Լևոն Աղասյան. «ԵԱ-ից հետո դժվարությամբ էի քայլում» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Լևոն Աղասյան. «ԵԱ-ից հետո դժվարությամբ էի քայլում»




Հայաստանի առաջատար եռացատկորդ, Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Ռիո-2016 ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մասնակից, միջազգային տարբեր մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Լևոն Աղասյանի համար մրցաշրջանն ավարտված է։

VNews-ի թղթակցի հետ զրույցում 27-ամյա կապանցի մարզիկն ամփոփել է ընթացիկ մրցաշրջանը, խոսել վնասվածքի մասին ու անդրադարձել օգոստոսին Մյունխենում կայացած Եվրոպայի առաջնությանը, որտեղ չէր կարողացել հաղթահարել որակավորման փուլը։

-Ինչպե՞ս եք գնահատում ձեր ելույթներն ընթացիկ մրցաշրջանում։

-Տարին սկսեցի նորմալ, անգամ՝ սպասվածից փոքր-ինչ լավ, որովհետև առաջին մրցաշարին մասնակցեցի վնասվածքից ապաքինվելուց անմիջապես հետո ու առանձնապես բարձր արդյունք չէի ակնկալում։ Բացի այդ, տարվա առաջին մեկնարկը միշտ էլ որոշակի առանձնահատկություններ ունի։ Մարսելում տեղի ունեցած ամառային մրցաշրջանի երկրորդ մրցաշարում նույնպես լավ հանդես եկա, սակայն ցատկելիս կանգնելով վազքուղում անբացատրելիորեն հայտնված լրացուցիչ ցատկատախտակին՝ ցավեցրի կրունկս ու չկարողացա շարունակել ելույթը։ Այդ մրցաշարում 16,39 մետր արդյունքով գրավեցի 3-րդ տեղը։ Դրանից հետո բավականին երկար բուժվեցի, բայց վնասվածքը մինչև հիմա էլ հիշեցնում է իր մասին։ Այժմ էլ շարունակում եմ բուժվել, որպեսզի կարողանամ սկսել նախապատրաստությունը հաջորդ մրցաշրջանին։

-Դրանո՞վ է պայմանավորված Մյունխենում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում ձեր կարիերայի վատագույն արդյունքներից մեկը (16,03 մետր) գրանցելու հանգամանքը։

-Այո, հենց դա էր պատճառը։ Անկեղծ ասած՝ խիզախեցի՝ մասնակցելով այդ մրցմանը։ Կարծում էի՝ կկարողանամ հաղթահարել ցավը և տեխնիկապես ճիշտ աշխատանք կատարել, որովհետև թեպետ որոշ ժամանակ չէի ցատկել, բայց ֆիզիկապես լավ մարզավիճակում էի։ Սակայն, հենց առաջին փորձից վնասվածքը հիշեցրեց իր մասին ու չկարողացա նորմալ ցատկեր կատարել։ Այն դեպքում, երբ եռացատկում արդյունքներն ընդհանուր առմամբ բարձր չէին՝ 16,07 մետրը եզրափակիչ փուլի ուղեգիր էր ապահովել։ Անգամ եզրափակիչ անցնելու դեպքում չէի շարունակի ելույթներս, որովհետև այդ կերպ միայն կխորացնեի վնասվածքս։ Որակավորման փուլից հետո ցավերի պատճառով դժվարությամբ էի քայլում։

-Ինչպե՞ս է ընթանում ապաքինումը։

-Իրականում, դա լուրջ վնասվածք չէ, քանի որ չի կարող հանգեցնել բարդացումների։ Պարզապես շատ ժամանակ է պահանջվում վերականգնման համար։ Բժշկական բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել են, մնում է շարունակել ճիշտ և համբերատար բուժվել։ Մոտ երկու շաբաթից կսկսեմ թեթևակի մարզվել ու նախավարժանքներ կատարել։

-Ընթացիկ մրցաշրջանը ավարտվա՞ծ է ձեզ համար։

-Այո։ Կային նախատեսված մրցաշարեր, սակայն մարզչիս հետ խորհրդակցելով՝ որոշեցինք, որ ճիշտ կլինի հրաժարվել մասնակցությունից, լիարժեք վերականգնվել և պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։

-Այնուհանդերձ, Եվրոպայի առաջնությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը VNews-ի հետ զրույցում հայտարարել էր, որ դուք և Երվանդ Մկրտչյանը ձեր հնարավորություններից ցածր էիք մասնակցել։ Նաև նշել էր, որ հայ մարզիկները պետք է փոխեն մոտեցումը և նման մրցումներին մասնակցեն ավելի մեծ պատասխանատվությամբ։ Հայ աթլետներն ունե՞ն պատասխանատվության պակասի խնդիր։

-Կներեք, բայց իսկապես չէի ցանկանա անդրադառնալ այդ հարցին ու խորացնել խնդիրը։ Իմ մեկնաբանությունը պարզապես անդրադարձ էր մարզչի հայտարարությանը, որի մի մասին համաձայն չեմ։ Իմ կարծիքով՝ մեր աթլետները պատասխանատվության պակասի խնդիր չունեն, միշտ ձգտում են հանդես գալ ուժերի առավելագույն ներդրումով և բարձր պահել մեր երկրի պատիվը։