UWW-ն ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների շարքում նշել է Հայաստանի 3 ըմբիշի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

UWW-ն ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների շարքում նշել է Հայաստանի 3 ըմբիշի




Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 10-ին մեկնարկող աշխարհի առաջնությունից առաջ Ըմբշամարտի միացյալ աշխարհը (UWW) ներկայացրել է հունահռոմեականների պայքարում մեդալների գլխավոր հավակնորդներին, որոնց թվում են Հայաստանի 3 ներկայացուցիչներ, ինչպես նաև Բուլղարիան և Լեհաստանը ներկայացնող հայ մարզիկներ։

Առանձնակի անդրադարձ է կատարվել Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանին (97 կգ)։ Նշվում է, որ 30-ամյա գյումրեցին վերջին մեկ տարվա ընթացքում չի դրսևորել մրցումային ակտիվություն, ինչն, ըստ վերլուծաբանի, հնարավոր է նաև դրական գործոն լինի։

«Հիմա հայ դյուցազունին անհրաժեշտ է նախկինից ավելի շատ հոգալ իր օրգանիզմի մասին։ Վերջին շրջանում միայն մեկ ըմբիշ է նրա պես առաջատար եղել, սակայն այս տարի նա մասնակիցների թվում չէ։ Արդյո՞ք դա հնարավորություն է գալիք առաջնությունում նախամեկնարկային 4-րդ դիրքում գտնվող Ալեքսանյանի համար։ Ինչո՞ւ ոչ։ Նրա փորձն ու գիտելիքները համապատասխանում են նման մրցաշարում հաղթելուն»,- նշել է հոդվածագիրը։

97 կգ քաշային կարգի մյուս ֆավորիտներ են համարվում Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, իրանցի Մոհամադհադի Սարավին, աշխարհի փոխչեմպիոն հունգարացի Ալեքս Զյոկեն և օլիմպիական մեկ այլ բրոնզե մրցանակակիր Տադեուշ Միխալիկը (Լեհաստան)։

Կատարողների մակարդակով ավանդաբար ամենավառերից մեկն է համարվում 77 կգ քաշային կարգը։ Այստեղ նշված մարզիկների թվում է Եվրոպայի գործող չեմպիոն, 72 կգ քաշային կարգում աշխարհի 2021 թվականի չեմպիոն Մալխաս Ամոյանը։ Նա աշխարհի առաջնություններում առաջին անգամ է մասնակցելու 77 կգ քաշայինների պայքարին։ Նշվում է, որ Ամոյանն ունակ է ապացուցելու, որ նոր քաշում առաջին իսկ փորձից ոսկե մեդալ նվաճելը միանգամայն իրատեսական է։

Մրցանակային տեղի համար պայքարում Ամոյանի հավանական մրցակիցներից է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանը։

67 կգ քաշային կարգում մեդալի հավակնորդներից է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների բրոնզե մրցանակակիր Սլավիկ Գալստյանը։

Իսկ 72 կգ քաշային կարգի առաջատարներից է Լեհաստանի դրոշի ներքո հանդես եկող աշխարհի անցյալ տարվա բրոնզե մեդալակիր Գևորգ Սահակյանը։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գևորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ), Արթուր Ալեքսանյան (97 կգ), Դավիթ Օվասափյան (130 կգ) կազմով մրցավայր է մեկնելու սեպտեմբերի 8-ին։