Գևորգ Ալեքսանյան. «Ճիշտ չէր լինի, որ Արթուր Ալեքսանյանը բաց թողներ աշխարհի առաջնությանը» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գևորգ Ալեքսանյան. «Ճիշտ չէր լինի, որ Արթուր Ալեքսանյանը բաց թողներ աշխարհի առաջնությանը»




Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը շարունակում է մարզվել Հայաստանի հավաքականի կազմում և պատրաստվել սեպտեմբերի 10-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկող աշխարհի առաջնությանը։ Այդ մասին VNews-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց 97 կգ քաշային գյումրեցի ըմբիշի հայրը և անձնական մարզիչը՝ Գևորգ Ալեքսանյանը։

«Մարզումներն ընթանում են նորմալ։ Արթուրը շարունակում է պատրաստվել աշխարհի առաջնությանը։ Անկեղծ ասած, այս պահին չէի ցանկանա առանձնապես կենտրոնանալ վնասվածքի թեմային։ Կարող եմ ասել միայն, որ որդիս մասնակցելու է համաշխարհային ստուգատեսին»,- ասաց մարզիչը։

Հարցին՝ արդյո՞ք ավելի նպատակահարմար չէր լինի, եթե Արթուր Ալեքսանյանը բաց թողներ աշխարհի առաջնությունը և ամբողջությամբ կենտրոնանար լիարժեք բուժմանը, որպեսզի կազմ ու պատրաստ ներկայանար հաջորդ մրցաշրջանին՝ Գևորգ Ալեքսանյանը պատասխանեց.

«Մեր գլխավոր նպատակը շարունակում են մնալ Օլիմպիական խաղերը։ Իսկ քառյամյակի գլխավոր մրցմանը պատրաստվելիս չի կարելի երկար ժամանակով մատնվել հարկադիր պարապուրդի, կտրվել մրցումային փուլերից։ Անկախ նրանից, թե Արթուրն ինչպես կմասնակցի՝ այս առաջնությունը բաց թողնելը ճիշտ չէր լինի»,- նշեց Գևորգ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Բաբալարյանի գլխավորած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնելու սեպտեմբերի 8-ին։ Թիմի կազմում ընդգրկված են Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։

Արթուր Ալեքսանյանը անցյալ տարվա օգոստոսին Տոկիոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճելուց հետո մրցումների չի մասնակցել։ Նա պետք է մրցագորգ վերադառնար հուլիսի վերջնամասում Վարշավայում կայացած միջազգային մրցաշարում և մեկնել էր Լեհաստանի մայրաքաղաք, սակայն վնասվածքի պատճառով բաց թողեց մրցումը։