակիս շրջանակում աշխատել եմ իմ լավ ու պրոֆեսիոնալ ընկերների հետ՝ դիզայներ Արեւիկ Սիմոնյանի գլխավորությամբ, ով հանդիսացել է ոճաբանն ու կերպարներ է ստեղծել ոչ միայն իմ, այլեւ տեսահոլովակի բոլոր հերոսների համար։ Կերպարիս շուրջ աշխատել են նաեւ Դամիան Հովհաննիսյանը, վարսահարդար Անի Ավդալյանը, դիմահարդար Հրանուշ Եղոյանը․ մենք միշտ փորձում ենք հետեւել բոլոր թրենդներին, լինել նորաձեւ եւ հետաքրքիր։ Առհասարակ, միշտ վստահում եմ ընկերներիս, քանի որ յուրաքանչյուրն իր գործում պրոֆեսիոնալ է»։

Բեմում վառ ու շքեղ, իսկ առօրյայում՝ ազատ ու հարմարավետ․ եթե պատահաբար հանդիպել եք Սոֆիին զբոսանքի ժամանակ կամ բեմի հակառակ կողմում, նկատած կլինեք, որ երգչուհին, գրեթե, միշտ բնական տեսքով է՝ չի սիրում առատ դիմահարդարում ու բարձրակրունկներ։ Մինչ շատ հայտնիներ խուսափում են, անգամ, մոտակա խանութ գնալ առանց շպարի, Սոֆին տարիներ առաջ առանց վարանելու իրականացրեց ֆոտոշարք՝ ցուցադրելով իր բնական հմայքը։

«Ինձ համար կարեւոր է առանձնացնել բեմական կյանքն առօրյայից։ Բեմում ես արտիստ եմ, իսկ կյանքում ունեմ հնարավորություն լինելու ավելի ազատ ու չշպարված։ Չգիտեմ, միգուցե, ժամանակին ես էլ եմ ունեցել որոշակի բարդույթներ, բայց այսօր ինձ լավ եմ զգում հենց այսպիսին։ Շատ դեպքերում մարդիկ իրենց երեւակայության մեջ են ստեղծում որոշակի կերպարներ, ինչին, իհարկե, նպաստում են նաեւ համացանցը, տարբեր ֆիլտրները, ու դրանցից շեղումն առաջացնում է հակադարձություններ, ընդհուպ մինչեւ չեն տեսնում իրենց իրական գեղեցկությունը։ Ես չունեմ նման խնդիրներ։ Բեմում սիրում եմ լինել բեմական կերպարով, իսկ կյանքում՝ բնական, ազատ, հանգիստ ու առանց շպարի։ Ես ինձ հարմարավետ եմ զգում ազատ ոճում, ու կարծում եմ՝ մարդիկ ինձ հենց այսպիսին են սովոր տեսնել ու հենց այսպիսին էլ սիրում են»,-հավելեց երգչուհին, որն այս տարվա ընթացքում կներկայանա մի շարք այլ նորություններով։

«Սպասվում են հետաքրքիր անակնկալներ, հուլիսի մեջ կշարունակեմ ապահովել բարձր տրամադրություն, բայց առայժմ չեմ ցանկանում բացել փակագծերը։ Տարվա մեջ կլինեն հետաքրքիր ելույթներ, լինելու եմ Լոնդոնում, որտեղ մասնակցելու եմ ամառային փառատոնին՝ որպես հատուկ հյուր։ Կունենամ նաեւ հյուրախաղեր եւ այլ երաժշտական նորություններ»,-վստահեցրեց երգչուհին։


Լուսանկարները՝ Դամիան Հովհաննիսյանի, Ռոբերտ Քոլոյանի եւ Սոֆի Մխեյանի ինստագրամյան էջից

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում