Գրիշա Աղախանյանը և Կարինա Առուստամյանը՝ «Առանց սեր չկա գարուն» երգի, տեսահալովակի ստեղծման և հետագա ծրագրերի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գրիշա Աղախանյանը և Կարինա Առուստամյանը՝ «Առանց սեր չկա գարուն» երգի, տեսահալովակի ստեղծման և հետագա ծրագրերի մասին




Գրիշա Աղախանյանը և Կարինա Առուստամյանը ներկայացրել են Էլվինա Մակարյանի ՝ «Առանց սեր չկա գարուն» երգի տեսահոլովակը, որն Էլվինա Մակարյանի և Գրիշա Աղախանյանի զուգերգի վերամշակված տարբերակն է։

Tert.am Life-ի հետ զրույցում Գրիշա Աղախանյանը և Կարինա Առուստամյանը խոսել են երգի ստեղծման պատմության, տեսահոլովակի գաղափարի և հետագա աշխատանքների մասին։

«Հարսանեկան արարողություններից մեկի ժամանակ ես և Գրիշա Աղախանյանը կենդանի ձևաչափով զուգերգով կատարեցինք երգը։ Իհարկե, այս երգը տարբեր այլ երգիչներ երգել են, բայց աշխատանքն ինքնին խորը քուն էր անցել, իսկ զուգերգից հետո ես Գրիշա Աղախանյանին առաջարկեցի ռիմեյք տարբերակ ստեղծել»,- ասաց Կարինա Առուստամյանը և հավելեց, որ նաև Գրիշա Աղախանյանի մեծ երկրպագուն է եղել։

Առաջարկի մասին խոսելիս Գրիշա Աղախանյանը նշեց, որ առաջարկն ընդունել է սիրով և պատրաստակամությամբ։

«Իմ և Կարինայի երկխոսության արդյունքում ծնվեց նման աշխատանք կատարելու գաղափարը։ Կարինան շատ լավ է կատարում Էլվինայի երգերը նաև որոշակի նմանություն կա ելևեջների և ձայնի մեջ։ Սիրով ընդունել եմ համատեղ աշխատանքի գաղափարը և այժմ ներկայացրել ենք ամբողջական աշխատանքը։ Տեսահոլովակն ու ընդհանուր աշխատանքն անցել են շատ հետաքրքիր, նաև ընթացքիկ նկարահանվող զույգերից մի քանիսի հետ տիկտոկներ ենք նկարել, ես էլ փորձում եմ ժամանակի հետ համահունչ գնալ»,- ասաց Գրիշա Աղախանյանը։



Կարինա Առուստամյանի խոսքով՝ պատասխանատվության բարձր զգացումը նրան ուղեկցել է ողջ աշխատանքային ընթացքի ժամանակ։

«Չեմ կարող նկարագրել՝ ինչ աստիճանի բարձր պատասխանատվության զգացում է ինձ ուղեկցել աշխատանքն անելու ողջ ընթացքում։ Էլվինա Մակարյանի գործը ներկայացնելիս, այլ կերպ չէր կարող լինել, քանի որ յուրաքանչյուր դետալին մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել և ամեն հարցի շրջանակներում բազմաթիվ անգամ մտածել, իսկ հետո նոր իրագործել։ Բարդ է վերարտադրել 20 տարի անց աշխատանք, որն արդեն իսկ սիրված է և ճանաչելի է, բայց այս տարբերակով Էլվինայի երգը նոր շնչով է ապրելու»,- նշեց երգչուհին։



Երգը ներկայացվել է նոր գործիքավորմամբ և արդիական մոտեցումներով։

«Ես ցանկանում էի, որ երգը ներկայացվի նոր մոտեցմամբ և գործիքավորմամբ, բայց լինի Էլվինայի աշխատանքի և երգի շունչը, գրեթե 2 տարի է ինչ գաղափարը «եփվում է»։ Պետք է նշեմ, որ այն աշխատանքները, որոնք ներկայացրել է ինքը չեն գրվել և չեն էլ գրվում, բայց ես փորձել եմ աշխատանքի մեջ պահել իր ձեռագիրը։ Նման գործերը շատ կարևոր են, իսկ այս որակը մեզ պետք է»,- ասաց Կարինա Առուստամյանը և հավելեց, որ հետագայում ներկայացնելու է ևս մեկ աշխատանք, որը հայ հանդիսատեսը դեռևս չի լսել։



Տեսահոլովակի մասին մանրամասներ է ներկայացրել նաև մարքեթինգային մասնագետ Աննա Սալոմեն ով պատմեց տեսահոլովակի ստեղծման պատմության մասին։

«Տեսահոլովակում իսկապես փորձել ենք ստեղծել սիրո տրամադրություն ու մթնոլորտ՝ ներգրավվելով մի քանի հայտնի զույգերի։ Նույն թրենդը նաև շարունակվում է այժմ ցանցում շատ զույգեր երգի ներքո հոլովակներ են նկարում և հրապարակում»,- ասաց Աննա Սալոմեն։