Եղիշե Մելիքյան. «Մենք դիմել էինք, որ այս խաղը չկայանար» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եղիշե Մելիքյան. «Մենք դիմել էինք, որ այս խաղը չկայանար»




VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Արարատի» դեմ խաղում նվազագույն հաշվով պարտությունից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ չի ցանկանում խոսել խաղի մասին, այլ ուզում է խնդրի անդրադառնալ:

«Խաղի մասին չեմ ուզում խոսել, ուզում եմ իրավիճակի մասին խոսել, քանի որ շատ ջղայնացած եմ: Շնորհավորում եմ «Արարատին». արժանի էին, հաղթեցին: Տղաներն աշխատեցին, վերցրին իրենց 3 միավորը: «Արարատն» այս հարցի հետ կապ չունի. եկան, իրենց խաղը խաղացին, հաղթեցին, գնացին: Մենք էլ շնորհավորում ենք նրանց:

Հարցն այն է, որ մենք՝ բոլորս, ոչ թե խոսքով, այլ գործով պիտի ապացուցենք, որ հայկական ֆուտբոլի կողքին ենք: Մենք խնդրել էինք, որ այս խաղը չկայանար, որովհետև մենք այս խաղին մասնակցելուն ի վիճակի չէինք: Ամսի 3-ին (օգոստոսի 3-խմբ.) կարևոր խաղ ունենք (ՉԼ, որակավորման 3-րդ փուլ, «Ցրվենա Զվեզդայի» դեմ-խմբ.): Ասացին, որ խաղը պետք է կայանա, քանի որ այդպես է որոշվել: Եթե այդպես էր, անցյալ տարի «Ալաշկերտի» խաղերից 4-ը չհետաձգեիք: «Ալաշկերտն» էլ էր ներկայացնում հայկական ֆուտբոլը Եվրոպայում, մենք էլ այս տարի ենք ներկայացնում:

Ինչպե՞ս եմ ես սրա տակից դուրս գալու. նեգատիվը մինչև ամսի 3-ը հանդերձարանում է լինելու: Երկու լուրջ վնասվածք. նրանք չեն մասնակցելու խաղին: Խոհանոցային շատ հարցեր կան, որ կարող եմ բարձրացնել, բայց չեմ ուզում: Օգնե՛ք մեզ. մենք հայկական ֆուտբոլը ներկայացնող ակումբ ենք: Հասկանու՞մ եք՝ 3-րդ փուլում ենք... Մեզ համար շատ դժվար է լինելու: Մեր շանսերը շատ քիչ են: Գոնե յուրաքանչյուրս ինչ-որ բանով օգնենք ինքներս մեզ, որ կարողանանք պատիվը բարձր պահել:

Հիմա սրա տակից ես ինչպե՞ս եմ դուրս գալու... Դուրս կգա՛մ, խնդիրը դա չէ, բայց ինչու՞ եք արհեստական խնդիրներ ստեղծում: Մեծ բան չէինք ուզել. ընդամենն ուզել էինք՝ այս խաղը չկայանար, որպեսզի կենտրոնանայինք մեր հիմնական խնդիրների վրա: Հետո նորից կվերադառնայինք, կխաղայինք «Արարատի» դեմ. ամբողջ աշունն առջևում է, իսկ «Արարատը»՝ այստեղ»,- ասել է Եղիշե Մելիքյանը:

Ավելի մանրամասն՝ «Փյունիկի» մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում: