«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք». Սաղմոսավանքի բակում տեղի է ունենալու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:30-ին Արագածոտնի մարզի, Սաղմոսավանքի բակում տեղի է ունենալու հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը:
Փառատոնի հիմնադիրներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները,կազմակերպիչը «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ն, գործընկերները՝ Խարբերդի մասնագիտացված մանկատունը և «ARMNOUVO» հիմնադրամը:
Փառատոնի ուղերձն է ՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։
Այն վեր է հանում մի շարք կարևոր հարցեր և տալիս լուծումներ՝
1.Բացահայտել հատուկ կարիքներ ունեցող անձանց երաժշտական տաղանդը։
2.Աշխարհի տարբեր երկրներում ապրող նմանատիպ յուրահատկություններով օժտված մարդկանց համախմբել մեկ վայրում՝Հայաստանում։
3.Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ, լինելով կրողը իր ազգային մշակույթի, ներկայացնելու է իր ազգային երաժշտությունը:
4.Ազգային երաժշտության միջոցով տարբեր մասնակից երկրներ ծանոթանում են միմյանց մշակույթին։
5.Փոխանակվում են փորձով, ձեռք են բերում նոր ծանոթություններ և ընկերներ։
6.Այս յուրահատկություններով օժտված մարդիկ ասելիք ունեն մարդկությանը՝իրենք հասարակության անբաժանելի ու կարևոր մասն են։
7.Փառատոնը լուծում է այս մարդկանց հնարավորինս ներգրավվածությունն սոցիալական,մշակութային կյանքին։
8.Յուրաքանչյուր մասնակցի, և ոչ միայն,տալիս է երազելու և այն իրականացնելու թևեր:
9.Փառատոնի միջոցով բարձրաձայնում ենք հետևյալ ուղերձը, որ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» ։
Փառատոնի ակնկալիքներն են՝
1. Հատուկ կարիքներ ունեցող յուրաքանչյուր մարդիկ մեծ մասամբ դուրս են մնում հասարակության մշակութային կյանքից: «Ճախրուկ» միջազգային փառատոնի շնորհիվ այս մարդիկ, անմիջական ներգրավվածություն են ունենում լայնածավալ մշակութային իրադարձության մեջ եւ երեխաների մոտ բարձրանում է ինքնագնահատականը, հավատը սեփական ուժերի նկատմամբ։Կարևորվում է յուրաքանչյուրի դերը և տեղը որպես հավասար կրողն ու ներկայացնողն ազգային մշակույթի:
2. Արտերկրից ժամանած մասնակիցները ծանոթանում են հայկական մշակույթին և ունենում են բացառիկ հնարավորություն մշակութային կյանքի մի մասը կազմելու։ Բոլոր մասնակիցների միջև ակտիվ շփումը տալիս է փորձի փոխանակում, երաժշտության միջոցով յուրաքանչյուր երկրի մշակույթին ծանոթանալու հնարավորություն, նոր ընկերների ձեռք բերում:
3. Առհասարակ հասարակությանը այս փառատոնը հնարավորություն է տալիս փոխելու մտածելակերպ, աշխարհըկնալում եւ հասարակության ուշադրությունը սևեռել այն հանգամանքին, որ անկախ իր մտավոր և ֆիզիկական հնարավորություններից, յուրաքանչյուր մարդ ունի հավասար իրավունքներ և իրենց առանձնահատուկ կարողությունները հասարակությունից դուրս մնալու պատճառ չպետք է դառնան:
2022թ-ի փառատոնին մասնակցելու են՝
1. Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը
2.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Մանկան տուն» մանկատան երեխաները
3. «Արևային զանգակներ» դաունի համախտանիշ ունեցող երեխաների նվագախումբը
4. «Մայրի» սոցիոմշակութային կենտրոնի գեղարվեստական խումբը
5.ՌԴ, Սերգիեվ Պոսադի խուլ և կույր երեխաների «Семейний центр» տուն-ինտերնատի «Преодоление» երաժշտախմբը
6. Свердловский մարզի Верх Нейвинцкий ավանի «Благое дело» հասարակական կազմակերպության «Нейва» երաժշտախումբ
Փառատոնի հատուկ հյուրն է Արթո Թունչբոյաջյանը, «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են,եթե չունես հոգու թռիչք» ներկայացման բեմադրիչ-ռեժիսորը՝ Պյոտր Նեմոյը,երաժշտությունը՝ Աննա և Անահիտ Մխիթարյանների:
Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2021թ. հուլիսի 25-ին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում,որին ամբողջական համերգային ծրագրով մասնակցում էին Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախումբը և որպես հրավիրված հյուր ` Արթո Թունջբոյաջյանը և Armenia Navy Band-ը: