Լրահոս

Նոր գլխավոր հերոսներ ու զարգացումներ․ «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալը կվերադառնա 2-րդ եթերաշրջանով




«Կհանդպենք անտառի տնակում» հեռուստասերիալը վերադառնում է եթեր։ 24 մասից բաղկացած հեռուստաֆիլմը, որը պատմում էր գյուղում հայտնված հարուստ աղջկա, նրա արկածների ու այնտեղ գտած սիրո մասին, երկրորդ եթերաշրջանում հեռուստադիտողին կներկայացնի նոր գլխավոր հերոսների ու նոր պատմություն։

Առաջին եթերաշրջանում գլխավոր կերպարներին՝ Լյուսիին ու Վարդանին, մարմնավորում էին Իննա Խոջամիրյանն ու Բեն Ավետիսյանը, որն այս շրջանում Միացյալ Նահանգներում է։ Այդպիսով, նոր եթերաշրջանում այս զույգին չեք տեսնի, բայց կլինեն այլ հետաքրքիր զարգացումներ, որոնց մասին սցենարիստ Անի Մաղաքյանը պատմել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում։

Անին անկեղծորեն նշեց, որ երբ գրում էր առաջին եթերաշրջանի սցենարը, երկրորդի մասին դեռ խոսք չկար, բայց կանխազգում էր, որ լավ գործ է ստացվելու․

«Այնպես է ստացվել, որ նման հարցերում երբեք չեմ սխալվել, «Կհանդիպենք անտառի տնակում» նախագիծը բացառություն չեղավ։ Առաջին եթերաշրջանի հաջողությունից հետո, հեռուստադիտողների խնդրանքներով ու արձագանքներով առաջնորդվելով, կայացվեց որոշում՝ անպայման անել երկրորդ եթերաշրջան»,-ասաց Անին՝ բացահայտելով նաեւ, թե ինչ լուծումներ են գտել նոր եթերաշրջանի համար․

«Ըստ սյուժեի՝ Վարդանը եւ Լյուսին՝ առաջին եթերաշրջանի գլխավոր հերոսները, ամուսնական ճանապարհորդության են մեկնել։ Փոխարինվել են ոչ թե դերասանները, այլ հերոսները։ Նոր հերոսներ են, նոր կերպարներ։ Երկրորդ եթերաշրջանն ունի ընդհանրություններ առաջինի հետ, բայց, միեւնույն ժամանակ, ինքնուրույն զարգացող պատմություն է։ Այս անգամ գլխավոր հերոսուհին Լիլիթն է, որին մարմնավորում է Մարիամ Ադամյանը։ Նա որոշ հանգամանքների բերումով ժամանում է Լեռնաբերդ եւ ստիպված է մնալ այնտեղ։ Նոր հերոսուհին կտրուկ տարբերվում է արդեն սիրված Լյուսիից, փորձել եմ այս կոնտրաստի միջոցով թարմություն հաղորդել պատմությանը։ Լեռնաբերդցիներին են միացել նաև Բազմաշեն գյուղից (գյուղի անունը հորինված է) երկու բնակիչ»։

Սցենարիստի խոսքով՝ այս անգամ պատմության առանցքում Մոսոն է, որին մարմնավորում է Կարեն Ճաղարյանը, «որի բախտը սիրո հարցում առաջին եթերաշրջանում այդքան էլ չբերեց»։ Սերիալում իրենց կերպարային գծերը կշարունակեն նաեւ Ջուլիա Եղշատյանը, Իրինա Այվազյանը, Ռոբերտ Հակոբյանը, Սուսաննա Բաղդասարյանը, Ալինա Ավետիսյաը եւ այլք․

«Ուրախ եմ, որ թիմին են միացել նաեւ Վարուժան Մարգարյանը, Միկա Ղափլանյանը եւ Հայկ Հովհաննիսյանը»,-հավելեց Անին։

Սերիալի նկարահանումներն արդեն սկսվել են։ Ինչպես նախորդ եթերաշրջանում, այս անգամ էլ դեպքերի զարգացման վայրը նույնն է՝ Քարինջ գյուղը։ Անին դժվարացավ կոնկրետ ժամանակացույց նշել սերիալի եթերային մեկնարկի մասին՝ հույս հայտնելով, որ աշնանն, այնուամենայնիվ, արդեն հնարավորություն կունենան ուրախացնելու իրենց հավատարիմ հեռուստադիտեղին։ Սերիալի ռեժիսորն ու պրոդյուսերը Սերգեյ Հայրապետյանն է․ այն կհեռարձակվի «Նոր Հայաստան» հեռուստաալիքով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում