Ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար, երկիրը ճանաչելու ժամանակ կունենամ. Լուիշ Ֆիգու - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար, երկիրը ճանաչելու ժամանակ կունենամ. Լուիշ Ֆիգու




Պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն Հայաստանում է. նա միացել է «Դիջիթեյն» ընկերության թիմին՝ որպես դեսպան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ լեգենդար ֆուտբոլիստը ընդգծեց, որ կանի ամեն ինչ ընկերության ծրագրերը առաջ մղելու համար և առաջիկա 6 ամիսների ընթացքում պլանավորել է աշխատանքային հանդիպումների նպատակով այցելել տարբեր երկրներ:
 

«Ինձ համար մեծ պատիվ է միանալ «Դիջիթեյն»-ի ընտանիքին, վերադառնալ Երևան: Վերջին անգամ ես այստեղ մասնակցել եմ լեգենդների խաղին: Երբ գալիս ես ֆուտբոլ խաղալու, այդքան մեծ հնարավորություններ չունես տեսնել և ճանաչել երկրի մշակույթը, հանդիպել մարդկանց: Դու միայն գալիս ես օդանավակայան, այնուհետև հյուրանոց ես գնում: Այդ իսկ պատճառով ես շատ ուրախ եմ կրկին վերադառնալ Հայաստան, ժամանակ ունեմ երկիրը ճանաչելու համար»,- ասաց Ֆիգուն:

Ասուլիսի ընթացքում պորտուգալացի ֆուտբոլիստը պատասխանեց լրագրողների և երկրպագուների հարցերին իր կարիերայի, անձնական կյանքի, առաջիկա ծրագրերի վերաբերյալ:


«Ինձ համար երազանք էր ֆուտբոլ խաղալը, և ես երբեք չէի ակնկալում, որ կարող էի հասնել այդ մակարդակին: Կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ ֆուտբոլում, ինչպես նաև տարբեր ոլորտներում, եթե չունեք թիմային աշխատանք, չեք կարող հաջողության հասնել՝ որպես անհատ: Հաջողությունը կախված է որոշակի մարդկանցից: Կարող են լինել բացառություններ, բայց թիմային ոգին և թիմային հաղթանակն է շատ կարևոր»,- ասաց Ֆիգուն:

Պորտուգալացի ֆուտբոլիստը իրեն բախտավոր է համարում, քանի որ, կարծում է, որ հնարավորություն է ունեցել խաղալ աշխարհի լավագույն թիմերում և լավագույն ֆուտբոլիստների հետ:


Հարցին, թե ո՞ր ֆուտբոլային թիմում կնախընտրեր խաղալ, եթե հնարավորություն ունենար ընտրելու, Ֆիգուն պատասխանեց, որ մանկուց սիրել է հետևել «Լիվերպուլ»-ի խաղերին, սակայն կարիերայի ընթացքում նրան այդպես էլ չի հաջողվել Անգլիայում խաղալ:

«Թույլ չտվեցին, որ ես Անգլիայում խաղայի, կարծում եմ, «Լիվերպուլ»-ում կխաղայի»,- նշեց Ֆիգուն:


Համեմատելով իր ժամանակվա ֆուտբոլը ներկայիս ֆուտբոլի հետ՝ Ֆիգուն ասաց, որ կյանքը, հասարակությունը, տեխնոլոգիաները զարգացել են և տարբերությունը մեծ է:

«Կարծում եմ՝ ամեն ինչ փոխվել է, կա տարբերություն ֆուտբոլիստների պատրաստության, սարքերի, կոշիկների, աշխատակազմի, տեխնոլոգիաների, այժմ շատ ու շատ տեղեկատվություն կա, բայց էմոցիաների առումով բան չի փոխվել»,- ընդգծեց Ֆիգուն:


Ֆիգուն երբեք չի ցանկացել դառնալ մարզիչ: Լեգենդար ֆուտբոլիստը նշեց, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում և ֆիզիկապես, և մտավոր առումով շատ է հոգնել՝ 20 տարի նվիրելով ֆուտբոլին:

«Ցանկացել եմ լինել ակումբի տնօրեն, բայց մարզիչ՝ ոչ»,- եզրափակեց Ֆիգուն:

Լուիշ Ֆիգուն Հայաստան էր ժամանել նաև 2018 թվականի հուլիսին: Նա Հանրապետական մարզադաշտում մասնակցել էր լեգենդների մասնակցությամբ խաղին: