Կապառոսի օրոք ՀՀ հավաքականը նոր հակառեկորդներ սահմանեց. Հայաստան-Ուկրաինա խաղը՝ 10 փաստով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կապառոսի օրոք ՀՀ հավաքականը նոր հակառեկորդներ սահմանեց. Հայաստան-Ուկրաինա խաղը՝ 10 փաստով




Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլի Ազգերի լիգայի մրցաշարի 5-րդ տուրում սեփական դաշտում 0-5 խոշոր հաշվով ջախջախիչ պարտություն կրեց ուկրաինացիներից: Դա ՀՀ հավաքականի 4-րդ անընդմեջ պարտությունն էր: 5 խաղից հետո 3 միավորով ՀՀ հավաքականը եզրափակում է B դիվիզիոնի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը: Արդյունքներն օրինաչափ են՝ հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղի որակն այդ հանդիպումներում:

VNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի ազգային հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ խոշոր հաշվով 3 անընդմեջ պարտություն կրեց: Հիշեցնենք, որ մինչև սեփական դաշտում ուկրաինացիներից 5 անպատասխան գնդակ ընդունելը, ՀՀ հավաքականը վերջիններիս հետ Լեհաստանի Լոձ քաղաքում անցկացված խաղում պարտվել էր 0-3 հաշվով, այնուհետև Երևանում զիջել էր շոտլանդացիներին (1-4):

ՀՀ հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Այդ հանդիպումներում մեր ֆուտբոլիստներն ընդամենը մեկ գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 14 գնդակ: Ուկրաինացիներից կրած պարտությունն ամենախոշորն էր Ազգերի լիգայի մրցաշարերում:



2. Խոակին Կապառոսի օրոք Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով 7-րդ պարտությունը կրեց, որից 6-ը՝ պաշտոնական մրցումներում: Այդ ցուցանիշով իսպանացի մարզիչը գերազանցեց մինչև այդ վատագույն արդյունքն ունեցող Խորեն Հովհաննիսյանին, որի գլխավորությամբ ՀՀ հավաքականը 6 անգամ էր խոշոր հաշվով պարտվել:

Հիշեցնենք, որ Կապառոսի գլխավորությամբ ՀՀ հավաքականը նախկինում պարտվել էր նաև Գերմանիայի (0-6, 1-4), Հս. Մակեդոնիայի (0-5) և Նորվեգիայի (0-9) հավաքականներին: Խոշոր հաշվով պարտված 7 հանդիպումներում Հայաստանի հավաքականն ընդամենը 2 գոլ է խփել, սեփական դարպասը բաց է թողել 36 գնդակ:

Իսկ ընդհանրապես ՀՀ հավաքականը գլխավորած 20 մարզիչներից միայն 3-ին՝ Էդուարդ Մարգարովին (6 խաղ), Անդրանիկ Ադամյանին (2 խաղ) և Օսկար Լոպեսին (2 խաղ) է հաջողվել խուսափել խոշոր հաշվով պարտվելուց:



3. Խոշոր հաշվով հերթական պարտությունը 42-րդն էր ՀՀ հավաքականի անցկացրած 236 հանդիպումներում: ՀՀ հավաքականը կրկնեց սեփական դաշտում կրած իր ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը: Նախկինում հավաքականը Երևանում պարտվել էր ռումինացիներին (0-5, 2016թ., Վարուժան Սուքիասյանի օրոք), լեհերին (1-6, 2017թ., Արթուր Պետրոսյան) և հյուսիսմակեդոնացիներին (0-5, 2021թ., Խոակին Կապառոս):

4. Խոակին Կապառոսի օրոք Հայաստանի ազգային հավաքականը վերջին 10 հանդիպումներում ընդամենը 2 հաղթանակ է տարել՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով Չեռնոգորիայի և Իռլանդիայի հավաքականներին: Մնացած 8 խաղերում հավաքականը պարտվել է, որից 6-ում՝ խոշոր հաշվով: Այդ խաղերում ՀՀ հավաքականն ընդամենը 4 գոլ է խփել, բաց է թողել 33 գնդակ:



5. Հայաստանի և Ուկրաինայի հավաքականները 10-րդ անգամ մրցավեճի բռնվեցին: Մեր ֆուտբոլիստները 7-րդ պարտությունը կրեցին ուկրաինացիներից, որոնց դեռ չեն կարողացել հաղթել՝ ընդամենը 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: ՀՀ հավաքականն ընդամենը 8 անգամ է գրավել ուկրաինացիների դարպասը, սեփականը բաց թողնելով 25 գնդակ:

Ուկրաինացիների հետ մրցախաղերում ՀՀ հավաքականը խոշոր հաշվով 3-րդ պարտությունը կրեց, որն ամենախոշորն էր: Առաջինը գրանցվել էր 2001թ. սեպտեմբերի 5-ին Լվովում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում ուկրաինացիները 3 անպատասխան գնդակ էին ուղարկել Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Այդ խաղում մեր հավաքականի մարզիչը Վարուժան Սուքիասյանն էր: Խոշոր հաշվով 2-րդ պարտությունը ՀՀ հավաքականը կրել էր այս տարվա հունիսի 11-ին լեհական Լոձում կայացած Ազգերի լիգայի մրցախաղում (0-3):

6. Սեփական դաշտում ՀՀ հավաքականը 3-րդ անգամ պարտվեց ուկրաինացիներին: Առաջին պարտությունը (0-2) գրանցվել էր 1997թ. հոկտեմբերի 11-ին «Հրազդանում» կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում հավաքականի մարզիչը Խորեն Հովհաննիսյանն էր: Երկրորդ պարտությունը (2-3) ՀՀ հավաքականը կրել է Վարուժան Սուքիասյանի օրոք 2000թ. հոկտեմբերի 7-ին «Հանրապետականում» կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում:



7. Ուկրաինացիների հետ անցկացված վերջին 3 խաղերում էլ ՀՀ հավաքականը պարտվել է: Առաջին անգամ ուկրաինացիներին հաջողվեց 5 գոլ խփել ՀՀ հավաքականին: Մինչև այդ ուկրաինացիներին մեկ խաղում առավելագույնը 4 անգամ էր հաջողվել գրավել ՀՀ հավաքականի դարպասը: Դա տեղի էր ունեցել 2003թ. հունիսի 7-ին Լվովում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում ուկրաինացիները հաղթել էին 4-3 հաշվով:

Ուկրաինացիների հետ մրցախաղերում ՀՀ հավաքականը վերջին անգամ միավոր է վաստակել 2002թ. սեպտեմբերի 7-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում (2-2), որում մեր ֆուտբոլիստների գործողությունները ղեկավարում էր արգենտինացի Օսկար Լոպեսը:

8. Արտակ Գրիգորյանն ընդգրկվեց Հայաստանի հավաքականում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: Ուկրաինացիների հետ հանդիպման ժամանակ նա 34 տարեկան 340 օրական էր: Արտակը տասնյակից դուրս մղեց Համլետ Մխիթարյանին, որը հավաքականում վերջին խաղն անցկացրել էր 34 տարեկան 287 օրականում:



ՀՀ հավաքականի ներկայիս կազմից ամենատարեցը Դավիթ Յուրչենկոն է (36 տարեկան 181 օրական): Նա եզրափակում է հավաքականում խաղացած ամենատարեց ֆուտբոլիստների եռյակը: Ցանկը գլխավորում է Ռոման Բերեզովսկին (41 տարեկան 233 օրական), որին հաջորդում է Սարգիս Հովսեփյանը (40 տարեկան 12 օրական):

9. Հրայր Մկոյանը հավաքականի ավագի թևկապով երկրորդ անգամ թիմակիցներին խաղադաշտ դուրս բերեց: Առաջին անգամ գյումրեցի պաշտպանը հավաքականում ավագի թևկապը կրել էր 2016թ. սեպտեմբերի 4-ին Կոպենհագենում դանիացիների հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում:



10. Անդրե Չալըշըրը, Ժիրայր Մարգարյանը, Լուկաս Սելարայանն ու Ժիրայր Շաղոյանը նորամուտը նշեցին Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում: Եթե Չալըշըրը մասնակցել էր Ազգերի լիգայի նախորդ երկու խաղարկություններին, ապա մյուս երեք ֆուտբոլիստներն այդ մրցաշարում առաջին հանդիպումներն անցկացրին:

Ազգերի լիգայի մրցաշարերում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (14) Տիգրան Բարսեղյանը հավասարվեց ռեկորդակիր Վարազդատ Հարոյանին, որը որակազրկման պատճառով չմասնակցեց ուկրաինացիների հետ հանդիպմանը:



Խոակին Կապառոսն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում խաղադաշտ է դուրս բերել 26 ֆուտբոլիստի: Նրանցից միայն 6-ը՝ Դավիթ Յուրչենկոն, Հրայր Մկոյանը, Արտակ Դաշյանը, Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանն ու Վահան Բիչախչյանն են մասնակցել բոլոր 5 խաղերին: Ընդ որում Դավիթ Յուրչենկոն առանց փոխարինման է խաղացել: