«STARMUS VI փառատոնը կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա». Սերժ Թանկյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«STARMUS VI փառատոնը կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա». Սերժ Թանկյան




Երևանում STARMUS VI միջազգային փառատոնը կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, որոնք ամեն ինչ կանեն գիտությունը հանրայնացնելու և խթանելու համար։

Արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը կարևոր էր անցկացնել Հայաստանում և հիմա։ Նման հայտարարություն արեց աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը այսօր կայացած ասուլիսում։ Նշենք, որ ասուլիսին մասնակցում էին նաև STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանը, երաժիշտներ Ռիք Վեյքմանը, Դերեկ Շերինյանը, Սայմըն Ֆիլիպսը և անվանի դաշնակահար Տիգրան Համասյանը (առցանց)։



«Հայաստանը գիտության կենտրոն էր խորհրդային տարիներին: Այժմ գիտությունը, կրթությունը և տեխնոլոգիաները համաչափ զարգանում են: Մենք փորձում ենք բացահայտել աշխարհը, որում ապրում ենք: Ուղեղի մի կիսագնդով դուք այն կարող եք բացահայտել արվեստի միջոցով, մյուս կիսագնդով՝ գիտության միջոցով, բայց երկուսն էլ մեկ ուղեղի մաս են կազմում: Հատկապես փոքր պետություններին, որոնք չունեն խորը պետական ռեսուրսներ, հաղթահարել այդ ամենն օգնում են գիտությունը, տեխնոլոգիաները և կրթությունը»,- ասաց Թանկյանը։



Նրա խոսքով` առաջին անգամ փառատոնը Հայաստանում անցկացնելու գաղափարը Գարիկ Իսրաելյանից լսել է «WCIT 2019» համաժողովի ժամանակ։ Քանի որ Թանկյանը հավանություն էր տվել գաղափարին, Իսրայելյանը նրան էլ հրավիրեց Հայաստան։

STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանն իր հերթին նշեց, որ պետությունները բավարար քանակությամբ գումար չեն ծախսում կրթության վրա:

«Չի կարելի բյուջեից 10-15 տոկոս ծախսել ռազմական արդյունաբերության վրա, իսկ հետո ասել՝ 1 տոկոսով կբարձրացնենք կրթության բյուջեն, և կարծել, որ դա բավարար է: Պատկերացրեք մի աշխարհ, որում կրթության վրա ծախսվում է այնքան գումար, որքան պատերազմների վրա: Պարզապես պատկերացրեք դա»,- ասաց Իսրայելյանը ու հավաստիացրեց, որ պատերազմների գլխավոր պատճառը նաև կրթության ոչ լիարժեքությունն է:



Անդրադառնալով գիտության հանրայնացման կարևոր առաքելությանը` Իսրայելյանը շեշտեց, որ այստեղ մեծ գործ ունեն անելու ոչ միայն գիտնականները, այլև լրատվամիջոցներն ու կառավարությունները։

Ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը, որը տեսակապով միացավ ասուլիսին, շեշտեց, որ գիտությունը և երաժշտությունը միշտ միասին են եղել, ու դրա մասին չպետք է մոռանալ:



Նա ընդգծեց, որ երաժշտությունը բարդ կառուցվածք ունի, և դրանում քիչ տոկոս չի կազմում գիտությունը:

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անցկացվելու է Երևանում սեպտեմբերի 5-10-ը։ Այն կրելու է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (Փրոփ-Էմ) ռոբոտը։



STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Սթիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ։ Այն անցկացվում է 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակում նրանք հանրությանն են ներկայացնում իրենց գիտելիքները, փորձն ու նորագույն հայտնագործությունները։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։