Կարծում էի, որ կհրավիրվեմ հավաքական․ Արամ Քոչարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարծում էի, որ կհրավիրվեմ հավաքական․ Արամ Քոչարյան




Կիսապաշտպան Արամ Քոչարյանը հուլիսին տեղափոխվեց բելառուսական Վիտեբսկ: 26-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս Նորավանքում, որի կազմում դարձավ Հայաստանի գավաթակիր:

Արամ Քոչարյանը ֆուտբոլային քայլերը սկսել է Բանանցում: 2018-ին տեղափոխվել է Արարատ, այնուհետև հանդես է եկել նաև Լոռիում, Գանձասարում, Փյունիկում: Քոչարյանը հանդես է եկել նաև Հայաստանի մինչև 17, 18, 19 ու 21 տարեկանների հավաքականում: Նախորդ տարի նա հրավիրվեց ազգային հավաքական, սակայն վնասվածքի պատճառով դուրս մնաց վերջնական հայտացուցակից:

ArmSport-ի հետ զրույցում ֆուտբոլիստը խոսել է Բելառուսի առաջնության տեղափոխության, Նորավանքի, ինչպես նաև իր հավաքական չհրավիրվելու վերաբերյալ:



-Ինչպե՞ս ստացվեց տեղափոխությունը Վիտեբսկ:

-«Նորավանքում» մեր բելառուս վերլուծաբանի՝ Անտոն Իվանու միջոցով թիմի գլխավոր մարզիչը կապի էր դուրս եկել: Նա զանգեց ինձ ու ասաց, որ մարզիչը հետաքրքրված է ինձանով, իրեն դուր է գալիս իմ խաղն ու ցանկանում է ինձ տեսնել իր թիմում: Մարզիչը զանգահարեց ինձ, խոսեցինք ու եկանք ընդհանուր հայտարարի, որից հետո որոշում կայացրի տեղափոխվել:

-Այդ ընթացքում եղել են այլ առաջարկնե՞ր:

-Այս ընթացքում եղել են այլ առաջարկներ, բայց ինձ համար լավագույն տարբերակը հենց սա է եղել։

-Ինչ համեմատություններ կանցկացնես Հայաստանի ու Բելառուսի առաջնությունների միջև:


Ընդհանուր առմամբ շատ չեն տարբերվում Հայաստանի ու Բելառուսի առաջնությունները: Կարող եմ ասել, որ Բելառուսում ֆուտբոլն ավելի արագ է ու շեշտը հիմնականում դրված է ուժային ֆուտբոլի վրա:



-Դու երկար տարիներ հանդես ես եկել Հայաստանի առաջնությունուն: Ինչ փոփոխություններ են եղել այս ընթացքում առաջնությունում

-Հայաստանի առաջնության մակարդակը վերջին տարիների բավականին բարձրացել է։ Իմ կարծիքով հիմնական պատճառը վերջին տարիներին որակյալ լեգիոներների ներկայությունն է։

-Վերջին խաղերում լինում ես թիմի մեկնարկային կազմում, թիմը նոր մարզիչ ունի: Ի՞նչ կասես այս մասին:

-«Նորավանքից» հետո երկար ժամանակ մարզվում էի անահատական ծրագրով ու Բելառուս տեղափոխվելուց հետո նոր դեռ լավագույն մարզավիճակում չէի։ Աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերեցի ու տեղ գտա մեկնարկային կազմում:

-Ի՞նչ խնդիր է դրված թիմի առաջ:


-Առաջնության սկիզբը շատ վատ դասավորվեց մեր թիմի համար ու շատ միավորների կորուստներ եղան: Այս պահին թիմի առաջ խնդիր է դրված պահպանել տեղը Բարձրագույն լիգայում:



-Նախորդ մրցաշրջանում Նորավանքի կազմում դարձար գավաթակիր, բայց անակնկալ կերպով ակումբը լուծարվեց: Ինչպե՞ս ընդունեցին ֆուտբոլիստներն այս փաստը:

– Անկեղծ ասած վերջին ամիսներին իմ ցավոտ թեման է «Նորավանքի» լուծարումը: Մեծ ծավալի աշխատանք էր կատարվել մարզչական շտաբի, ֆուտբոլիստների կողմից և դա տվեց իր արդյունքը, սակայն ամեն ինչ «ջուրն ընկավ»: Բնականաբար, բոլորս շատ ծանր ընդունեցինք այդ փաստը: Մինչև հիմա էլ հիշում ենք ու ափսոսում, թե ինչպես թիմը դադարեցրեց ելույթները գավաթը նվաճելուց հետո:

-Նախորդ տարի դու հրավիրվեցիր հավաքական, սակայն վնասվածքի պատճառով դուրս մնացիր հայտացուցակից ու դրանից հետո հրավեր չես ստացել: Սպասելի՞ էր հավաքականի մարզչի այս որոշումը քեզ համար:

-Այս անգամ սպասում էի հրավերի, քանի որ շատ լավ մարզավիճակում եմ ու խաղային պրակտիկայի պակաս չունեմ: Ամեն դեպքում, հույսս չեմ կորցնում ու կսպասեմ հաջորդ հանդիպումներին, քանի որ ցանկացած ֆուտբոլիստի համար երազանք է հավաքականում խաղալը: