Մաշա Ենոքյանի ու Արշավիր Գրիգորյանի հարսանիքի հետաքրքիր մանրամասներն ու պարուհու հուզմունքի պատճառը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մաշա Ենոքյանի ու Արշավիր Գրիգորյանի հարսանիքի հետաքրքիր մանրամասներն ու պարուհու հուզմունքի պատճառը




10 տարվա ընկերությունից ու սիրո մեծ ճանապարհից հետո օգոստոսի 28-ին պարուհի Մաշա Ենոքյանն ու երաժիշտ, պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանը միմյանց տեր եւ հնազանդ լինելու խոստում տվեցին։ Հարսանիքից օրեր առաջ զույգն արդեն հասցրել էր օրինականացնել հարաբերությունները, սակայն թե Մաշայի, թե Արշավիրի համար խորհրդանշական էր, հատկապես, պսակադրության արարողությանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում պարուհին պատմել է իր եւ ամուսնու կյանքի կարեւորագույն օրվա մասին։

Մաշան ու Արշավիրը հարաբերություններն օրինականացրել են հուլիսի 25-ին, եւ պատահական չի եղել այդ օրվա ընտրությունը․



«Դա մեզ համար շատ նշնակալից օր էր, անցած տարի հենց այդ օրն էր Արշավիրն ինձ առաջարկություն արել, եւ որոշեցինք այս տարի նույն ամսաթվին օրինականացնել մեր հարաբերությունները։ Բացի այդ, ես ունեմ շնիկ՝ Ջեսիկան, որին շատ եմ սիրում, եւ հարսանիքին մենք չէինք ցանկանում ոչ նրան տանջել, ոչ՝ մեզ, այդ պատճառով էլ Զագսի արարողությունն ու հարսանիքը տարբեր օրեր եղան, որպեսզի այդ օրը շնիկս եւս մեզ հետ լիներ։ Նրա համար հատուկ զգեստ էի ընտրել (ծիծաղում է)»։

Զույգի պսակադրության ամենահուզիչ պահը եկեղեցում Մաշայի՝ «հնազանդ լինելու» խոստում էր, որի ժամանակ պարուհին չի կարողացել զսպել արցունքները։ Տեսանյութը հայտնվել էր TikTok-ում ու լայն տարածում գտել համացանցում։



«Ընդհանրապես չէի պատկերացնի, որ այդ տեսանյութն այդքան կտարածվեր TikTok-ում։ Ինձ համար, առհասարակ, շատ կարեւոր խորհուրդ ունի հարսանիքը, որովհետեւ այդ բոլոր արարողությունները՝ երբ փեսան առաջին անգամ տեսնում է հարսնացուին զգեստով, մնացած տոնակատարությունները շատ գեղեցիկ են, բայց, ըստ իս, ամենակարեւորն ու խորհրդանշականը եկեղեցի մտնելու պահն է, քանի որ հենց ոտքդ դնում ես այնտեղ, հասկանում ես, թե ինչ լուրջ քայլի ես գնում, որ կատարում ես մի մեծ փոփոխություն, որի համար պատասխանատու եք երկուսդ միասին։ Երբ կանգնած էի խորանի առջեւ ու երեք անգամ պետք է կրկնեի, որ հնազանդ եմ, ուղղակի, շրջվեցի, նայեցի Արշին ու հասկացա, որ, այո, ես, վստահորեն, հնազանդ եմ ու շատ եմ սիրում նրան»,-մեկնաբանելով հոլովակը՝ նշեց Մաշան ու պատմեց նաեւ հարսանեկան զգեստի ընտրության ու արարողության մյուս կարեւոր մանրամասների մասին․



«Կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջիկ այդ նախապատրաստական փուլում մեծ պատասխանատվություն է զգում․ սրահի դիզայնը, հարսանեկան զգեստը, դիմահարդարումը, վարսահարդարումը՝ ամեն ինչ շատ կարեւոր էր ինձ համար, ու այդ հարցում ինձ օգնեցին իմ եւ ամուսնուս մայրերը, իմ հարազատ մարդիկ։ Այն բոլոր պատկերացումները, որոնք ունեցել եմ, իրականացել են։ Ինձ համար կարեւոր էր, որ զգեստս լիներ սպիտակ, նուրբ, միեւնույն ժամանակ՝ գեղեցիկ եւ ընդգծված․․․ Միահամուռ քննարկումների արդյունքում կարողացել ենք ստանալ այն, ինչից գոհ էինք բոլորս»։

Երեկոյի ամենազգացմունքային պահերից էր նաեւ զույգի համատեղ պարը, որը կատարվել է Compass band-ի Sweetie Baby երգի ներքո։ Խումբը, որի անդամներից էր նաեւ Արշավիրը, Հայաստանն այդ երգով էր ներկայացրել «Մանկական Եվրատեսիլ 2012»-ին, իսկ հարսանիքի օրը այն նվիրվել է Մաշային։



«Այդ երգի ներքո եղավ մեր մուտքի պարը, այն վերամշակվել էր, նոր գործիքավորմամբ ներկայացվել եւ, կարելի է ասել, մեր հարսանիքին եղավ նաեւ երգի վերածնունդը։ Sweetie Baby-ն ես փոքրուց էի սիրում ու լսում, հենց այդ երգով եմ սկսել նրանց խումբը ճանաչել։ Մեր վալսի ընթացքում բոլորը, ովքեր ծանոթ էին այդ երգին «Մանկական Եվրատեսիլ»-ից, շատ հուզվել էին, եւ այդ արձագանքը լսելով հասկացանք, որ շատ ճիշտ ընտրություն ենք կատարել»,-ասաց Մաշան։



Զույգն այս պահին Հունաստանում է, որտեղ վայելում է մեղրամիսն ու, ինչպես պարուհին է նշում, փորձում են վերականգնվել աշխատանքային բուռն գրաֆիկից հետո։ Ինչ վերաբերում է կյանքում տեղի ունեցած փոփոխություններին՝ Մաշայի խոսքով՝ իրենց դեպքում դրանք ակնհայտ չեն։

«Մենք բավական երկար տարիներ ընկերություն ենք արել, ճանաչել ենք իրար, եւ մեզ համար հեշտ էր այդ քայլին գնալը։ Լինում են դեպքեր, երբ հարսանիքի նախօրեին աղջիկները մտածում են՝ արդյոք ճի՞շտ ընտրություն են կատարել․․․ Ինձ մոտ այդպես չի եղել։ Ես շատ վստահ եմ եղել իմ քայլի մեջ ու վայրկյան անգամ չեմ երկմտել։ Միակ տարօրինակ, բայց հետաքրքիր պահն այն է, որ տարիներ շարունակ, երբ գալիս էր երեկոն, Արշը միշտ ինձ տուն էր ճանապարհում, հետո հանդիպում էինք հաջորդ օրը, իսկ հիմա անսովոր է, որ միասին ենք գնում տուն (ծիծաղում է)»։