Լրահոս

«Բան» բանկի աշխատակից Գրիգորյանը և Comedy Woman-ի ներկայացումը. ինչ կդիտի հայ հանդիսատեսը




Հայտնի կատակերգական Comedy Woman հեռուստաշոուի աստղերից ոմանք ներկայացումով հանդես կգան Երևանում։ Ներկայացման հատուկ հյուրը կլինի դերասան և երգիչ Արսեն Գրիգորյանը։ Sputnik Արմենիային Գրիգորյանը պատմել է, թե ինչ է սպասում հայ հանդիսատեսին, և ինչ կերպարում կտեսնեն իրեն։

Գործը` գործ, ընկերությունը` ընկերություն։ Comedy Woman հեռուստաշոուի աստղերը որքան էլ ուրախ, թեթև մարդիկ են, աշխատանքում շատ պրոֆեսիոնալ են ու նույնը պահանջում են իրենց հետ համագործակցողներից։
Հաղորդավար, երգիչ Արսեն Գրիգորյանը հենց այսպես է բնութագրում Comedy Woman հեռուստաշոուի աստղ Նատալյա Եփրիկյանի ու մնացած մասնակիցների հետ աշխատանքը։
Անդրադառնալով հուլիսի 17-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվող «Залечь на дно в Ереване» ներկայացման ժամանակ իր դերին` Արսենը փակագծեր է բացում։

«Նշեմ, որ շատ ծիծաղելի ներկայացում է, որում ես փոքրիկ էպիզոդում եմ խաղում`«Բան» բանկի աշխատակից եմ։ Հեռուստաշոուի աստղերը գալիս են, որ բանկային քարտ ստանան և ես, որպես բանկի ներկայացուցիչ, ասում եմ, որ դա այսօր հնարավոր չէ անել։Թե ինչերի են իրենք պատրաստ այդ խնդիրը լուծելու համար, կտեսնի հանդիսատեսը»,–պատմում է նա։
Ներկայացումը սկսվում հենց թռիչքից, երբ մասնակիցները ժամանում են Հայաստան։ Հումորների թեմաների մեծ մասը կապ ունի Հայաստանի հետ ու հատկապես, թե ինչպես են օտարերկրացիները սկսում ադապտացվել տեղի կյանքին։

Նատալյա Եփրիկյանի հետ համագործակցության մասին
Առաջիկայում Արսեն Գրիգորյանն իր հանդիսատեսին ժպիտ կպարգևի` նկարահանվելով ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի և պրոդյուսեր Նատալյա Եփրիկյանի սերիալի գլխավոր դերում։

«Մինի սերիալ է լինելու, որի առաջին մասը դեռ պետք է նկարենք։ Ես ֆիլմի գլխավոր հերոսն եմ։ Պատմությունը դերասանի մասին է, որն ապրում է այս իրականության մեջ, բայց հոգով ու սրտով Հոլիվուդ է ուզում։ Կոմեդիա է, բայց ունի նաև դրամատիկ մասեր»,–ասում է նա։

Առաջ անցնելով` դերասանը պատմում է, որ շուտով կխաղա նաև մոնոներկայացման մեջ, որի սցենարի հեղինակները ինքն ու Նատալյան են։

Կամիլը վերադառնում է. հնարավոր է` նաև հեռուստատեսություն
Արսենի ամենասիրված կերպարը` Կամիլը, նրա խոսքով, իր սեփական ուղին է անցնում ու երբեմն էլ ասում է` «հավես չունեմ և կորում»։
Արսենը խոստանում է, որ Կամիլին հանդիսատեսը կտեսնի և՛ որպես բլոգեր, և՛ որպես երգչուհի։
Եթե «32 ատամ» ակումբում Կամիլի հումորներն ավելի շատ կապված էին քաղաքական, սոցիալական հարցերի հետ, ապա այժմ ավելի շատ կենցաղային և անձնական ուղղվածություն ունեն։

«Դե Կամիլն արդեն հասուն կին է դարձել, ավելի շատ ուզում է իր անձնականի վրա կենտրոնանալ , ինչպես շատ մարդիկ, որ բացարձակապես կենտրոնացած են իրենց վրա և կարծում են, որ այս աշխարհն իրենց շուրջ է պտտվում»,–կատակում է Արսենը։

Մեծ է հավանականությունը, որ Կամիլը վերադառնա հեռուստատեսություն, քանի որ սիրում է, այն իր համար առանձնահատուկ տեղ ունի։
«Եթերը բացարձակ իմ առաջ սցենարանային սահմանափակումներ չի դրել։ Երբեմն որ նայում եմ հին տեսանյութերը, մտածում եմ` շատ սուր հումորներ են եղել, հաղորդման մեջ հոլովվել են այնպիսի անուններ, որոնցից մարդիկ սարսռում էին, և այդ մարդիկ այն ժամանակ քաղաքական այրեր էին։ Բայց ինձ համար բացարձակ ոչ մի խնդիր չի առաջացել, նույնիսկ ծիծաղել են ու ինձ տեսնելիս, ցույց են տվել, որ իրենք այդ հումորը տեսել են»,–հիշում է նա։

Չքայլելու դժվարությունների ու մարդկանց արձագանքի մասին
Այս տարվա սկզբին Արսեն Գրիգորյանը պարերից մեկի փորձի ժամանակ լուրջ վնասել էր ոտքը, բայց չնայած դրան, շարունակում էր քայլակներով աշխատել։
«Այդ իրավիճակում շատ ավելի համբերատար էի, որովհետև գիտեի, որ բժիշկները 6 ամսից 1 տարի ժամկետ են տվել վերականգնվելու համար։ Արդեն 7–րդ ամիսն է, ու ես հասկանում եմ, որ բժիշկները ճիշտ էին։ Ես աշխատեցի այդ ընթացքում, ինչի համար շատ ուրախ եմ»,–ասում է Արսենը։

Նրա խոսքով` այդ ընթացքում հասկացել է, թե ինչքան լավ ընկերներ ու հարազատներ ունի, բայց միևնույն ժամանակ, որքան կարևոր է ցանկացած իրավիճակում պատրաստ լինել ինտեգրվել հասարակության մեջ։