Կանգնե՛ք Հայաստանի կողքին․ հայ դիզայներները Իտալիայում նորաձևության միջոցառման ժամանակ հանդես են եկել կոչով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կանգնե՛ք Հայաստանի կողքին․ հայ դիզայներները Իտալիայում նորաձևության միջոցառման ժամանակ հանդես են եկել կոչով




Միլանում ընթացող Emerging Talents Milan նորաձևության միջոցառման ընթացքում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել են հայաստանցի դիզայներների աշխատանքները, որոնք ցուցադրության ժամանակ աշխարհին կոչ են արել Հայաստանի կողքին լինել՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան:

Շոուի մասնակիցների թվում են եղել դիզայներներ Վահան Խաչատրյանը, Ֆաինա Հարությունյանն ու Արևիկ Սիմոնյանը։

Նախքան ցուցադրությունը սկսելը, հայկական նորաձևության ներկայացուցիչները նախևառաջ բեմ են բարձրացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը պատկերող հեղինակային շապիկներով։ Շապիկների վրա գրառումները արել է հայկական ծագում ունեցող իտալացի նկարիչ Լիանա Ղուկասյանը

Հայ դիզայներները իրենց ուղերձում կոչ են արել գործընկերներին կանգնել Հայաստանի կողքին և դատապարտել ադրբեջանական ագրեսիան։ Շապիկներին գրված է եղել՝ «Կանգնեք Հայաստանի կողքին», «Ղարաբաղը ձեզ համար տարածք է, ինձ համար իմ օջախն է», ինչպես նաև այլ գրառումներ, որոնք վերաբերել են Հայաստանին։





Հայաստանի նորաձևության և դիզայնի պալատի ներկայացուցիչները այս առիթով նաև հայտարարություն են տարածել:

«2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը սկսեց լայնածավալ ագրեսիա և ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հարյուրավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ են զոհվում և վիրավորվում, քաղաքացիական անձանց տներն ու ենթակառուցվածքներն են գնդակոծվում և ավերվում։ Հաղորդվում է, որ սպանվել է 3 երեխաների մայր մեկ կին։ Ադրբեջանցի զինվորները նրան անդամահատել են, կտրել ոտքերը, մատները։ Մենք այստեղ ենք՝ Emerging Talents Milan-ում, տոնելու գեղեցկությունը և դատապարտում ենք ցանկացած տեսակի բռնություն: Մենք Հայաստանի հետ ենք»,- ասված է հաղորդագրության մեջ:



Բացի այս ցուցադրությունից, Իտալիայի նորաձևության շաբաթում կցուցադրվեն նաև հայ դիզայներների ArigaTo, RŪZANE, Loom Weaving, SONČESS, Nelly Serobyan ապրանքանիշերը։



Ծրագրում նաև հայկական 8 ապրանքանիշերի համատեղ մեծ ցուցադրություն է նախատեսված, ինչպես նաև մասնակցություն բիզնես ֆորումին և իտալական գործարաններով ուսումնական էքսկուրսիա։