Լրահոս

Էրիկ Բազինյան․ Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել, վաղուց Կանադայի քաղաքացի եմ




Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել: Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ եւ չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել եւ գալ ծառայել։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Կանադայից ասաց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO-NABO եւ WBA-NABA վարկածներով չեմպիոն, WBO վարկածով մինչեւ 24 տարեկանների աշխարհի չեմպիոն, Կանադայում հանդես եկող 27-ամյա Էրիկ Բազինյանը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը հուլիսի 1-ին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել է Հայաստանի դրոշի ներքո այլեւս հանդես չգալու որոշման մասին:

Էրիկ, ինչո՞վ է պայմանավորված Հայաստանն այլեւս չներկայացնելու որոշումդ: Ո՞րն է հիմնական պատճառը:

Պատճառը իմ նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելն է Հայաստանի կառավարության կողմից: Ընտանիքիս հետ 15 տարեկանում լքել եմ Հայաստանը՝ դրսում ապրելու, իմ մարզական կարիերայով զբաղվելու նպատակով: 18 տարեկանս լրանալուն պես, իմ քաղաքացիական պարտքը չկատարելու պատճառով իմ նկատմամբ հետապնդում հայտարարվեց: Այս տարիների ընթացքում փորձել ենք նախկին իշխանության, ներկայիս պաշտոնյաների միջոցով խնդրին լուծում տալ, բայց չի ստացվել, չեն արել: Ես համբերատար սպասեցի, որ լրանա 27-ամյակս եւ մեծ հույս ունեի, որ դրանից հետո իմ նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, բայց նորից մերժում ստացա: Միշտ այպիսի օրենք եղել է, որ 27 տարեկանը լրանալուն պես պետական վճարումներ էիր կատարում եւ ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից: Ներկայիս իշխանությունն ամեն տարի այս օրենքում փոփոխություններ է մտցնում եւ, հիմա ըստ իրենց օրենքի, ես համարվում եմ ծառայության ենթակա: Չի գործում այն օրենքը, որ ֆինանսական տույժով ազատվես, եթե լրացել է 27 տարեկանդ:

Դու քո բողոքն արտահայտում ես՝ Հայաստանն այլեւս չներկայացնելով: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում:

Ես իմ մարզական կարիերայի ընթացքում շատ անգամ եմ Հայաստանի անունը հնչեցրել, փորձել իմ հնարավորությունների չափով մեր երկիրը ճանաչելի դարձնել եւ դա արել եմ մեծ սիրով: Իմ մենամարտերը հեռարձակվել են միլիոնանոց լսարաններ ունեցող հեռուստաալիքներով, ամենաքիչը 5-6 միլիոն դիտումներով եւ ամեն անգամ ինձ ներկայացնում են «from Armenia», մենամարտերի վերջում բարձրացնում եմ իմ երկրի դրոշը: Մեծ կազմակերպությունների ներքո եմ հանդես գալիս՝ WBO, WBA, WBC վարկածներում եւ բոլորում թոփ տասնյակի մեջ եմ: Երկու մենամարտից արդեն աշխարհի գոտու համար եմ պայքարելու: Ամբողջ աշխարհում արդեն ճանաչում են ինձ: Չեմ ցանկանում իմ ձեռքբերումների մասին շատ խոսել, բայց ասելիքս այն է, որ ամեն տեղ ես ներկայացնում եմ Հայաստանը, մեր դրոշը բարձրացնում ռինգ, հանդես եմ գալիս Հայաստանից, բայց ապրում եմ Կանադայում:

Ակտիվ մասնակցում եմ բոլոր հայկական միջոցառումներին, ամեն տարի ապրիլի 24-ին հայ համայնքի հետ բարձրաձայնում եմ Հայոց ցեղասպանության մասին, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը: Այսքանից հետո մեր կառավարությունն ինձ ներում, համաներում չի տալիս, որ բացի իմ երկիրը ներկայացնելուց, ես հնարավորություն ունենամ նաեւ գալ իմ հայրենիք:

Վիրավորվա՞ծ ես:

Եթե այսքան բան եմ անում, կարողանում եմ այսքան լսելի, հնչեղ դարձնել իմ հայրենիքը, ինչու մեր երկրի ղեկավարությունը չի գնահատում դրսում ապրող հայերիս ջանքերը եւ ինչու չի զիջում որոշ հարցերում: Ես հայ եմ, հպարտ եմ, որ հայ եմ, ես իմ երկրից չեմ նեղանում, այլ մեր կառավարությունից: Ինձ այսօր շատերը սխալ հասկացան. ես չեմ հրաժարվում հայ լինելուց, Հայաստանից, միայն սպորտում այլեւս Հայաստանը չեմ ներկայացնելու: Եթե Կանադայից հանդես գամ, իրականում իմ վարկանիշն ավելի բարձր կլինի, բայց ես հայ եմ եւ կուզեի շարունակել ներկայացնել իմ հայրենիքը: Ես իմ երկիրը շատ եմ սիրում, բայց այսօր վերջնական վիրավորվեցի: Դեռ չեմ կարող գալ իմ հայրենիք:

Ես այլեւս ծառայելու ենթակա չեմ, քանի որ տարիքս լրացավ: Եթե գամ, իմ նկատմամբ դատական գործ է սկսվելու: Ինձ մեր կառավարությունից շատ բան պետք չի՝ հանեն քրեական հետապնդումը, վճարեմ տույժ-տուգանքները եւ հնարավորություն ստանամ կրկին Հայաստանի քաղաքացիություն ստանալ, հայրենիք գալ:

Ես վաղուց Կանադայի քաղաքացի եմ եւ չեմ կարող իմ աշխատանքը, ընտանիքս, պայմանագրերս, սպորտը թողնել եւ գալ ծառայել: Ես պատահական ինչ-որ մեկը չեմ, որ ուղղակի տանը բազմոցին նստած փորձում է խուսափել զինծառայությունից: Օտար երկրում քրտնաջան աշխատում եմ, մեր երկրի դրոշն եմ բարձր պահում ամբողջ աշխարհում: Այստեղի շատ լուրջ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչու չեմ գնում Հայաստան: Պատասխանում եմ, որ հետախուզման մեջ եմ: Ծիծաղում են, թե ինչպես կարելի է իմ նման մարզիկի հանդեպ նման վերաբերմունք իմ հայրենիքում: Ինձ լավ չեմ զգում:

Շատերը գրում են՝ երկրից պետք չի նեղանալ: Ես երկրից չեմ նեղանում, այլ կառավարությունից, ղեկավարությունից: Ինչո՞ւ պետք է իրենց պատիվը բարձր պահեմ, եթե իմ երկիր չեմ կարողանում ոտք դնել: 4 տարեկան երեխա ունեմ, ամեն տարի նրան առանց ինձ ուղարկում եմ Հայաստան: Ինչո՞ւ չպետք է կարողանամ գալ իմ հայրենիք, ինչու պետք է նախանձեմ բոլորին, որ չեմ կարող նրանց պես ազատ գնալ-գալ: Այո, օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց ես տարբերվում եմ, քանի որ շատ բան եմ արել երկրիս համար իմ քրտնաջան աշխատանքով:

Եթե ապրեի Հայաստանում, պարտադիր կգնայի, երբեք չէի խուսափի զինծառայությունից: Ես չեմ փախել ծառայությունից, փոքր տարիքում իմ ծնողների հետ տեղափոխվել եմ ուրիշ երկիր ապրելու: Համարում եմ, որ ես էլ իմ ձեւով եմ ծառայել իմ երկրին:

Ի՞նչ ես պատրաստվում անել:

Դեռ սպասում եմ եւ հույս ունեմ, որ համաներում կտան ինձ: Եթե հանեցին հետապնդումը, եթե կարողացա վերադառնալ հայրենիք, նորից կշարունակեմ ներկայացնել Հայաստանը, եթե ոչ՝ կներկայացնեմ Կանադան:

Ես հանցագործ չեմ: Եվս մեկ անգամ դիմում եմ մեր կառավարությանը՝ համաներում տալ ինձ, հանել հետապնդումը, որպեսզի ես հնարավորություն ունենամ գալ իմ հայրենիք: Կցանկանայի, որ իշխանությունները մի քիչ խելացի դատեն եւ ճիշտ վերաբերմունք ցուցաբերեն Հայաստանի պատիվը բարձր պահող մարզիկների, մարդկանց նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում