Երևանում մեկնարկել է STARMUS VI փառատոնը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանում մեկնարկել է STARMUS VI փառատոնը




Մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է STARMUS VI փառատոնը, որը նվիրված է գիտությանը և երաժշտությանը։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում են Հայաստանի վարչապետը, նախագահը, Ազգային ժողովի նախագահը, բարձրաստիճան այլ անձինք: Բացման խոսքով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասել է, որ STARMUS-ի նպատակները համընկնում են Հայաստանի կառավարության ռազմավարական տեսլականին։

«STARMUS-ը որպես նպատակ է ձևակերպել հետազոտողների նոր սերնդին ներշնչելը ու կրթելը, հայտնագործությունների ոգին ամրապնդելը և հզորացնելը։ Սա լիարժեք համընկնում է մեր տեսլականի հետ, որովհետև շարունակաբար մեծացնում ենք գիտության, կրթության ֆինանսավորումը։ 2022 թ․ պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը ավելացել է շուրջ 83 տոկոսով։ Լայնածավալ բարեփոխումներ են ձեռնարկվում կրթության ոլորտում։ STARMUS-ը մեկ հարթակի վրա է դնում արվեստը և գիտությունը, ցանկանում է տաղանդավոր մարդկանց ներգրավմամբ ոգևորել նոր տաղանդներին, գիտությունը ավելի ու ավելի շատ մոտեցնել մարդուն և այն դարձնել երջանկության գործիք։ Սա նաև մեր կառավարության տեսլականն է»,- ասաց վարչապետը։



Կառավարությունը ցանկանում է, որ Հայաստանում ավելի շատ երիտասարդներ զբաղվեն գիտությամբ

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը ցանկանում է, որպեսզի Հայաստանում ավելի ու ավելի շատ երիտասարդներ զբաղվեն գիտությամբ, հետազոտությամբ, տեխնոլոգիաներով։ «Մենք ուզում ենք, որ ավելին իմանալը, ավելին ստեղծելը դառնա յուրաքանչյուրի տրամադրությունը Հայաստանում։ STARMUS-ը ցանկանում է ձևակերպել հնարավորինս բարձր և նույնիսկ անսպասելի հարցեր։ Եվ մեր տեսլականն է, որ միայն չձևակերպած հարցեր ձևակերպելով և այդ հարցերին ուղիղ և ազնիվ պատասխանելով է, որ Հայաստանը կկարողանանք դարձնել մեր երազանքներին երկիր։ Եվ այս իմաստով սա բոլորիս համար հանդիպում է ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում»,- շեշտեց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հույս հայտնեց, որ փառատոնի հյուրերից շատերին կտեսնի Հայաստանի նորացող բուհական, կրթական համակարգում դասախոսելիս, մեր երկրի բեմերում հյուրախաղերով հանդես գալիս, մեր հետազոտական, գիտական ծրագրերի մեջ ներգրավված։ «Նաև հույս ունեմ, որ փառատոնի արդյունքներով մեր ավելի ու ավելի շատ հետազոտողներ կներգրավվեն միջազգային նախագծերի մեջ»,- եզրափակեց Փաշինյանը։



STARMUS-ը կոգեշնչի հայկական ՏՏ հսկաների, ստարտափերի նոր սերնդին

Ելույթով հանդես եկավ նաև STARMUS-ի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը։ Նա նշեց, որ գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնը Հայաստանում է՝ ոգեշնչելու երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին, որովհետև Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են:

Գարիկ Իսրայելյանը նախ ընդգծեց, որ երկար ժամանակ է, ինչ սպասում էին STARMUS-ի անցկացմանը Հայաստանում: «Ես ոգեշնչվել եմ Հայաստանում: STARMUS-ի հաջողության մի մասը Հայաստանի շնորհիվ է: Ես ոգեշնչվել եմ մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանից, հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանից, Կոմիտասից, շատ-շատերից»,- ասաց նա։

Խոսելով STARMUS-ի՝ Հայաստանում անցկացման ամենակարևոր ուղերձի մասին՝ Իսրայելանն ասաց. «STARMUS-ը Հայաստանում է, քանի որ ես հավատում եմ, հավատացած եմ, որ Հայաստանի նման փոքր երկրի ապագան գիտությունն ու տեխնոլոգիաներն են: Աշխարհում շատ երկրներ հարուստ են նավթով, գազով, Հայաստանն այդ առումով հարուստ չէ, Հայաստանը հարուստ է մարդկանցով: STARMUS-ն այստեղ է՝ ոգեշնչելու հայկական տեխնոլոգիական հսկաների, հայկական ստարտափերի նոր սերնդին: Սա Հայաստանի պատմության առանցքային պահն է՝ STARMUS-ի նման փառատոնը բերելու այս փոքրիկ երկիր և ոգեշնչելու այս երկրի գիտնականների և արվեստագետների նոր սերնդին»:

Գարիկ Իսրայելյանն ընդգծեց, որ հայերը շատ լավ ոգեշնչում են, շատ քիչ մարդիկ գիտեն, որ անձը, որը ոգեշնչել է Սթիվեն Հոքինգին՝ զբաղվելու գիտությամբ, եղել է հենց հայ: «Ավելի ուշ Սթիվեն Հոքինգը ոգեշնչեց ինձ՝ հիմնելու STARMUS փառատոնը»,- ասաց Իսրայելյանը՝ հավելելով, որ կցանցանար, որպեսզի մոտ ապագայում՝ հինգ կամ տասը տարի հետո, երբ գիտնական հրավիրեն Հայաստան, դահլիճը լի լինի մարդկանցով:



Բրայան Մեյն արժանացավ Սթիվեն Հոքինքի մեդալի

Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը փառատոնի շրջանակում պարգևատրվեց Սթիվեն Հոքինգի մեդալով՝ գիտության հանրայնացման գործում ունեցած մեծ ավանդի համար: Մեդալը հանձնեց երաժիշտ Ռիք Վեյմանը:

«Սա իսկապես մեծ պատիվ է ինձ համար: Բրայան Մեյ. նա ամենաբարի, ամենալավ մարդն է, որ երբևէ հանդիպել է ինձ»,- ասաց Վեյմանը:

Ծափողջույնների ներքո բեմ բարձրացած Բրայան Մեյը նախ շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ ասելով, որ STARMUS-ը կարևոր է: «Այն միավորում է մեզ, հիշեցնում, որ մենք բոլորս մարդ ենք»,- նշեց նա:

Մեյը նշեց, որ փոքր հասակից հետաքրքրված է եղել և՛ երաժշտությամբ, և՛ աստղագիտությամբ, սակայն նրան ասում էին, որ չի կարող հաջողության հասնել դրանցից և ոչ մեկում: «Ես ապացուցեցի բոլորին, որ նրանք սխալվել են: Այդ իսկ պատճառով այժմ ցանկանում եմ կիսվել այս մեդալով այս դահլիճում գտնվող յուրաքանչյուրի հետ, ով կարծում է, որ գուցե ինքը բավականաչափ լավը չէ»,- ասաց Մեյը:

Նա հիշեցրեց, որ այսօր Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրն է: «Ծնունդդ շնորհավոր, Ֆրեդի: Հաճելի է, որ ես ստացա այս մեդալը հենց նրա ծննդյան օրը»,- ասաց Մեյը:



Սթիվեն Հոքինգի մեդալը շնորհվում է գիտությունը հանրայնացնողներին երեք անվանակարգերում՝ գիտություն, արվեստ և ֆիլմ: Մեդալի մի կողմում պատկերված է երջանկահիշատակ տեսաբան ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի նկարը, իսկ նկարի հեղինակը առաջինը բաց տիեզերք դուրս եկած տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն է։ Մեդալի մյուս կողմում բաց տիեզերքում քայլող Լեոնովն է և երաժշտությունը խորհրդանշող կիթառը: Առաջին անգամ մեդալը հանձնվել է Starmus-ի երրորդ փառատոնի ժամանակ՝ 2016 թ․։ Այս տարիների ընթացքում մեդալին արժանացել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպես SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը, օսկարակիր կոմպոզիտոր Հանս Ցիմերը, աստղաֆիզիկոս Նիլ դե Գրաս Թայսոնը, ֆիզիկոս Ջիմ ալ-Խալիլը, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից մեկը համարվող Ժան Միշել Ժառը։