Մարզական սխրանքը «Փյունիկին» նվազագույնը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեց. «Կլուժ»-«Փյունիկ» հանդիպումը՝ 10 փաստով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մարզական սխրանքը «Փյունիկին» նվազագույնը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր ապահովեց. «Կլուժ»-«Փյունիկ» հանդիպումը՝ 10 փաստով




Ռումինիայում «Կլուժի» հետ չափազանց դրամատիկ հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին երկու անգամ հավասարեցնելով հաշիվը, «Փյունիկը» հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթանակ տոնեց և մտավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ, որտեղ կմրցի Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» հետ: «Փյունիկը» եվրագավաթներում նվազագույնը ևս 6 խաղ կանցկացնի: ՀՀ չեմպիոնն արդեն նվազագույնն ապահովել է իր մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆին:

VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. 21-րդ անգամ մեկնարկելով եվրագավաթների մրցաշարերում, ինչը յուրօրինակ ռեկորդ է հայկական ակումբների համար, «Փյունիկը» 10-րդ անգամ հաղթահարեց մրցակցի արգելքը և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Վերջին անգամ փյունիկցիներին դա հաջողվել էր 2019/20թթ. Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլում՝ Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ առավելության հասնելով չեխական «Յաբլոնեցի» նկատմամբ (2-1, 0-0):



2. «Փյունիկը» 13-րդ անգամ է հանդես գալիս Չեմպիոնների լիգայում: Փյունիկցիներին 6-րդ անգամ հաջողվեց հաղթահարել այդ մրցաշարի որակավորման առաջին փուլի արգելքը: Երկու ցուցանիշներն էլ ռեկորդային են հայկական ակումբների համար: Նախկինում դա «Փյունիկին» հաջողվել էր 2002/03 («Տամպերե» Ֆինլանդիա՝ 4-0, 2-0), 2003/04 («Ռեյկյավիկ» Իսլանդիա` 1-0, 1-1), 2004/05 («Պոբեդա» Մակեդոնիա՝ 3-1, 1-1), 2007/08 («Դերի Սիթի» Իռլանդիա՝ 0-0, 2-0) և 2015/16 թթ. («Ֆոլգորե» Սան Մարինո՝ 2-1, 2-1) խաղարկություններում:

3. Եվրագավաթներում ռումինական թիմի հետ առաջին դիմակայությունը հաջող էր «Փյունիկի» համար: Հայկական թիմերից 268 րոպե պահանջվեց «Կլուժի» դարպասը գրավելու համար:

Հիշեցնենք, որ 2018/19թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Կլուժը» մեծ առավելությամբ հաղթել էր «Ալաշկերտին»: 2018թ. օգոստոսի 9-ին «Հանրապետական» մարզադաշտում ռումինացիները 2 անպատասխան գնդակ էին խփել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը, իսկ մեկ շաբաթ անց սեփական հարկի տակ մրցակցին ջախջախել էին 5-0 հաշվով:



4. Եվրագավաթներում հայկական ակումբները 7-րդ անգամ մրցեցին ռումինական թիմերի հետ: Հայաստանի ներկայացուցիչներին 2-րդ անգամ հաջողվեց հաղթահարել մրցակցի արգելքը: Մինչ այդ միայն «Արարատին» էր հաջողվել ռումինական թիմի հետ դիմակայությունում հաջորդ փուլի ուղեգիր նվաճել՝ 1999/2000թթ. Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում առավելության հասնելով «Բաքեուի» նկատմամբ (1-0, 1-0):

Ռումինական 5 թիմերի հետ անցկացրած 13 հանդիպումներից 4-ում հաղթել են հայկական թիմերը, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, 7-ում առավելության են հասել ռումինացիները: Հայկական ակումբներն ընդամենը 9 գոլ են խփել, մրցակիցները հաջողության են հասել 27 անգամ:



5. Եվրագավաթներում «Փյունիկի» անցկացրած 62 հանդիպումներում առաջին անգամ խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11մ հարվածաշարում: «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում 2-րդ անգամ լրացուցիչ ժամանակ նշանակվեց: Մինչ այդ նման դեպք տեղի էր ունեցել եվրագավաթներում փյունիկցիների նորամուտի մրցաշրջանում՝ 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում:

«Փյունիկն» առաջին խաղում Երևանում 3-1 հաշվով հաղթել էր ֆիննական ՀԻԿ-ին: Պատասխան խաղում գրանցվել էր նույնպիսի հաշիվ՝ հօգուտ տանտերերի: Լրացուցիչ ժամանակում ֆինները հաղթել էին 2-1 հաշվով և հաջորդ փուլ էին դուրս եկել:



6. «Փյունիկն» ընդհատեց եվրագավաթներում 508 րոպե տևած գոլային երաշտը: Նախորդ գոլը փյունիկցիները խփել էին 2019թ. հուլիսի 25-ին Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում սեփական հարկի տակ չեխական «Յաբլոնեցի» հետ կայացած մրցավեճում: Աչքի էր ընկել Արթուր Միրանյանը՝ դառնալով դուբլի հեղինակ: Ի դեպ, հենց այդ խաղում էլ «Փյունիկն» առայժմ վերջին հաղթանակն է տոնել (2-1) եվրագավաթներում: Եվրոպական մրցասպարեզում «Փյունիկի» առանց հաղթանակների խաղերի շարքը հասավ 5-ի (3 ոչ-ոքի, 2 պարտություն):

Հարկ է նշել, որ «Փյունիկն» այս տարի անցկացրած պաշտոնական 19 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 13 հաղթանակ, 6 խաղ ավարտելով ոչ-ոքի:

7. Եղիշե Մելիքյանին առաջին անգամ հաջողվեց իր սաների հետ եվրագավաթների հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Նրա առաջին փորձն անհաջող էր անցել: Մելիքյանի գլխավորությամբ «Ալաշկերտը» 2020/21թթ. Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Հանրապետական» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջել էր Հյուսիսային Մակեդոնիայի «Ռենովային»:

Հիշեցնենք, որ 2020թ. կորոնավիրուսի համավարակի պատճառով նախնական փուլերում մրցակիցներն ընդամենը մեկ անգամ էին մրցում միմյանց հետ: Ճիշտ է, Մելիքյանին դեռ չի հաջողվել վայելել հաղթանակի բերկրանքը եվրագավաթներում, ինչը, հուսանք, տեղի կունենա «Դյուդելանժի» հետ դիմակայությունում:



Մելիքյանը դարձավ հայկական ակումբները գլխավորած 18-րդ մարզիչը, որին հաջողվեց իր սաներին հաջորդ փուլի ուղեգիր պարգևել: Ռեկորդակիրը Վարդան Բիչախչյանն է, որի գլխավորությամբ «Շիրակն» ու «Արարատը» եվրագավաթներում ընդհանուր առմամբ 5 անգամ հաջորդ փուլ են դուրս եկել:

8. Զորան Գայիչը բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում: Նա եվրագավաթներում դուբլի հեղինակ դարձած 7-րդ փյունիկցին է: Առաջինը նման հաջողության է հասել Արսեն Ավետիսյանը՝ 1996/97թթ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում սեփական հարկի տակ 2 անգամ գրավելով ֆիննական ՀԻԿ-ի դարպասը: Հետագայում եվրագավաթներում դուբլ են ձևակերպել Արմեն Սանամյանը, Արման Քարամյանը, Էդգար Մանուչարյանը, Բակար Բալդեն և Արթուր Միրանյանը:



Զորան Գայիչը դարձավ եվրագավաթներում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը՝ «Կլուժի» դարպասը գրավելով 32 տարեկան 56 օրականում: Հայկական ակումբներում աչքի ընկած լեգեոնականների մեջ Գայիչը զիջում է միայն «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Անտոն Կոբյալկոյին, որը վրացական «Սաբուրթալոյի» դարպասը գրավել էր 33 տարեկան 92 օրականում: Գայիչն ընդգրկվեց եվրագավաթներում հայկական ակումբներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս մղելով նախկին ալաշկերտցի Դեյան Բոլևիչին (31 տարեկան 193 օրական):

9. Հովհաննես Հարությունյանը դարձավ եվրագավաթներում 11մ հարված չիրացրած երկրորդ փյունիկցին: 2003/04թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում իսլանդական «Ռեյկյավիկի» հետ խաղում 11մ նշակետից վրիպել էր Ռաֆայել Նազարյանը: Սակայն դա չէր ազդել հանդիպման ելքի վրա: «Փյունիկը» Լևոն Փաչաջյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր:



10. Լուկա Ջուրիչիչն ու Արթուր Ավագյանը պաշտոնական մրցումներում նորամուտը նշեցին «Փյունիկում»: Ավագյանն ընդգրկվեց եվրագավաթներում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Կլուժի» հետ խաղում նա 35 տարեկան 9 օրական էր: