Բենը և Իննան ամուսնացան ու հասան իրենց երջանկությանը, իսկ 2-րդ եթերաշրջանում կլինի այլ պատմություն․ «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալը վերադառնում է 2-րդ եթերաշրջանով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Բենը և Իննան ամուսնացան ու հասան իրենց երջանկությանը, իսկ 2-րդ եթերաշրջանում կլինի այլ պատմություն․ «Կհանդիպենք անտառի տնակում» սերիալը վերադառնում է 2-րդ եթերաշրջանով




Հայ լսարաններին հայտնի ու սիրված դերասաններն այժմ Լոռվա Քարինջ գյուղում են և շուտով «Կհանդիպենք անտառի տնակում» 2-րդ եթերաշրջանը կվերադառնա հեռուստաէկրաններ:

Tert.am Life-ի հետ զրույցում սերիալի սցենարիստ Անի Մաղաքյանը պատմել է նոր մանրամասներ հեռուստասերիալի մասին:

-Ովքե՞ր են այս եթերաշրջանի գլխավոր հերոսները:

-Այս եթերաշրջանի գլխավոր հերոսուհու՝ Լիլիթի դերը մարմնավորելու է դերասանուհի Մարիամ Ադամյանը ում կյանքը և կենսակերպը շատ է տարբերվում իր հասակակիցների կյանքից, դեպքերի բերումով նա հայտնվում է Լեռնաբերդում և գյուղի սրտաբաց ու յուրահատուկ բնակիչների շնորհիվ սովորում է կրկին ապրել։ Այս անգամ գլխավոր հերոսը առաջին եթերաշրջանից սիրված Մոսոն է՝ Կարեն Ճաղարյանը։



-Շարունակվելու է արդյո՞ք Բենի և Իննայի հերոսների պատմությունը:

-Բենի և Իննայի հերոսները հասան իրենց երջանկությանը, նրանք ամուսնացել են և երկրորդ եթերաշրջանի դեպքերի ժամանակ գտնվում են հարսանեկան ճամփորդության մեջ, փոխարենը կտեսնենք Նելլիին և Անուշիկին՝ Բենի հերոսի մորն ու քրոջը։ Նրանց շուրջ նույնպես հետաքրքիր դեպքեր են ծավալվում:



-Նախորդ եթերաշրջանի հատկանշական կետերից էր նաև նկարահանումների վայրը, քանի որ դերասանական անձնակազմն օրեր շարունակ այլ մարզում էր:

- Գործողությունները կրկին զարգանում են Լեռնաբերդում։ Նկարահանումները ինչպես և նախկինում անցել են Լոռվա Քարինջ գյուղում։ Նկարահանումներ ունենք նաև Երևանում։

-Ինչո՞վ է տարբերվում այս սերիալը ցուցադրվող մի շարք այլ հեռուստասերիալներից:

-Հեռուստադիտողը պետք է դիտի, որովհետև այս նախագծի վրա նույնպես աշխատել է արդեն սիրված ստեղծագործական թիմը։ Կարծում եմ մեր համատեղ աշխատանքը արդեն հասցրել է վստահություն ներշնչել առաջին եթերաշրջանից և «Ապրիր ինձ հետ» նախագծերից։ Իսկ առանցքում մարդու կյանքն է՝ իր դրական ու բացասական կողմերով։ Կոնտրաստը քաղաքի ու գյուղի մեջ, բնությանը ձուլված, բնության ռիթմով նրա հետ ներդաշնակ ապրող մարդու և անվերջ ինչ-որ տեղ շտապող, կամ հակառակը՝ կյանքի ռիթմը կորցրած մարդու միջև եղած հեռավորությունն ու միևնույն ժամանակ ընդհանրությունները։



- Տեղյակ եմ, որ նկարահանումներին միացել են նոր դերասաններ, պատմեք մի փոքր իրենց դերակատարման մասին:

-Միկան, Վարուժը և Հայկը նոր հերոսներ են, ովքեր նոր գույներ են ավելացրել արդեն սիրված նախագծին։ Վարուժի և Հայկի կերպարները երկու ընկերներ են հարևան «Բազմաշեն» գյուղից (գյուղի անունը հորինված է), ովքեր բախտի բերումով հայտնվում են Լեռնաբերդում ու սրտի կանչով ամեն անգամ վերադառնում այնտեղ։ Միկայի կերպարը շատ եմ սիրում, թեև մի քիչ չափազանցված եմ նկարագրել, բայց յուրահատուկ ու հետաքրքիր կերպար է ստացվել, ինչը կարծում եմ Միկան ավելի է հագեցրել։ Նախորդ եթերաշրջանից կլինեն Ջուլիա Եղշատյանը, Կարեն Ճաղարյանը, Ալինա Ավետիսյանը, Լիա Զախարյանը, Ռոբերտ Հակոբյանը և այլն: