Ֆրանսահայ Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ֆրանսահայ Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» ֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայում և եվրոպական այլ երկրներում




Փարիզի և Եվրոպայի մի շարք քաղաքներում շուտով կցուցադրվի ֆրանսահայ կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանի «Արմենիա Սակրա» (Սրբազան Հայաստան) ֆիլմը։ Այն ռեժիսորի երկրորդ լայնամետրաժ փաստավավերագրական աշխատանքն է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Orer.am-ը գրում է, որ հեղինակի առաջին ֆիլմը՝ «Հայաստանի գանձերը», ցուցադրվել է Եվրոպայի տարբեր քաղաքների կինոթադրոններում, հայկական ընկերակցություններում, ինչպես նաև Կանադայում։

«Արմենիա Սակրան» լիամետրաժ, 65 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմ է։ Կինոնկարի գլխավոր թեման միջնադարյան հայկական ճարտարապետությունն է՝ եկեղեցիները, վանքերը, բերդերը և նրանց պատմությունը, ինչպես նաև Հայաստանի բնությունը: Հուշարձանների, եկեղեցիների պատմությունը հայերեն լեզվով մանրամասն ներկայացնում է ֆրանսիացի հայտնի օպերային երգիչ Մարիո Հաքքարդը։ Ֆիլմը առանձնահատուկ է նյութի հարստությամբ և հագեցվածությամբ, տեսարանների բազմազանությամբ։

Նկարահանումները Հայաստանում և Արցախում կատարվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ և թույլատրությամբ։ Արցախում նկարահանված եկեղեցիներից, վանքերից, ամրոցներից շատերը այժմ գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածնքերում, և փաստորեն, բացառիկ և վերջին վավերացված կադրերն են։


Ֆիլմում բացառիկ հարցազրույցով է հանդես գալիս աշխարհահռչակ հայագետ Ժան Պիեր Մահեն։ Չնայած այն փաստին, որ ֆիլմը փաստավավերագրական է, այն յուրահատուկ է իր պատկերի և սցենարի գրավչությամբ։ Լինելով մասնագիտությամբ նաև լուսանկարիչ և նկարիչ՝ ֆիլմի հեղինակը կադրային, լույսի և ստվերի յուրահատուկ լուծումների միջոցով ֆիլմին հաղորդել է մոգականություն։ Ֆիլմը ֆրանսերեն է, շուտով նախատեսվում է այն թարգմանել նաև հայերեն։ Ռեժիսորը ցանկանում է երրորդ՝ մեծամասշտաբ ծրագրով նոր ֆիլմ նկարահանել, որը կներկայացնի Հայաստանը՝ տարվա չորս եղանակներին։



Կինոռեժիսոր Նարեկ Ոսկանյանը արտերկրում է ապրում 11 տարեկանից։ Միջնակարգ կրթությունն ստացել է Վարշավայում։ Տեղափոխվելով Ֆրանսիա՝ ուսանել է Փարիզի հեղինակավոր Գեղեցիկ արվեստի բարձրագույն համալսարանում՝ լուսանկարչության բաժնում։ Դեռ մանկուց զբաղվել է գեղանկարչությամբ, անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում և Ֆրանսիայի տասնյակ ցուցասրահներում։

Նարեկ Ոսկանյանը բազմաթիվ փաստավավերագրական ֆիլմերի, խաղարկային տեսահոլովակների, հեռուստանախագծերի հեղինակ է; ֆրանսիայում գործող հայ-ֆրանսիական ինտերնետային հեռուստաալիքի համահիմնադիրն է։