Լրահոս

Շակիրան առաջին անգամ խոսել է Պիկեից բաժանվելու մասին




Շակիրան առաջին անգամ հարցազրույց է տվել Ժերար Պիկեից բաժանվելուց հետո: 45-ամյա երգչուհին հայտնվել է Elle ամսագրի շապիկին ու պատմել, թե ինչերի միջով է անցնում:

Նա եւ «Բարսելոնայի» 35-ամյա պաշտպանը միասին ապրել են 11 տարուց ավելի եւ 2 որդի ունեն. Միլանը 9 տարեկան է, իսկ Սաշան՝ 7:

«Առաջին անգամ եմ այս իրավիճակի մասին խոսում: Լռում էի ու փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում: Դեռ դժվար է բարձրաձայնել. շարունակում եմ այդ ամենը հաղթահարել: Մեր բաժանումը սովորականի նման չէ, բարդ էր ոչ միայն ինձ համար, այլ նաեւ՝ երեխաների: Շատ դժվար:



Փորձում էի նրանց հեռու պահել այդ ամենից եւ պաշտպանել, քանի որ ամենակարեւորն են ինձ համար: Բայց դպրոցում միեւնույն է՝ ընկերներից տարբեր բաներ են լսում կամ էլ համացանցում տհաճ լուրերի հանդիպում, ու այդ ամենն ազդում է նրանց վրա, հասկանո՞ւմ եք: Երբեմն մտածում եմ, որ վատ երազ է, ու որեւէ պահի կարթնանամ, բայց այս ամենն իրականություն է: Հավանական է, որ իմ կյանքի ամենամութ շրջանն է:

Անկախ նրանից, թե մեր միջեւ ինչ է տեղի ունեցել, Ժերարն իմ երեխաների հայրն է: Մենք պարտավորություններ ունենք այդ երկու հիանալի երեխաների առաջ, հավատում եմ, որ կհասկանանք, թե ինչն է լավ նրանց ապագայի համար»:

Երգչուհին խոստովանել է, որ երեխաները դժվարությամբ են համակերպվել ծնողների բաժանմանը, իսկ ինքը վիրավորված է, որ դա տեղի է ունեցել իր համար ծանր շրջանում:

«Մեծ հիասթափություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ ինձ համար այդքան հատուկ ու սուրբ թվացող ամեն ինչն որքան է ուռճացվել են ու գռեհիկ դարձել մեդիայում: Ու դա այն ընթացքում, երբ հայրս ինտենսիվ թերապիայի բաժանմունքում էր, ես էլ տարբեր խնդիրների դեմ էի պայքարում:



Մտածում եմ բոլոր այն կանանց մասին, որոնք եւս նման կամ ավելի վատ իրավիճակում են հայտնվել: Ինձ պես կանանց համար, որոնք հավատում են ընտանեկան արժեքներին ու ցանկացել են ողջ կյանքի համար ընտանիք կազմել, տեսնել, որ այդ երազանքը փշրվել է, ամենացավոտ բանն է: Բայց կարծում եմ, որ կանայք ամուր են, մենք ի ծնե ենք այդպիսին:

Ամեն ինչ հաղթահարում եմ հենց տղաներիս շնորհիվ, քանի որ նրանց համար պետք է օրինակ լինեմ: Ուզում եմ նաեւ լինել բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր սեր ու աջակցություն են ցուցաբերել այս ընթացքում: Դա իմ ամենամեծ ուժն է ու այս պահին առաջ տանող կարեւոր խթանը»:



Շակիրան նաեւ պատմել է, որ որոշակի պահի ստիպված է եղել զոհել իր կարիերան, որպեսզի Պիկեն կենտրոնանա ֆուտբոլի վրա ու կարողանա հաջողությունների հասնել:

«Ժերարն ուզում էր խաղալ ու տիտղոսներ նվաճել: Մեզնից մեկը պետք է գնար այդ զոհողությանը, ու ես դա արեցի: Իմ կարիերան երկրորդ պլան մղեցի ու մեկնեցի Իսպանիա, որպեսզի աջակցեմ նրան: Դա սիրո դրսեւորում էր»: