Եղիշե Մելիքյան. «Տանը չէինք հաղթել թե՛ «Կլուժին», թե «Դյուդելանժին», սակայն դուրս եկանք հաջորդ փուլ» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Եղիշե Մելիքյան. «Տանը չէինք հաղթել թե՛ «Կլուժին», թե «Դյուդելանժին», սակայն դուրս եկանք հաջորդ փուլ»


VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ամփոփել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ մոլդովական «Շերիֆի» դեմ առաջին խաղը (0-0):

«Մրցակիցն ուժեղ է, համալրված լավ ֆուտբոլիստներով: «Շերիֆին» թույլ չտվեցինք ցուցադրել իր լավագույն խաղը, սակայն տխուր է, որ չստացվեց օգտագործել նրանց թույլ կողմերը: Կարծում եմ՝ այս թիմով առավելագույնին ենք հասնում. նման մրցակիցների դեմ խաղերում պետք են անհատական որակներով օժտված խաղացողներ, որոնք կարող են խնդիրներ լուծել առջևի գծում:

Շատ դժգոհ եմ Հովհաննես Հարությունյանին փոխարինած ֆուտբոլիստից (Ռենսո Սամբրանո), որը ոչնչով չօգնեց թիմին:

Հանդերձարանում ասացի՝ տանը չէինք հաղթել թե՛ «Կլուժին», թե՛ «Դյուդելանժին», սակայն արտագնա խաղերում լուծեցինք դիմակայության ելքը: Կարծում եմ՝ այս անգամ նույնպես նման հնարավորություն կա:

Եթե VAR (տեսակրկնությունների համակարգ) լիներ, Արտակ Դաշյանի կողմից կանոնների խախտում չէր արձանագրվի, իսկ Մարյան Ռադեսկիի հետ պայքարում 11-մետրանոց կնշանակվեր, քանի որ մրցակցի ֆուտբոլիստը ձեռքով էր խաղացել»,- ասել է 43-ամյա մարզիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

 
 Պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 25-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին, Քիշինևի «Զիմբրու» ստադիոնում:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլում երկխաղյա դիմակայությունում պարտվել էր Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզեդային» (0-5, 0-2), իսկ «Շերիֆը» նույն փուլում պարտություն էր կրել չեխական «Վիկտորիա Պլզենից» (1-2, 1-2):

«Շերիֆին» հաղթելու դեպքում Հայաստանի 15-ակի չեմպիոնը կնվաճի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, պարտվողը պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթահարել էր Ռումինայի չեմպիոն «Կլուժի» արգելքը (0-0, 2-2, 11-մետրանոցներ՝ 4-3): Երկրորդ փուլում «Փյունիկը» պայքարից դուրս էր թողել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին» (0-1, 4-1)` դառնալով Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս եկած առաջին հայկական ակումբը: