Ներսես Ավետիսյանի առաջին համերգը, Հրաչ Քեշիշյանի եւ Էրիկի խոստովանություններն ու Հայկոյի երգերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ներսես Ավետիսյանի առաջին համերգը, Հրաչ Քեշիշյանի եւ Էրիկի խոստովանություններն ու Հայկոյի երգերը



Դերասան Ներսես Ավետիսյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Պատվի համար» եւ «Անատոլիական պատմություն» ֆիլմերով, իսկ «Երջանկության մեխանիկայից» հետո հանդիսատեսը նրան ճանաչեց արդեն որպես երգիչ: Երեկ նա կենդանի հնչողությամբ համերգային ծրագրով ներկայացավ հանդիսատեսին: Առաջին համերգը դահլիճային ձեւաչափով չէր, այլ, ինչպես նշեց համերգի ու Ներսես Ավետիսյանի պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը, ավելի գողտրիկ ու մտերմիկ միջավայրում՝ զգալու հանդիսատեսից եկող ազդակներն ու էներգետիկան:

«Իրականում չենք ուզում, որ Ներսեսը երգիչ դառնա, քանի որ նա լավ դերասան է, բայց նրա մեջ դերասան ու երգիչ հարաբերությունը շատ գեղեցիկ է ստացվում»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Քեշիշյանը:



Համերգի մեկնարկն ու ավարտը տրվեց Հայկոյի երգերով՝ այն երգերով, որոնք «Երջանկության մեխանիկա» ֆիլմի սաունդթրեքներն են եղել: Կատարման ժամանակ էլ ցուցադրվում էին տեսանյութեր, թե ինչպիսի ստեղծագործական մթնոլորտում են գործիքավորել այս երգերը:

«Շատ պարտավորեցնող, տաք ու ջերմ զգացողություն է երգել մաեստրոյի երգերը: Երբ «Խոստովանություն» եւ «Սեր» երգերն ընտրվեցին ֆիլմի համար, ես ու Հայկոն սկսեցինք միասին աշխատել, ձայնագրել: «Խոստովանություն» երգի պրեմիերան միասին ենք արել, բայց երկրորդի ժամանակ արդեն մեզ հետ չէր: Միասին աշխատեցինք, բայց, ցավոք, երգերը նվիրեցինք իրեն»,- նշեց Ներսեսը:

Երեկոյի հատուկ հյուրը երգիչ Էրիկ Կարապեյանն էր: Նրանք միասին կատարեցին Հայկոյի «Ես, կամ նա» երգը: Էրիկն ասաց, որ այս երգը պետք է կատարեին երեքով, սակայն այսօր իրականությունն է այլ: Բայց կկատարեն երկուսով ու միշտ, որպեսզի Հայկոյի երգերն ապրեն:

Տիգրան Պետրոսյանի երգացանկից «Ում» երգն էլ Ներսեսը նվիրեց կնոջը՝ Լիլիթին, ով ոչ պակաս հուզված հետեւում էր ամուսնու ելույթին: Համերգը երկու մասից էր բաղկացած: Երկրորդ բաժնում նա ներկայացրեց մի քիչ մոռացված, քիչ լսված ժողովորդական երգերը՝ նոր գործիքավորմամբ ու նոր շնչով:



Հանդիսատեսին շնորհակալություն հայտնեց երգի տեսքով՝ կատարելով Արթուր Գրիգորյանի «Շնորհակալ եմ» երգը. «Շնորհակալ լինելու արվեստը շատ կարեւոր է, որն ինձ փոխանցվել է ուսուցչիցս՝ Արթուր Գրիգորյանից»:

Էլ ինչ համերգ առանց պրեմիերայի: Տարիներ առաջ Հայկոն «Մեր սրտի տնակ» ֆիլմի սաունդթրեքն էր գրել, ու այսօր այն ներկայացվեց երգի տեսքով: Բառերի հեղինակն Ավետ Բարսեղյան է: Համերգային ծրագիրը եզրափակվեց Հայկոյի «Սեր» երգով: