Խոակին Կապառոսը պատասխանել է «Վիվառո Մեդիա»-ի լրագրողի հարցերին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խոակին Կապառոսը պատասխանել է «Վիվառո Մեդիա»-ի լրագրողի հարցերին




Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է «Վիվառո Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Արամ Սահակյանի հարցերին Ուկրաինայի դեմ ֆուտբոլի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղից հետո:

Հիշեցնենք, որ Հայաստանը հավաքականն ուկրաինացիներին պարտվել էր 0-5 հաշվով:

- Առաջին 20 րոպեների ընթացքում հավաքականը լավ ֆուտբոլ էր խաղում, որոշ դրվագներում նույնիսկ գերազանցում էր մրցակցին, սակայն եղավ գոլն, ու ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Ինչպե՞ս կգնահատեք խաղը:

- Շատ ճիշտ եք վերլուծում խաղը: Հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություններ ունեինք, սակայն գոլը փոխեց ամեն ինչ: Շատ ծանր պարտություն էր: Մրցակիցը 5 անգամ մոտեցավ մեր դարպասին ու 5 գոլ խփեց: Յուրչենկոն չկարողացավ փրկել մեզ:

- Կա տպավորություն, որ այս խաղում շատ էր զգացվում Էդուարդ Սպերցյանի ու Վարազդատ Հարոյանի բացակայությունը: Եթե նրանք լինեին, հնարավո՞ր է պատկերն այլ լիներ:

- Ֆուտբոլում պետք չէ ենթադրություններով խոսել: Այս պարագայում կարևոր չէ նրանք խաղադաշտում էին, թե ոչ:

- Մի քանի օրից Իռլանդիայի դեմ խաղն է: Հայաստանի հավաքականը պետք է հաղթի, որ պահպանի տեղը B դիվիզիոնում: Ինչպե՞ս եք թիմին տրամադրելու այդ խաղին:

- Մոտիվացիայի խնդիր չկա: Մենք պաշտպանում ենք Հայաստանի հավաքականի մարզաշապիկի պատիվը, միավորներն էլ նշանակություն ունեն 2024 թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի համար: B դիվիզիոնը շատ ուժեղ է. մյուս խաղարկությունում այստեղ է խաղալու նաև Անգլիայի հավաքականը:

- Շատ հնարավոր է, որ սա Ձեր վերջին տնային խաղն էր, քանի որ նոյեմբերին ավարտվում է պայմանագրի ժամկետը: Շնորհակալություն ենք հայտնում կատարած աշխատանքի համար, հաճելի էր Ձեզ տեսնել Հայաստանում:

- Ես պետք է շնորհակալություն հայտնեմ: Շատ հաճելի էր լինել ու աշխատել Հայաստանում:

Վերջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 27-ին Դուբլինում կմրցի Իռլանդիայի հավաքականի հետ և միայն հաղթանակի դեպքում կպահպանի տեղը B դիվիզիոնում։