UWW․ Արթուր Ալեքսանյանը կփորձի 4-րդ տիտղոսը նվաճել ԱԱ-ում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

UWW․ Արթուր Ալեքսանյանը կփորձի 4-րդ տիտղոսը նվաճել ԱԱ-ում




Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությունից առաջ անդրադարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։

«Արթուր Ալեքսանյանն առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձավ 2014-ին, այնուհետև ոսկե մեդալ նվաճեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերում, իսկ ԱԱ-ում հաջողությունը կրկնեց 2015-ին ու 2017-ին։ Ալեքսանյանը կմասնակցի սեպտեմբերի 11-ին Բելգրադում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը և կփորձի նվաճել չորրորդ տիտղոսն ու 6-րդ մեդալը»,- գրել է UWW-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանն անցյալ տարվա օգոստոսին Տոկիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելուց հետո մրցումների չի մասնակցել։ Նա պետք է մրցագորգ վերադառնար հուլիսի վերջնամասում Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում և մեկնել էր Լեհաստանի մայրաքաղաք, սակայն վնասվածքի պատճառով բաց թողեց մրցումը։

Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ԱԱ-ին կմեկնի սեպտեմբերի 8-ին։ Թիմի կազմում ընդգրկված են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։