Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ ֆիլմի նկարահանման հրապարակում Բոլդուինի կրակոցը պատահական չէր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ ֆիլմի նկարահանման հրապարակում Բոլդուինի կրակոցը պատահական չէր




«Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում դերասան Ալեք Բոլդուինի կրակոցը պատահական չի եղել, հայտնում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի դատաբժշկական փորձաքննության տվյալները։ Կրակոցի արդյունքում մահացել էր օպերատոր Հալինա Հաթչինսը, իսկ ռեժիսոր Ջոել Սոուսան ծանր վիրավորվել էր։

Փաստաթղթում նշվում է, որ օգտագործված հրազենը (45 տրամաչափի F.lli Pietta ատրճանակ) չէր կարող կրակել առանց ձգանը սեղմելու։ Նշվում է նաեւ, որ ատրճանակի աշխատանքային ներքին տարրերը վնասված չեն եղել։

Ընդ որում, դեկտեմբերին ABC News-ին տված հարցազրույցում Բոլդուինն ասել էր, որ ինքը չի սեղմել ատրճանակի ձգանը։

Նրա փաստաբանները նաեւ հայտնել են, որ դերասանը համոզված է եղել, որ չլիցքավորված պարկուճներով ատրճանակ է օգտագործում։ Ֆիլմը նկարահանելիս Բոլդուինի լիազորությունները սահմանափակվում էին սցենարային շտկումների հաստատմամբ եւ դերասանների ընտրությամբ, իսկ զենքի ընտրության խախտումների հարցերը նրա իրավասության սահմաններում չէին, եզրակացրել են փորձագետները:

2021 թվականի հոկտեմբերի 21-ին «Ժանգը» ֆիլմի նկարահանման հրապարակում Ալեք Բոլդուինը կրակել է ատրճանակից, որում ոչ թե չլիցքավորված, այլ մարտական պարկուճներ են եղել: Նա վիրավորել էր նկարահանող խմբի երկու անդամի՝ 42-ամյա օպերատոր Հալինա Հաթչինսին եւ 48-ամյա կինոռեժիսոր Ջոել Սոուզային։ Բժիշկներին չէր հաջողվել փրկել օպերատորի կյանքը։ Սոուզան հետագայում դուրս է գրվել հիվանդանոցից:

Աղբյուրը՝ Gazeta.ru
Լուսանկարները՝ Jim Weber/The New Mexican, Instagram, AP Photo/Jae C. Hong, File