Հատկացումներ՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հատկացումներ՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցին




ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 1-ի նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն 667 հազար 800 դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն 879 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ, հաղորդում է նախարարության պաշտոնական կայքը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Մինչև օրակարգի հարցին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

Անդրադառնալով զեկուցվող հարցին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ որոշման նախագծով նախատեսվում է 2 մլրդ 232 մլն դրամ գումարի շրջանակում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը, մասնավորապես՝

-«Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացնել 14,7 մլն դրամ,

-Ամբերդ ամրոցի վթարային հատվածների ամրակայում և դրա տարածքների բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար հատկացնել 4,5 մլն դրամ,

-Արմավիրի մարզի Գետաշեն և Լենուղի համայնքներում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցման աշխատանքների մեկնարկման համար հատկացնել 80-ական մլն դրամ,

-«Ռյա Թազայի Ա․ Ավդալի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման համակարգի տեղադրման համար հատկացնել 17,1 մլն դրամ,

-«Զոլաքար գյուղի Ա. Վարդանյանի անվան N 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տարածքի բարեկարգման և պարսպապատման համար հատկացնել 40,1 մլն դրամ,

-«Էջմիածնի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տանիքի նորոգման աշխատանքների համար հատկացնել 41,7 մլն դրամ,

-«Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի վարչական մասնաշենքի ջեռուցման համակարգի արդիականացման համար հատկացնել 59,8 մլն դրամ,

-8 հանրակրթական դպրոցների մարզադահլիճների վերակառուցման համար հատկացնել 713,4 մլն դրամ։ Այդ դպրոցներն են՝ Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական դպրոցը, Երևանի թիվ 37 հիմնական դպրոցը, Երևանի թիվ 136 հիմնական դպրոցը, Փշատավանի միջնակարգ դպրոցը, Սարդարապատի միջնակարգ դպրոցը, Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցը, Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցը և Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցը։

-Նախագծով նախատեսվում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային 2023 թ.-ին Եվրոպայի ծանրամարտի առաջնության անցկացման նպատակով գույքի ձեռքբերման համար հատկացնել 600,5 մլն դրամ։

-Բացի դրանից՝ մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպությունների համար մարզական գույքի ձեռքբերման համար նախատեսվում է հատկացնել 330,9 մլն դրամ, ինչպես նաև 70 կազմակերպության ապահովել շուրջ 250 մլն դրամի գույքով (այդ թվում՝ 18 թանգարան, 12 գրադարան, 26 մարզադպրոց, 3 ուսումնական և 6 արտադպրոցական ուսումնական հաստատություն, 5 մշակութային կազմակերպություն)։


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև մանկապատանեկան մարզադպրոցների, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և այլ մարզական հասարակական կազմակերպությունների համար մարզական գույքի ձեռքբերման գործընթացը:

Նա հիշեցրել է, որ ընթացքի մեջ է Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման ծրագիրը, իսկ Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցի կառուցումը նախագծանախահաշվային աշխատանքների փուլում է:

«Կարծում եմ՝ սա լավ պրակտիկա է, որ անվանի մարզիկների անվամբ իրենց բնակավայրերում մարզադպրոցներ են կառուցվում, որը գրավիչ կլինի երեխաների համար»,- նշել է վարչապետը: