Լրահոս

Էլեն Սաֆարյանը՝ «Հատուկ դասարան»-ի, իր դերի ու նպատակների մասին




Դեռահասների մասին ամենաինտրիգային հայկական սերիալում՝ «Հատուկ դասարանում», նկարահանվում է նաեւ Էլեն Սաֆարյանը։ Էլենի հերոսուհին Աննան է, ինչպես ինքն է բնորոշում՝ «Թիթիզ աղջնակ է, ով TikTok-ում ունի շատ հետեւողներ, ակտիվ հետեւում է թրենդներին եւ չի վախենում իր անկեղծ կարծիքն արտահայտելուց, երբ խոսքը Հատուկ դասարանի մասին է: Մեկ-մեկ կոպիտ է պահվածքը նրանց նկատմամբ եւ ոչ տեղին: Երբեմն իրեն միայնակ է զգում, բայց ընկերասեր է այն աստիճան, որ կապ չունի՝ իր դասընկերները ճի՞շտ են, թե՞ սխալ որեւէ հարցում, միեւնույն է միշտ իրենց հետ է»:

Էլենը նշում է, որ բացի ընկերասիրության գծերից, քիչ ընդհանրություններ ունի կերպարի հետ․ «Ոչ TikTok-ում էջ ունեմ, ոչ խիստ թրենդային եմ միշտ։ Կոպիտ ու անտեղի վատ վարվել էլ չեմ կարող մարդկանց հետ, կարծիք ունենալ մարդկանց մասին առանց իրենց ճանաչելու՝ նույնպես»:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Էլեն Սաֆարյանը խոսել է նաեւ սերիալում նկարահանվելու իր փորձի ու հայրիկի՝ հայտնի երգիչ Արսեն Սաֆարյանի արձագանքի մասին։

«Շատերին թվում է, թե «Հատուկ դասարան»-ում նկարահանվելու համար ես առաջարկ եմ ստացել, բայց այդպես չէ։ Ես, ուղղակի, տելեգրամյան ալիքից իմացել եմ քասթինգի մասին, ինչը, նույնիսկ, ուշացած է տեղի ունեցել, քասթինգն արդեն ավարտված էր, նկարահանումները` սկսված: Այնուամենայնիվ, ցանկացա մասնակցել նկարահանումներին առաջին փորձ ձեռք բերելու համար»,-նշեց նա։


Այսօր Էլենի խաղի մասին, հիմնականում, դրական կարծիքներ են հնչում, սակայն երիտասարդ դերասանուհին չհերքեց, որ սկզբնական փուլում մտավախություն ունեցել է, թե ինչպիսի մեկնաբանությունների կարող է արժանանալ իր խաղը,-«Բայց ինքս վստահ եմ եղել, որ պատրաստ էի արդեն ներկայանալու հեռուստադիտողին եւ արժանանալու իր գնահատականին: Դե, բազմաթիվ լավ արձագանքներից էլ ավելի ոգեւորվեցի։ Հաճելի պահերից է, երբ որեւէ անծանոթ (լինի երեխա, թե մեծ) ժպտում է քեզ ու ասում, որ հավանում է խաղդ»:

Հարցին՝ ինչպես է հայրը՝ Արսեն Սաֆարյանը, վերաբերվում իր՝ դերասանուհի դառնալու որոշմանն ու խաղին, Էլենը պատասխանեց․

«Հայրս կողմ է, եւ լավ է վերաբերվում ընտրությանս, որովհետեւ իր համար կարեւոր է, որ ես իմ սիրած գործով զբաղվեմ: Ուղղակի, այդ ամենի պայմանն այն էր, որ ես ունենամ երկրորդ՝ կայուն մասնագիտություն: Այս պահին սովորում եմ ԵՊՀ-ում` փոխադրվեցի Եվրոպական լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրս, նաեւ հաճախում եմ Mihran Arpi Studio-ի դպրոցի դերասանական խմբի դասերին: Հայրիկս միշտ էլ աջակցել է ինձ, բայց նա երբեք ուղղակի չի ասի` «Ապրես, բալիկս, շատ լավ ես այս բանը անում», եթե իրոք այդ կարծիքին չլինի, ինչի համար ես շատ ուրախ եմ, քանի որ էդպես նա միշտ ինձ լավ խորհուրդներ կտա։ Այդ պատճառով մինչեւ իրեն խաղս ցույց տալը, ես պատրաստ եմ եղել թե´ լավ արձագանքի, թե´ նկատողության որեւէ դետալի հարցում: Խաղիս հետ կապված նրա արձագանքը նույնպես շատ լավն էր, ինչն ինձ ուրախացրեց ու տվեց ստիմուլ է´լ ավելի աշխատելու ինքս ինձ վրա»:

Բացի նկարահանվելուց՝ Էլենը նաեւ երգում է։ Նա ասաց, որ մեծ ցանկանություն ունի համատեղելու երկու ոլորտները․

«Առանց երգի կյանքս չեմ պատկերացնում, խաղալու ընթացքում էլ համոզվեցի, որ նույնքան սիրում եմ այդ ամենը: Իհարկե, դեռ շատ-շատ պետք է աշխատեմ ինձ վրա ու կրթվեմ, որ կարողանամ համատեղ երկուսն էլ ճիշտ ձեւով անել»:

Ապագայի մասին Էլենը չի սիրում կիսվել,-«Միայն կնշեմ, որ կան հստակ մեծ նպատակներ, որոնց հասնելու համար լուրջ տրամադրվածություն ունեմ»,-հավելեց նա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում